RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 21-09-2018



ԴԻՄԱՍՏՎԵՐ

Տեղադրվել է` 2018-09-20 23:45:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1400, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԴԻՈԺՊԻՏՆԵՐՈՎ ԼԻ ԿՅԱՆՔ

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Երեւան, Ալեք Մանուկյան 5: Այս հասցեում է գտնվում Հայաստանի Հանրային ռադիոյի շենքըՙ գեղեցիկ կամարներով ու զարդաքանդակներով: 2016թ-ին, երբ նշվում էր Հայաստանի ռադիոյի հիմնադրման 90-ամյակը, այս հոյակերտ շենքի մուտքի մոտ ստեղծվեց «Փառքի ծառուղի», մայթին տեղադրվեցին ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում աշխատած եւ տասնամյակների ավանդ ունեցած ընտրյալների անուններըՙ հայերեն եւ անգլերեն: Եվ այդ երախտավորների շարքումՙ միկրոֆոնի պատկերի կողքին գրված էՙ «Կլարա Թերզյան»: Կարդում եմ եւ մտաբերում տարիներ առաջ հեռուստատեսությամբ եթեր գնացած մի գեղեցիկ հաղորդում, որի խորագիրն էրՙ «Ափսո՜ս ասաց ամեն ձայնին ու պահեց»: Հաղորդումը նվիրված էր Հայկական ռադիոյի ռահվիրա Կլարա Թերզյանին: Ռեժիսորը Արփինե Տատինցյանն էր: Իսկ հաղորդավարուհինՙ հեղինակ եւ վարող Անահիտ Թադեւոսյանը ներկայացնում էր ազնվական դիմագծերով Հայուհուն: Իմացա, որ ժամանակակիցն եմ մի մտավորականի, ում պատշաճում է նաեւ պատմիչ տիտղոսը. նա տասնամյակներ շարունակ Հայկական ռադիոյով ներկայացրել է ժամանակի մեր մեծերին: Այդ տարիներին տեխնիկական հնարավորությունները եւ սուղ միջոցները թույլ չէին տալիս պահպանել հաղորդումները: Դրանք հնչում էին եթերում եւ անհետանում. նույն ժապավենի վրա տարբեր հաղորդումներ էին ձայնագրվում... Կլարա Թերզյանը մեկն էր այն աշխատակիցներից, ովքեր, խախտելով օրենքըՙ թաքցնում էին մեր մեծերի ձայները գրանցած ժապավենները, խնամքով պահպանում այդ ձայնագրությունները: Նրաՙ անվանի արձակագիր, լրագրող Կլարա Թերզյանի շնորհիվ է, որ գալիք սերունդները եւս լսելու են 20-րդ դարի ընթացքում ապրած հայ հանճարներից շատերի կենդանի ձայներըՙ Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Վահրամ Փափազյան, Գրիգոր Գուրզադյան, Վիլյամ Սարոյան, Վարդան Աճեմյան...ո՞ր մեկին հիշատակես: Նա կարողացել է ոչ միայն զրուցել ու ձայնագրել նրանց, այլեւ պահպանել նրանցից շատերի ձեռագրերը: Հիմա հիշողությանս մեջ վերարթնանում է մերօրյա անվանի արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանի խոսքը.

«Ու մի կին տարիներ, տասնամյակներ շարունակ ափսո՜ս ասաց ամեն մի թանկ ձայնին ու պահեց: Այդ կինը, որն իր եզակի գոյությամբ զարդարել է Հայոց դժվար 20-րդ դարի երկրորդ կեսը, 2001-ին ԱՄՆ-ի Կենսագրական ինստիտուտի կողմից արժանացել է ՏԱՐՎԱ ԿԻՆ պատվավոր տիտղոսի: Փա՜ռք ու պատիվ իր մեջ մեր էպոսային ափսոս-ափսոսանքը կրող գրողին, ռադիոլրագրողինՙ սիրելի Կլարա Թերզյանին»:

Կես դարից ավելի Հայկական ռադիոյում աշխատելուց հետո Կլարա Թերզյանը մեր մեծերի թանկ ձայները, նրանց մասին գրած իր ակնարկները, եթեր գնացած հաղորդումները վերածեց գրքերի: Լինելով բազմաժանր գրողՙ հեղինակ է ակնարկների, պատմվածքների, հուշագրությունների, վիպակների, կինոյի եւ հեռուստատեսային սցենարների, նաեւՙ մանկական գրքերի...

Այսօր մեր սեղանին դրված է 20 անուն գիրք, որոնք սերունդներին պատմում են մեր ժողովրդի մաքառումների ու արարումների պատմությունը. գրքեր, որոնք գեղագիտական բարձր արժեքից զատ ունեն նաեւ փաստագրական ու աղբյուրագիտական մեծ նշանակություն: Կլարա Թերզյանի ստեղծագործությունները արեւաբույր են: Նա հատկապես տեսել է մեր ժողովրդի հոգում եղած լույսը երկրաշարժի, Արցախյան պատերազմի տարիներին ... Այդ դժվարին տարիներին նա մոմի լույսի տակ ձայնագրիչից վերծանում էր հայ մեծերի խոսքը, եթեր գնացած հաղորդումները...եւ մոմի հալչող-մարող վերջին կաթիլների հետ վառվում էր հայ մշակույթի եւ ազգային ինքնաճանաչողության մի հզոր կանթեղ:

...Կլարա Թերզյանի բնակարանում ՙ նրա աշխատասենյակի պահարանում շարված են ստեղծագործական բեղուն կյանքի առհավատչյաներըՙ «Բույլ մեծաց», «Փրկված մասունքներ», «Երբ սերն ի աշխարհ եկավ», «Դարձի ճանապարհները», «Հարցազրույց կաղնու հետ», «Դրսում արեւ է», «Որքա՜ն լույս կա Հայաստանում», «Երկնքի եւ երկրի փոխհամաձայնեցումը», «Տիկնիկները ծիծաղում են», «Իմ ոսկեգույն ձկնիկը», «Ծիծաղի հատիկներ», «Լուսնի Սոնատ», «Չվող թռչունները վերադառնում են իրենց թեւերով», «Տարիների շուրջպարը»...եւ կինոսցենարները: Թերզյանն այնքան է սիրում իր աշխատանքը, որ գրքերից մեկըՙ «Բույլ մեծացը», նվիրել է ռադիոյին. նրա համար ռադիոն հարազատ, շնչավոր էակ է:

Կլարա Թերզյանը բազմաժանր գրող է. նրա գրչին բնորոշ է նաեւ երգիծանքը, ինչը լավագույնս դրսեւորվել է «Ռադիոժպիտներ», «Ծիծաղի հատիկներ» գրքերում եւ տարբեր ժողովածուներում տեղ գտած մանրապատումներում: «Ռադիոժպիտների» մասին Թերզյանն ասում է. «Դա նույնպես մեր մեծերի մասին է, բայց այս անգամ գրված ժպիտներով»:

Նրա ստեղծագործությունները լույս են տեսել թե՛ Հայաստանի, եւ թե՛ Սփյուռքի մամուլումՙ ԱՄՆ, Լիբանան, Ֆրանսիա,Սիրիա, Ուրուգվայ...Արժանացել է Հայաստանի Գրողների միության «Վաստակի համար մեդալին», Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին, ՀՀ վարչապետի հուշամեդալին, ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականին...Ամենամեծ գնահատականը, սակայն, տվել է ժողովուրդըՙ նրան անվանելով մերօրյա պատմիչ...Ամեն առիթով Հայաստանի եւ աշխարհի բոլոր կողմերից հայ մտավորականների, շարքային ունկնդիրների եւ ընթերցողների ՙ նրան ուղարկած նամակները, հրավերները, ծաղկեփնջերը խորին երախտագիտության ու սիրո լավագույն դրսեւորումներն են:

- Տիկի՛ն Թերզյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի գրականության եւ արվեստի մեծ աշխարհ,- հաղթահարելով լարվածությունսՙ դիմում եմ ռադիոյի լեգենդին:

- Արվեստը սիրել եմ մանկուց: Թատերգություններ նայել եմ, երբ շատ փոքր էի: Վեց տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ «Անուշ» օպերան դիտելու, որը եղավ իմ առաջին խորը տպավորությունը. երբ Անուշը գետը նետվեց, այնպես եմ հավատացել, որ նա իսկապես խեղդվեց, ու լաց եմ եղել, որ մայրս ինձ ստիպված դահլիճից դուրս է բերել ու ամբողջ ճանապարհին բացատրել, որ գետը տիկնիկ նետվեց: Եթե իրական լիներ, ո՞ր դերասանուհին կհամաձայնվեր մեռնել...Բայց ես չէի հանդարտվում: Ու դրանից հետո, որոշ ժամանակ մայրս ինձ թատրոն չէր տանում, իսկ ես համոզում էի, որ էլ լաց չեմ լինի...

Սակայն, «Անուշ»-ից բացի կար թատրոնը սիրելու մի ուրիշ հանգամանք եւսՙ Կլարա Թերզյանի ծնողները Հայաստան էին եկել Ֆրանսիայից, բայց ծնունդով Իզմիրից էին, նույնը եւ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանն ու նրա ծնողները: Երկու իզմիրցի ընտանիքների բարեկամությունը Երեւանում շարունակվում էր: Եվ Կլարա Թերզյանըՙ ի դեմս Հրաչյա Ներսիսյանի միշտ տեղյակ էր, թե ինչ ներկայացումներ են բեմադրվում եւ ինքն ինչ դեր է խաղում: Անգամ նրա տանը տեսել է մեծանուն դերասան Ջանանին:

- Խառնվածքով ես հակված եմ եղել դեպի արվեստըՙ փոքր ժամանակ այնքան եմ երգել ու պարել, որ մայրս ինձ տարել է Պարարվեստի դպրոց: Դասընկերներիս հետ պարել, երգել եմ բալետային եւ օպերային ներկայացումներում, սովորել երաժշտություն: Ես սավառնում էի արվեստում եւ որոշել էի բալետմայստեր ու պարուհի դառնալ: Դպրոցում բեմադրեցի Գլինկայի «Անուրջները»: Բայց ոտքս վնասեցի, ստիպված թողեցի պարը: Հիմա այդ մասին հանգիստ եմ խոսում, բայց ինձ համար դա մեծ ողբերգություն էրՙ կյանքն առանց պարի չէի պատկերացնում: Ընդունվեցի եւ ավարտեցի Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելյան լեզուների բաժինը: Մասնագիտությամբ բանասեր-արեւելագետ եմ: Իմ դասախոսը Հրաչյա Աճառյանն էր: Մեր կուրսը վերջինն էր, որին դասավանդեց ու ավարտին հասցրեց ականավոր լեզվաբանը: Համալսարանն ավարտելուց հետո Հրաչյա Աճառյանն ուզում էր ինձ իր ասպիրանտը դարձնել: Ամռանը Իրանից պարսիկների մի մեծ խումբ ժամանեց Հայաստան ու այստեղից ուղեւորվեց Ռումինիաՙ մասնակցելու ուսանողության եւ երիտասարդության միջազգային 5-րդ փառատոնին: Ես ժամանակավորապես նրանց հետ աշխատեցիՙ որպես թարգմանիչ: Վերադարձին խումբը նախատեսվածից երկար մնաց մեր երկրում, եւ ես ուշացա ասպիրանտուրայի ընդունելության քննություններից: Որոշեցի աշխատել, հաջորդ տարի նորից դիմել: Բախտս բերեց, որ աշխատանքի անցա ռադիոյի գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում եւ հասկացա, որ իմ տեղն արվեստում է, այլ ոչ գիտության ասպարեզում...

- Տիկի՛ն Թերզյան, Դուք հանդիպել եք 20-րդ դարի ընթացքում ապրած մեր մեծերից շատերի հետ, գրել նրանց մասին... Կներկայացնե՞ք Ձեր ամենատպավորիչ հուշերից մեկը:

- 1955 թվականի հունվարն էր: Այդ ժամանակ աշխատում էի Հայաստանի ռադիոյի արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրությունումՙ որպես մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիր: Հալեպի Վարդանյան վարժարանի մի խումբ սաներ սրտառուչ նամակ էին գրել խմբագրությանը, խնդրելով այն հանձնել Ավետիք Իսահակյանին: Պատանիները շնորհավորել էին Վարպետի Նոր տարին, պարպել իրենց հայրենակարոտ հոգիները եւ խնդրել խորհուրդ տալՙ ինչպես ճիշտ ապրել Սփյուռքում:

Ավետիք Իսահակյանն արդեն ապրում էր իր կյանքի վերջալույսը, դուրս չէր գալիս տանից, նրան չէիք տեսնի Երեւանի փողոցներում ճեմելիս: Մեզ համար դա եզակի առիթ էր այցելելու Վարպետին: Իսահակյանը կարդաց նամակը, աչքերը խոնավացան ու հոգով տեսավ այդ տղաներին ու աղջիկներին , որոնք, շունչը պահած սպասում էին իր խոսքին: Ու Վարպետը խոսեցՙ խրատելով օտար ափերում երբեք չվհատվել, -հիշում է տիկին Թերզյանը եւ, բացելով «Բույլ մեծաց» գիրքը, ինձ է մեկնում այն էջը, որտեղ Վարպետի խոսքերն են.

«Սիրելի՛ հայրենակիցներ, դուք շարունակ պիտի զգաք ձեզ Հայաստանի հետ, ապրեք նրա կյանքով: Աշխատեցեք եւ տոկացեք, օգտագործեցեք ձեր ժամանակը, սովորեք գիտություններ ու լեզուներ: Հարգեք ձեզ հյուրընկալող սիրիական ազնիվ ժողովրդին: Կարդացեք հայոց հին եւ նոր պատմությունը: Պահպանեցեք մայրենի լեզուն եւ երբեք չընկճվեք: Ինչ վիճակի մեջ որ գտնվեքՙ երբեք չվհատվեք: Լավ գիտցեք, որ մեգ մառախուղից վեր, մթամած երկնքից վերեւ միշտ կա ջերմ ու պայծառ արեւ, կա Սովետական Հայաստանըՙ բովանդակ հայության Հայրենիքը...»:

Կարդում եմ եւ կանգ առնում. որքա՜ն արդիական են հնչում Ավետիք Իսահակյանի խոսքերը... գրեթե 60 տարի անց Սիրիայի ժողովուրդը, որ սիրահոժար իր գրկում ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ մեր պապերին, այսօր պարտադրված պատերազմի մեջ է: Վտանգի մեջ են նաեւ մեր հայրենակիցները: Եվ մենք այսօր էլ պետք է այնտեղ մեծացող հայ մանուկներին հիշեցնենք Վարպետի խոսքերըՙ «Մթամած երկնքից վերեւ միշտ կա ջերմ ու պայծառ արեւ»ՙ անկախ Հայաստանը, որը պարտավորություն ունի իր զավակներին եւ եղբայր արաբ ժողովրդին սատարել դժվարություններում:

...Այս տարի նշում ենք արեւմտահայ անվանի գրող, հրապարակախոս Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակըՙ մեկն այն մտավորականներից, ով դարձավ ստալինյան ռեժիմի զոհը: Կլարա Թերզյանի մայրըՙ Ալիս Թերզյանը, ով ամբողջ կյանքն ապրեց ճշմարիտ քրիստոնյայի խոնարհությամբ, եղավ կարիքավորների ու ընկածների կողքին: Նա մշտապես աջակցեց Զապել Եսայանիՙ ծայրահեղ իրավիճակում հայտնված ընտանիքին: Եվ ոչ միայն... ՀԱՎԱՏԱՄՔ

- Մեր ժողովուրդը ,- ասում է Կլարա Թերզյանը,- հոգով միշտ հպարտ ու հարուստ է եղել , եւ այդ հատկություններն են մեզ պահել: Չկորցնենք, կարողանանք գնահատել եւ պահել Աստծո տված այդ հատկանիշները: Երկրաշարժի, Արցախյան պատերազմի մութ, ցուրտ, սոված տարիներին մենք կարծում էինք , որ կյանք է մտնում ուսումից հեռացած սերունդ...Կարծում էինք...Բայց ներկա եղա թոռանս դպրոցի ավարտական հանդիսությանը, բեմում տեսա գեղեցիկ, բարեկազմ, գիտելիքը բարձր դասող երիտասարդների, ովքեր հավատով էին կյանք մտնում: Ասես նրանց ուսերին չէր փշրվել մեր ժողովրդին բաժին հասած դժվարությունները: Ինչպե՜ս սկսեցին ուսումը եւ ինպե՜ս էին հրաժեշտ տալիս դպրոցին: Եվ սա է հայկական հրաշքըՙ ԹՌԻՉՔ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵԼԱԿԵՏԻՑ: Երբ մեր ազգի համար ծանր ու դժվար է լինում , ծնվում է հրաշք սերունդ: Եվ ես հավատում եմ այս սերնդին ...

Նա համոզված է , որ էլի՛ են ծնվելու հանճարներ, ովքեր հայկական մշակույթը եւ գիտությունը հասցնելու են աննախընաց բարձունքի:Նա լավատեսորեն է նայում մեր ազգի ապագային: Որովհետեւ պայծառ հոգիներին բնորոշ է լավատեսությունը: Ճանաչված լրագրող-հրապարակախոս Հրաչուհի Փալանդուզյանը միանգամայն ճիշտ է բնորոշել Կլարա Թերզյան Հայուհուն իրՙ «Գեղեցկությունն ամփոփված է նրա ծավի աչքերում, որոնք նայելու փոխարեն ճառագում են» դիմանկարային ակնարկում գրելով.

«Եթե ուզում ես դատարկված հոգիդ կրկին խլրտա, հեռախոսը վերցրու եւ զանգհարիր Կլարա Թերզյանին: Իսկ եթե պատահիՙ հյուրընկալ հարկի տակ իրեն ունկնդրես, դուրս կգասՙ լույսի շողը կոպերիդ մեջ ամուր պահած»:

...Ես դուրս եմ գալիս տիկին Կլարա Թերզյանի բնակարանիցՙ մեր ժողովրդի անցյալը սրբազան մասունքների պես պահած կնոջ ներկայությունից ուժ առած: Անհնար է նրա կերպարը լիարժեք նկարագրել: Ուզում եմ կրկին հիշել անվանի արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանի խոսքերը, որոնք նվիրված են Հայկական ռադիոյի երախտավոր Կլարա Թերզյանին.

- Լավ օրերի հավատը միշտ հավատ ունեցող մարդկանց հետ է: Հավատում եմ, որ դեռ լավ օրեր են գալու, լավ օրերի մեջ երեւալու են լավ մարդիկ, Կլարա Թերզյանը հասցնելու է նոր ձայներ որսալՙ մեր ժողովրդի ընտրյաների ձայները...Բառի խիղճը թող ցորենի հատիկի նման շարունակի ուղեկցել մեր գրի ու ձայնի նվիրյալինՙ անզուգական Կլարա Թերզյանին...

Լուսանարներըՙ Գագիկ Պողոսյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ