RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 14-09-2018



ԳՆԱՀԱՏՈՒՄ

Տեղադրվել է` 2018-09-13 23:24:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2410, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՄՇԱԿԸ. ՆԻԿՈՂՈՍ ԹԱՇՉՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի 9-ին հայ կոմպոզիտոր, մանկավարժ, եկեղեցական երգերի մեծ վարպետ Նիկողոս (Նիկողայոս) Թաշչյանի հիշատակի օրն էր: Թե որքան մեծ է այս մարդու վաստակը, դժվար է ասել: Թերեւս վկայակոչենք միայն այն, որ նա գործել ու արարել է նախքան Կոմիտասը եւ հայ երաժշտական դպրոցի մի շարք հանճարների երեւան գալը:

Նիկողոս Թաշչյանը ծնվել է 1841 թ. հունիսի 17-ին Պոլսում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Խաս Գյուղ թաղամասում գտնվող Ներսեսյան երկսեռ երկրորդական վարժարանում, որտեղ ուսուցանվում էր հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բարոյագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, իմաստասիրություն, կրոն, ազգային եւ տիեզերական պատմություն եւ այլն: Նա այդտեղ աշակերտում է հայ երաժշտագետ, կոմպոզիտոր Գարբրիել Երանյանին, որի հաջորդն էլ հանդիսացավ ինքը: Ստանալով բավարար կրթություն, Թաշչյանը նվիրվում է մանկավարժությանը, երաժշտություն ուսուցանում հայկական տարբեր դպրոցներում:

Եղբորՙ Հակոբիկ Թաշչյանի հետ 1861թ. հրատարակել է «Նվագ օսմանյան» կիսամյա հանդեսը: Նույն թվականին իր ուսուցչիՙ Գ. Երանյանի հետ հաջողում է հրատարակել նաեւ «Քնար հայկական» երաժշտական պարբերականը: Երկու տարի անցՙ 1863 թ., Վարդան Փափազյանի եւ Տիգրան Չուխաջյանի հետ հրատարակում է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը: Նշված հանդեսները տպագրվում էին վիմատիպ, պարունակում հայերեն եւ թուրքերեն երգեր (ի դեպ, «Օսմանյան երաժշտության» մեջ ներառվել են նաեւ Տիգրան Չուխաջյանի մի քանի երկեր): 1864 թ. «Ժամանակ» պարբերականում տպագրել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ:

Այնուհետեւ, որպես ուսուցիչ, աշխատում է Սկյուտարի Մեզպուրյան եւ Սամաթիայի Արամյան վարժարաններում, որից հետոՙ 1871 թ. Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան) կաթողիկոսի կողմից հրավիրվում է Ս. Էջմիածինՙ Գեւորգյան ճեմարանում երաժշտություն դասավանդելու: Այստեղ նա ի թիվս այլ աշակերտների դասավանդում է նաեւ հետագայումՙ հայ կոմպոզիտոր, խմբավար եւ մանկավարժ, հայ ազգային երաժշտական դպրոցի երախտավորներից Մակար Եկմալյանին: Հենց Էջմիածնում էլ 1874թ. հրատարակում է իր «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» արժեքավոր ձեռնարկը, ապաՙ իր գործերի գործըՙ «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի եւ ձայնագրյալ շարականը», որը բաղկացած էր հազարից ավել մեծադիր էջերից: Միմյանց հաջորդող ու լրացնող այս գրքերի շնորհիվ ստույգ կորստից փրկվեցին բազմաթիվ ազգային երգեր: 70-ականների վերջին վերադառնում է Պոլիս, 1879թ. ստանձնում է տեղի Մայր եկեղեցու երաժշտապետի պաշտոնը: Իր կարճ կյանքի ընթացքում կարողանում է հեղինակել բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնցից շատերը Եկմալյանն ու Կոմիտասը վերածել են խմբերգերի: Ն. Թաշչյանիՙ հայ ազգային երաժշտական դպրոցին մատուցած ծառայություններից մեկն էլ այն է, որ նոտագրելով հայ ազգային երգերը, ձգտել է հնարավորինս պահել խազերի հին իմաստներն ու նշանակությունը:

Նիկողոս Թաշչյանը Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ վերաձայնավորել է նաեւ հայկական հոգեւոր երգերը , որոնք հրատարակվել են Ս. Էջմիածնումՙ 1874թ.ՙ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի», 1875թ.ՙ «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց. Հայաստանեայց» եւ 1877թ.ՙ «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» հատորներով:

Մահացել է 1885թ.ՙ 44 տարեկան հասակում, Պոլսում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ