ԱՂՋԻԿԸ ԿԻՆՈԽՑԻԿՈՎ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնի այս տարվա շրջանավարտ Մանե Բաղդասարյանի (Մաննե) «Ադապտացիա» վավերագրական կինոնկարն (2017) արձանագրում է դեբյուտային աշխատանքի համար մեր կինոյում գրեթե աննախադեպ մի երեւույթ: Արդեն անցյալ տարի այն ցուցադրվել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի Ուսանողական փառատոնում, Երեւանի «Կին» փառատոնում ճանաչվել տարվա լավագույն հայկական ֆիլմ, Մոսկվայի «Շողարձակող հրեշտակ» փառատոնում ճանաչվել լավագույն վավերագրական ֆիլմ եւ լավագույն դեբյուտ, իսկ Չինաստանի Սուծիան քաղաքի կինոփառատոնում արժանացել «լավագույն մոնտաժ» մրցանակին: Այս տարի «Ադապտացիան» ցուցադրվել է Երեւանի «Ոսկե ծիրան» փառատոնում եւ Մոսկվայի «Ոսկե ասպետ», Սեւաստոպոլի «Հաղթել ենք միասին» եւ Գրենցլանդի «Կինոյի օրեր» միջազգային կինոփառատոներում, ճանաչվել լավագույն վավերագրական ֆիլմ Յարոսլավլի կինոփառատոնում, Սանկտ-Պետերբուրգի «Կինոլիկբեզ» փառատոնում շահել «Ոսկե Ժան-Լյուկ» մրցանակը, արժանացել ժյուրիի հատուկ մրցանակի Ալանիայում (Թուրքիա), հատուկ հիշատակման` Տրեւիզոյի (Իտալիա) միջազգային կինոփառատոնում, Պավլոդարի (Ղազախստան) կարճամետարժ եւ վավերագրական ֆիլմերի «Էրտիս սինեմա» փառատոնում «Լավագույն վավերագրություն» անվանակարգում մտել է առաջին հորիզոնական: «Ադապտացիան» աշնանը ցուցադրվելու է Փարիզում, «Ֆրանկոֆոնիա մետիսե» փառատոնի շրջանակներում, այն վերջերս գնել է Լատվիայի «Արտ Դոկ Մեդիա» կազմակերպությունը... Մաննեն այս տարի ճանաչվել է տարվա լավագույն ուսանող եւ պարգեւատրվել կրթության եւ գիտության նախարարի կողմից, ինչպես նաեւ արժանացել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակինՙ իր համակուրսեցիներ Մանե Գրիգորյանի «Երկնքի եւ երկրի միջեւ» եւ Արթուր Սահակյանի «Քամու հետ» վավերագրական կինոնկարների հետ միասին: Այս երեք շնորհալի երիտասարդներն էլ կինոբեմադրիչ Ռուբեն Գրիգորյանի սաներն են, որոնց խոստումնալից մուտքը կինոաշխարհ, ինչ խոսք, ուրախացնում է բոլորիս եւ լիահույս դարձնում առնվազն վավերագրական հայ կինոյի ապագայի հանդեպ: Կինոարվեստը վաղուց ի վեր ձգտում է լուծել առօրեականության գեղարվեստականացման բարդ եւ հրապուրիչ խնդիրը ոչ թե բեմադրման, այլ զուտ կինեմատոգրաֆիկ միջոցներով, առաջին հերթինՙ մոնտաժի եւ երաժշտական ձեւավորման շնորհիվ: Ու թեեւ դեռեւս 1929-ին Ձիգա Վերտովիՙ դասական եւ քրեստոմատիական դարձած «Մարդը կինոխցիկով» աշխատանքը մատնանշել է այդ խնդրի լուծման ուղիները եւ կարծես սպառել դրանք, վավերագրական տեսանյութին գեղարվեստական արտահայտչականություն տալու ամեն մի նոր փորձ միանգամայն ողջունելի է: Ո՛չ այս, ո՛չ քաղաքի ինքնատիպ մի կինոդիմանկար ստեղծելու առումով «Ադապտացիան» չի հավակնում նորության կամ նորարարության, պարզապես արվեստում իր առաջին քայլերը կատարող կինոխցիկով աղջիկը միանգամից մեզ է պարզում կինոաչքի ի՛ր տեսակը: Եվ 2010-ականների հայ իրականության կինոարտացոլումն, անշուշտ, չէր կարող չունենալ սոցիալական երանգավորում, որը թեեւ գերիշխող չէ «Ադապտացիայում», սակայն նկատելի է բեմադրիչի չեզոք թվացող հայացքում: Մաննեին մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններՙ թարգմանաբար ներկայացնում եմ վերջերս միջազգային հրատարակություններում նրա կինոնկարի վերաբերյալ եղած երկու անդրադարձ: Տրեւիզոյի «Էդերա» կինոփառատոնի կատալոգում Ռաֆաելե Լաձձարունին գրել է. «Երեւան քաղաքըՙ երկրի մայրաքաղաքը, հետազոտվում է իր բաղկացուցիչ տարբեր վայրերում` ճամփորդելով եւ շոշափելով այնտեղ ապրող բազմաթիվ անծանոթ մարդկանց, թափանցելով տարբեր աշխատանքային միջավայրեր, հետապնդելով ադապտացվող առօրյա կյանքի յուրաքանչյուր պահի վրա կենտրոնանալու ցանկությունը, հստակորենՙ դեպի այն տրամադրությունները, որոնք բնութագրում են մի ընդհանուր գոյություն: Մաննեն դիտում է շուրջը եւ քննում «մի մարդու, մի օր, մի քաղաք, մի ռիթմ, անցյալի ու ապագայի մարդկանցՙ համադրելով տպավորիչ դրվագները սպիտակի ու սեւի մեջ «հում» զգացողությամբ, մոնտաժելով դրանք մոլեգնությամբ եւ նախնական միտումնավոր աններդաշնակությամբ, եւ քանի որ խոսող լեզուն իսպառ բացակայում էՙ նախընտրում է մետրոյի հնչյուններն ուղեկցել Չեթ Բեյքըրի լավ երաժշտությամբ կամ Բիթլզի երգով, Սատիի սգերգով կամ Խաչատրյանի ֆոլկլորիկ մեղեդիով: Արդյունքը հաճելի կերպով հիշեցնում է 20-30-ական թվականներին եվրոպական ավանգարդում կատարված կինեմատոգրաֆիկ փորձարարությունների որոշակի մի տեսակ»: Իսկ ռուս կինոգետ Եվգենի Մայզելը «Իսկուսստվո կինո» հանդեսում այս տարվա «Ոսկե ծիրանի» մասին գրած իր հանգամանալից հոդվածում գրել է. «Նման զգացումներովՙ թարմության, երիտասարդության, մաքրության, ազատության, հավասարության եւ նույնիսկ մասամբՙ եղբայրության, ներծծված է Երեւանի պետական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի շրջանավարտ Մաննեի (նույն ինքըՙ Մանե Բաղդասարյան) «Ադապտացիան»: Այս ֆիլմը մտել է «Ոսկե ծիրանի» ավանդական ծրագիրՙ «Հայկական համայնապատկեր» (համադրողՙ Արծվի Բախչինյան), որն ի մի է բերում նոր հայկական կինոն, վերջին երկու տարիների կինոարտադրությունը: Մեր առջեւ իրական քաղաքային սիմֆոնիա է` քսան րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ հիմն ժամանակակից Երեւանին ու նրա բնակիչներին: Ֆրանսիական լեգենդար ամսագրի գործընկերն «Ադապտացիան» սահմանել է որպես Վերտովի եւ Փելեշյանի միջեւ գտնվող մի երեւույթ: Այդ կոորդինատները կարելի է ընդունելՙ հաշվի առնելով, որ Մաննեի համար նույնպես սկզբունքորեն կարեւոր է ռիթմը. իսկ կարելի է ճշտել, քանի որ, ի տարբերություն Վերտովի, Փելեշյանի եւ, ասենք, Վալտեր Ռութմանի («Բեռլին. մեծ քաղաքի սիմֆոնիա»), Մաննեի հայացքը մոտիկ է եւ նուրբՙ իր կերպարների հանդեպ, ուստիեւ ավելի շատ հիշեցնում է Էժեն Դեսլավին (Եվգենի Սլաբչենկո) եւ նրա «Մոնպառնասը» (1929): Մեկ այլ հեռավոր, բայց ոչ ավելորդ վկայակոչումՙ Հարություն Խաչատրյանի «Կոնդը» (1987), նվիրված վերակառուցման ժամանակվա Երեւանի համանուն անբարեկարգ թաղամասին, որը ողջ խորհրդային տարիներին գրեթե անմասն է մնացել սոցիալիստական արդիականացման գործընթացից: Ինչպես եւ «Կոնդը», «Ադապտացիան» ներկայացնում է մեզ առտնին, անշուք Երեւանը: Քննադատական պաթոսն էկրանին հայտնվում է ենթագրերով` «ՄԱՐԴ», «ՕՐ», «ՔԱՂԱՔ», «ՌԻԹՄ», «ՃԱՇԱՐԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԱՆՀԱՄ ՃԱՇԻ ԲՈՒՅՐ», «ԱՐՏԱԳԱՂԹ, ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐԴԻԿ», «ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»: Այնուամենայնիվ, շուտով այս ահազանգող տագնապը տեղը զիջում է բազմազանության մեջ նրա նորմատիվ տարրալուծմանը: Մաննեն քաջատեղյակ է վաթսունականների ոճի էֆեկտինՙ ծնված նրա սեւ-սպիտակ պատկերից, այդ պատճառով ուղեկցում է այն հստակ երաժշտական ռետրո-մեկնաբանություններով, որոնք պատկերի հետ մտնում են սրամիտ փոխկանչի մեջ. համաչափ դասական ջազՙ դյուրասահ սոլոյով, վաթսունականների առաջին կեսի ռոքնռոլային, դեռեւս շատ անմեղ «Բիթլզ», ապա դասագրքային «Էլիզեն»ՙ կատարված քսիլոֆոնով, որը զուգորդվում է մանկության հետ: Այդ ակնթարթորեն ճանաչելի եւ անվերջանալիորեն տնական, օրոր ասող երաժշտության ներքո մենք անշտապ ճոճվում ենք հին տրոլեյբուսում, որտեղ անմիջապես չենք ճանաչում ժամանակի մեքենան, ուսումնասիրում ենք նրա զանազան ուղեւորներին: Ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք փողոցում, արտադրության մեջ, վարսավիրանոցում, ճաշարանում, հանրային սննդի խոհանոցում, տեսնում ենք անգործների ու աշխատողների, բավարարվածների ու իրենց մտքերը թաքցնողների, անհոգների ու աղքատների, որպեսզի հետո նորից արթնանանք ծանոթ տրոլեյբուսում: «Ադապտացիան» արմատական լինելու հավակնություն չունի. չնայած գորովանքի բացակայությանը եւ զգալի ուշադրությանը դեպի սոցիալական եւ գոյաբանական լուրջ խնդիրները (աղքատություն, անտնություն, ծերություն, մահ), այնտեղ կարող է անգամ աչքի ընկնել հայտնի զիջողականությունը: Այս գեղագիտական զիջողականությունն, իր հերթին, կարող է բացատրել պարգեւների այն տարափը, որն «Ադապտացիան» հավաքում ու շարունակում է հավաքել ուսանողական կինոփառատոներում: Նաեւ այն, որ կինոնկարն ընտրվել է, մասնավորապես, մի այնպիսի պահպանողական կինոֆորումի կողմից, ինչպիսին է «Ոսկե ասպետ» ուղղափառ կինոփառատոնը: Այնուամենայնիվ, այս կարծես աներեւակայելի իմպրեսիոնիստական ուրվանկարի ոչ պարտադիր լինելը թվացյալ է: Այստեղ քմահաճույքը վայելչագրական ճշգրտության է, որը ձգտում է գրավել Երեւանի իրականությունը: Խցիկի ցնցումը, դիտանկյունների փոփոխությունները, մոնտաժային սոսնձումները (որ ստիպում են հիշել 16 միլիմետրանոց ֆիլմերի լավագույն օրինակներն իրենց անկրկնելի աուրատիզմով) ջղաձիգ են ոչ թե հեղինակային քմահաճույքի պատճառով, այլ քանի որ դա է թելադրում ռիթմը, որն էկրանին ադապտացնում է քաղաքի եւ քաղաքային իրականության ոգին ու զգացումըՙ քաջ ծանոթ, բայց միեւնույն ժամանակՙ հիանալի եւ անհասանելի»: Վերջում ավելացնենք, որ «Ադապտացիայից» հետո Մաննեն նկարահանել է «Ճայը» փորձարարական կինոնկարըՙ ստեղծված Անտոն Չեխովի համանուն պիեսից Նինայի հայտնի մենախոսության հիման վրա: Ֆիլմը գիտակցության հոսք է, փիլիսոփայական մտածողություն մի շարք հարցերի շուրջ: Առանցքը երկինքն էՙ հավերժական թռիչքների անսահմանությունը: Ի վերջո ո՞ւր է տանում գիտատեխնիկական բացահայտումների շղթան, այն կործանարար չէ՞ մարդկության ու մեր անպաշտպան մոլորակի համար: Ատոմային պատերազմների վտանգն առաջնային վախն է, որը կարող է շուտով սկսվել եւ կործանել Երկիրը: «Ճայը» ստեղծվել է որպես զգուշացում մարդկությանը. ժամանակն է կանգ առնելու... |