ԱՆՀԱՍՑԵ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ Ժողովրդական առածն ասում էՙ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց- խակ ա: Հիմա ում ինչ դուր չի գալիս, մեղքը գցում է խորհրդային կարգերի վրաՙ մեղքը նրանց վիզը: Այս սկզբունքով է առաջնորդվել նաեւ «Առավոտ» թերթի մշակութային բաժնի աշխատակից Սամվել Դանիելյանը ՙ գրելով «Նոր աշխարհ, հին խաղացանկ կամՙ խորհրդային մտայնությամբ թատերական մնացուկներ» հոդվածը: Ո՞ւմ դեմ է գրել, ինչո՞ւ է գրել, պարզ չէ: Եթե մեկը դժգոհ է որեւէ երեւույթից, քննադատությունից բացի այդ վիճակը կարգավորելու համար պետք է ասելիքը պնդող առաջարկներ անի: Մեղադրելուց հեշտ բա՞ն, պետք է շտկելն առաջարկել: Ծանոթանանք նրա մեղադրանքներին: Մեղադրանք թիվ 1: Հոդվածագիրը գրել է. «Վերջին 25-30 տարիների հայաստանյան թատրոնների գործունեության բնույթը, մանավանդ պետական թատրոնների գործունեությունը, հենվում է խորհրդային պարտադիր պետական թատերական կառուցվածքի վրա եւ կոպիտ ասածՙ բացարձակապես ոչ մի ստեղծագործական տարր չկա այդ ստեղծագործական կոչվող միջավայրում » (այս եւ հետագա ընդգծումներն իմն են- Բ.Հ.): «Թատերական աշխատակազմին» (?) համարելով «կոմունիզմ կառուցողի» կամակատար, նա անխնա եւ անհիմն քննադատում է թատրոններին: Մեզ անհայտ է Դանիելյանի մասնագիտությունը, զբաղմունքը: Երբեմն տեսել ենք նրա հարցազրույցները «Առավոտ» թերթումՙ երաժշտական կյանքի հետ կապված հարցերով: Ուրեմն, մեր ասելիքն սկսենք նրա ասպարեզից: Ո՞ր հասարակարգն է «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաների մեջ կոմունիստական գաղափարախոսություն մտցրել, որ առաջինը 1909-ից, իսկ երկրորդը 1933-ից չեն իջնում բեմից: Աշխարհում միայն Խորհրդային Միությունում է կոլեկտիվացում եղել: Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանն արձագանքելով օրվա հուզող հարցերին, գրել է «Հերոսուհին» օպերանՙ նվիրված կոլեկտիվացմանը եւ պետական մրցանակի արժանացել: Ի՞նչ վատ բան կա դրանում: Անցնենք Սունդուկյանի անվան «խեղճ» ակադեմիական թատրոնին: Թատրոնը սեզոնային խաղալիք չէ, նա մշտապես գործող ընտանիք է, որը միայն «կոմունիստական գաղափարախոսությամբ» չի ապրում: Որտե՞ղ էր այդ պարտադրված գաղափարախոսությունը, երբ թատրոնը բեմադրել է Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Մոլիերի, Ա. Օստրովսկու, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի եւ շատ ու շատ այլ դրամատուրգների գործերը: Բերենք երկու օրինակ կոմունիստական պարտադիր միջամտությունների հակառակն արտահայտող պիեսների բեմադրություններից: Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի եւ երեք ժամ» պիեսը նվիրված էր 1937-ի անհիմն դատապարտվածների նկատմամբ կիրառված քաղաքականության քննադատությանը: Այդ նույն թատրոնում է բեմադրվել նաեւ Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» քննադատական պիեսը: Գործող անձերից մեկը դիմացինին ասում էր,- լսիր, էյ, քո այդ հաթաթայով գնա ակադեմիայի հավերին վախեցրու: Պետության դեմ ուղղված այս բողոքները որքանո՞վ են պարտադրված կուսակցության կողմից, անհասկանալի է: Մեղադրանք թիվ 2: Հեղինակը խոսում է նաեւ «կոնկրետ օրինակներով»: Ահա այդ օրինակներըՙ «Հայաստանի շուրջ 25 թատրոններ գործնականում ճահճացած է, որտեղ ինքնուրույն եկամուտների հիման վրա բացառապես ոչ մի գործունեություն չկա, եւ եթե հանկարծ մի պահ ընդհատվի պետական դոտացիան, ապա դրանցից եւ ոչ մեկը ի վիճակի չի լինելու գոնե մեկ տոկոսով իրեն ապահովելու, չասած այն մասին, որ բեմադրությունների փոխարեն միայն լաց ու կոծ կլինի, որը մեր թատերական կյանքի մշտական զուգակիցն է» : Ի՞նչ է սաՙ ափսոսանք, նախատինք, վիճակից դուրս գալու առաջարկ, թե՞ խեղճ թատերական գործիչների գլխին ողբասացություն: Ավելին, սա հերյուրանք է: Թատրոնը ապրանք չէ, որ թանկ կամ էժան գնով վաճառելով թատերական գործիչները կարողանան մի կերպ գլուխները պահեն: Անցյալի կապիտալիստներն ավելի գթառատ են եղելՙ օգնել են թատերական գործիչներին, իսկ այսօրվա կապիտալիստների բոլորովին հոգը չէ թե դերասանը պետության կողմից չնչին օժանդակությունով կապրի, թե՞ ընտանիքը պահելու համար զբաղմունքը կփոխի: Ալեքսանդր Մանթաշյանի մահից (1911) մի քանի տարի առաջ Թիֆլիսի Ժողովրդական թատրոնի դերասանները թատրոն են սարքել թատրոնում: Բեմադրել են Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը» կատակերգությունը: Հրավիրել են նաեւ Մանթաշյանին, նստեցրել բեմի մոտ գտնվող օթյակում: Մեծ սատանան հերթով մեղավորներին հարցրել է, թե ով ինչի համար է դժոխք ընկել: Հերթը հասել է Մանթաշյանի գրիմով դերակատարին: Երբ Սաթայելը հարցրել է, թեՙ պարոն Մանթաշյան, դո՞ւ ինչի համար ես դժոխք ընկել: Դերակատարը պատասխանել է. «Հայու թիատրին փուղ էի պարտք, ամա չիմ տվի»: Բոլորի հետ Մանթաշյանն էլ է ծիծաղել եւ խոստացել մի քանի տարվա ծախսերի համար փող տրամադրել: Ո՞ւր են այսօրվա «մանթաշովները», որ օգնության ձեռք մեկնեն արվեստի աշխատողներին: Կամՙ ո՞ր դերասանը, դրամատուրգը կհամարձակվի նրանց պարսավանքի ենթարկել: Մեղադրանք 3-րդ: Իբրեւ թե թատերական գործիչները մի լավ օրի են, հոդվածագիրն էլ իր հերթին է բարոյապես սպանում նրանց: Ահա նրա բացատրությունը. «Թատրոնների որոշ ապաշնորհ ղեկավարներ չեն կարողանում ապահովել բազմաթիվ դերասաններին ստեղծագործական աշխատանքով , որոնք չնչին աշխատավարձ ստանալով տասնամյակներ շարունակ, գերհամբերատար պահվածքով հույս են փայփայում, որ մի օր իրենք էլ բեմ դուրս կգան »: Հիմա, առավել քան երբեւէ, տնտեսական թե ստեղծագործական դժվարությունների պատճառով նվազել է բեմադրությունների եւ ներկայացումների քանակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը կամ գլխավոր ռեժիսորը ո՞ր պատովը տա իր գլուխը, որ ապահովի բոլորի մասնակցությունը: Նախկինում բոլոր խոշոր թատրոններն ունեին իրենց ավտոբուսները, զուգահեռ ներկայացումներ էին տալիս մայր թատրոնում եւ շրջաններում: Բարոյապես էլ իրենց շատ լավ էին զգում: Հիմա մասսայական տեսարաններով ներկայացումներ չկան, ժամանակակից, այն էլ աբսուրդի ոճով (ոչ գործողության տեղն է հայտնի, ոչ ժամանակը եւ ոչ էլՙ միջավայրը) գրված պիեսների գործող անձերի թիվը մեկ տասնյակի չի հասնում: Ինչպե՞ս ապահովեն բոլոր դերասանների մասնակցությունը: Մեղադրանք 4-րդ: Սա ամենադաժանն է ու սարսափելին, շատ վիրավորական, որի համար Թատերական գործիչների միությունը առանձին կամ թատրոնների հետ պետք է ընկերական դատի կանչեն եւ ստիպենՙ հետ վերցնել իրենց նկատմամբ արտահայտած սպանիչ խոսքերը: Հոդվածում կարդում ենք. «Մեկ-երկու թատրոններում գործում է գիշատիչ կլանային մի խումբ, որը, որպես կանոն, գեղարվեստական ղեկավարի հետ միացածՙ ամենաանկուշտ կերպով հափշտակում է դերերի եւ հավելագրումների բոլոր յուղոտ կտորները» : Եթե այս մեղադրանքը ճիշտ է, հեղինակը թող գոնե մի բնորոշ օրինակ բերի, որի համար պատրաստ եմ ինքս ներողություն խնդրելու: Իսկ եթե չի կարող, ուրեմն բացարձակ զրպարտություն է: Այս պատմության դռները պետք է բացել եւ մեկ-մեկ դուրս հանել հափշտակիչ գործող անձանց, այլապես ասվածը դատարկ եւ անհասցե կրակոցներ են: Մեղադրանք 5-րդ: Հափշտակիչների հետ հարցը «փակելուց» հետո հոդվածագիրը երկրորդ խոշոր հարվածն է տալիս թատերական գործիչներին: Այս անգամ վիրավորական մեղադրանք բարդում դերասանների վրա: Ահա նրա խոսքերըՙ «անկուշտ ու ագահ դերասանների ոհմակը ամեն ջանք գործադրում է բոլոր արգելված հնարանքներով դպրոցներ գնալով իրենց փուչիկ անունների վրա փող հավաքելուՙ մի տխմար կիսահամերգային ներկայացում հրամցնելով իրենց «մեծապատիվ մուրացկանությունը» նաեւ մատաղ սերնդի նկատմամբ» : Քաղցած, խեղճ ու կրակ դերասան կարդացել ենք, բայց որ նրանք այսօր դարձել են «անկուշտ ու ագահ», առաջին անգամ ենք հանդիպում: Իբրեւ թե դա քիչ է, դերասաններին էլ դարձրել է գիշատիչների «ոհմակ»: Սա ի՞նչ որակավորում է: «Փուչիկների» «ոհմակը» ինչպե՞ս կարող է ընդունելություն գտնել դպրոցական միջավայրում, այն էլ խախտելով «բոլոր արգելված հնարանքներով»: Դերասանները միշտ էլ կապված են եղել դպրոցների աշակերտության հետ, որպես գեղագիտության տարածողներ եւ ոչ թե փող մուրացողներ: Նրանք հանդես են եկել կա՛մ ասմունքով, կա՛մ էլՙ որեւէ պիեսից տեսարան ներկայացնելով: Նրանց անծանոթ է եղել «տխմար կիսահամերգային ներկայացում» հորջորջումը: «Մեծապատիվ մուրացկանությունը» ոչ թե թատերական գործիչների մասնագիտությունն է, այլ լրատվական բնագավառում աշխատողների ամենօրյա «մի կտոր հացը»: Մամուլ, ռադիո, հեռուստատեսությունՙ օրվա մեծ մասը հարցազրույցներով ու դրանց կրկնություններով են մթնեցում: Հեղինակի զբաղմունքը մուրացկանություն չէ՞, երբ մեկին բռնացնելով մի քանի հարց է տալիս ու դիմացինի պատասխանների տակ իր ստորագրությունը դնում: Բարեբախտաբար, դեռ կան բարեխիղճ լրագրողներ, որոնք համեստորեն գրում ենՙ հարցազրույցը վարեց այսինչը: Ժողովուրդն իզուր չի հնարելՙ «իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում» առածը: Սունդուկյանի անվան թատրոնին եթե հոդվածագիրն է ակադեմիական կոչումը շնորհել, թող հետ վերցնի եւ հեգնանքով չարտասանի այդ անունը: Մեղադրանք 6-րդ: Հոդվածագիրը շատ է վիրավորված («ամոթից չենք ուզում խոսել»), որ լոսանջելեսյան մի հայ ցանկացել է (?) «ներկայացում պատվիրել, որ հետո Ամերիկայում խաղացվի: Եվ ինչ, օրինակը, կանգ է առնում Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» հնոտի ներկայացման» վրա: Ո՞ւր է թե մի տասն այդպիսի «հնոտի ներկայացում» լիներ, «քանի որ «խեղճ» ակադեմիական թատրոնը եւ իր մշակույթի նախարարությունը փող չունեն եւ դարձյալ զբաղվում են «մեծապատիվ մուրացկանությամբ»: «Հարսնացուն հյուսիսից» պիեսը խորհրդային շրջանի հայ դրամատուրգիայի լավագույն, արդիական կյանքը պատկերող գործերից մեկն է եւ ոչ կառավարական պատվերով գրված: Հոդվածի հեղինակը, հավանաբար, չի տեսել այս պիեսի առաջին բեմադրությունը, որը տեղի է ունեցել 1973-ի դեկտեմբերի 13-ին եւ խաղացվել մինչեւ 1989-ի հուլիսի 5-ը, ունեցել է 513 ներկայացում: Այս պիեսը ներկայացվել է Հայաստանի 60 քաղաքում ու գյուղում: Սա պիեսի քննության գնահատականն է, որին պետք է ավելացնենք Ստեփանակերտի, Կիեւի, Պլովդիվի, Պրագայի, Բրատիսլավիայի հյուրախաղային ներկայացումները: Հնոտիություն ունեցող պիեսի բեմադրությունն այսպիսի պատմություն կունենա՞: Մեղադրանք 7-րդ: Թատերական կյանքի ինքնակոչ դատավորը վերջապես որոշել է անուններ տալ: «Ներկայացնենք մի փաստ, որ անգամ թատրոնի մարդիկ այդ մասին գուցե չիմանան, բայց ավելի լավ, թող բոլորի մազերը բիզ-բիզ կանգնեն, որ պատկերացնեն, թե ինչ փոսի մեջ են հայտնված եւ ոչ ոք չի զգում, որ ճահճացել է գարշահոտ թատերային կյանքը» : Այս հետախույզը թատերական կյանքը միայն խարդախության մեջ է տեսնում ու հարայ տալիս... «Որոշ թատրոնների մակաբույծ լինելու աստիճանը» ցույց տալու համար հեղինակն օրինակ է բերում «Խորեոգրաֆիայի պետական թատրոնը» , բայց չի բացահայտում նրա «ձրիակերությունը»: Եզրակացությունն ընդհանրացնելով, կասկած է հայտնումՙ «Արդյո՞ք պետք է պահել դոտացիոն թատրոնները Հայաստանում» : Այսուհանդերձ, լավամարդ դառնալով կոչ է անում գտնել ոսկե «միջինը»- «բացառապես միայն բյուջեն կողոպտելով ապրել» , թատրոններն էլ «իրենց հերթին արդյունավետ աշխատանք իրականացնեն» , պահպանեն «հին համակարգը, կարողանան իրականացնել նոր ժամանակի ու մեր նոր երկրի պահանջվող խնդիրները» : Այս լուսավոր սպասելիքների համար ի՞նչ կարիք կար վիրավորական, անհարկի քննադատական խոսքեր շռայլելու թատրոնների եւ նրանց գործունեության վրա, փոխանակ նորի պահանջները բացատրելու: Ս. Դանիելյանի այս հոդվածի հետ ներկայացված է նրա բովանդակությանը մոտեցող մի ծաղրանկար: Բեմի կենտրոնում, թախտի վրա քնած է Դեզդեմոնան: Հանդիսատեսները սպասողական վիճակում են: Օթելլոն հայացքը գցել է հուշարարի վրաՙ ձեռքերը պատրաստ խեղդելու Դեզդեմոնային: Հարբեցող հուշարարը գլուխը հանած իր խցիկից, որտեղ առջեւը դրված է պիեսը, նրա կողքին օղու շիշը, աջ ձեռքին օղու բաժակը, ձախ ձեռքի բռունցքի բութ մատը դեպի ցած ցույց տալով Օթելլոյին հուշում է «սպանել Դեզդեմոնային»: Ինչ կապ ունի այս ծաղրանկարը հայ թատրոնի հետ: Դա էլ կոմունիստական քննադատության մի ձե՞ւ է: Ամենեւին էլ ոչ: Հայ թատրոնը համաշխարհային թատրոնին տվել է մի բացառիկ թիվ: Աշխարհի մի շարք թատրոններում, 94 հայ դերասան է հանդես եկել Օթելոյի դերում, մի քանի լեզվով: Հենց միայն Վահրամ Փափազյանը 1908-ից մինչեւ 1966-ը հանդես է եկել 5-6 լեզվով, ավելի քան 4000 անգամ Կահիրեից-Պետերբուրգ, Փարիզից մինչեւ Վլադիվոստոկ: Այսպիսի պատմություն ունեցող թատրոնի գործունեությունը չի կարելի թերագնահատել: |