RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 19:09:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2663, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐՅԱՆԻ ԿՏԱՎԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Նաիր ՅԱՆ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված «Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով ցուցահանդես: 1928 թվականին Փարիզում կազմակերպված անհատական ցուցահանդեսից 90 տարի հետո առաջին անգամ ի մի են բերվել Սարյանի փարիզյան շարքի գործերը, ավելի ճիշտՙ այն աշխատանքները, որոնք հրաշքով են փրկվել հրդեհից: Վարպետի կենսագրության հիշարժան տարեթվերում 1928 թվականն առանձնանում է. այդ տարի նա ֆրանսիացիներին ներկայացել է հայկական գույներով ու սարյանական ոճով վրձնած փարիզյան պատկերաշարով: Իհարկե, եղել են նաեւ այլ թեմաներով նկարներ: 1926-ին Սարյանը գործուղվել է Փարիզ: Այնտեղ ապրել եւ ստեղծագործել է 2 տարիՙ պատրաստվելով անհատական ցուցահանդեսի:

1928 թվականի հունվարի 15-ին տեղի է ունենում նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում է 50-ից ավելի ստեղծագործություն: Փարիզյան ցուցահանդեսը շատ է ոգեւորում նրան: Հիացական արձագանքներից բացի, մի քանի էտյուդ հետը վերցնելովՙ գնացքով ճանապարհվում է Հայաստան: Մեկնելուց առաջ փարիզյան շարքի 5 նկար պահ է տալիս ֆրանսաբնակ իր բարեկամուհի Աննա Բուդաղյանին ՙ խնդրելով, որ դրանք վաճառի եւ իր համար որակյալ ներկեր, վրձիններ ու կտավ գնի-ուղարկի Հայաստան: Ի՞նչ իմանար Սարյանը, որ հենց այդ 5-ը (եւս մի նկարՙ Աննա Բուդաղյանի դիմանկարը) հետո մասունքի արժեք են ունենալու հենց իր համար: Ֆրանսիայից տունդարձի ճանապարհին ֆրանսիական «Ֆրիժի» նավը Կոստանդնուպոլսի նավահանգստում հրդեհվում է, կրակի ճարակ են դառնում Սարյանի 35 կտավները: Բոթը ծանր հարված էր գեղանկարչի համար: Փարիզյան ստեղծագործական երկու տարիներից ու անհատական ցուցահանդեսից նրան են մնում միայն կտավների սեւ-սպիտակ լուսանկարները: Այդ օրերին գրող, հրապարակախոս, ՌԱԿ մեծանուն գործիչ Արշակ Չոպանյանը լուր է ուղարկում Մարտիրոս Սարյանին, թե նրա փարիզյան շարքով հետաքրքրված է հավաքորդ Տիգրան Խանքելեքյանը : Սարյանը նրան ուղղորդում է Աննա Բուդաղյանի մոտՙ նշելով, որ իր ուժեղ գործերից մեկըՙ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը եւս պահ է տվել տիկին Բուդաղյանին:

2007 թվականին Սարյանի տուն-թանգարանը հայերեն եւ ֆրանսերեն հրատարակում է «Սարյանը եւ Փարիզը» գիրքըՙ նախապատրաստվելով, որ մի օր աշխարհի տարբեր անկյուններից ի մի կբերի փարիզյան շարքիՙ հրեդեհից փրկված նկար-մասունքները: 2011 թվականին թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը Նոր Զելանդիայից նամակ է ստանում, որին կցված է լինում «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավի գունավոր լուսանկարը: Արդեն կասկածից վեր էր, որ այդ նկարն իսկապես փրկվել է ու տասնամյակների ընթացքում աճուրդից աճուրդ, ձեռքից ձեռք անցնելովՙ հասել է Նոր Զելանդիա: «Երբ տեսա կտավի գունավոր լուսանկարը, ապշեցի. այո, դա Սարյան էր, ոչ մի կեղծիք չկար, Սարյանի ձեռքի գործն էր: Նկարի տերը խորվաթ էր: Ինձ տեղեկացրեց, որ կտավն ուզում է Լոնդոնի աճուրդում վաճառել: Եթե 50 հազար դոլար ուզեր, դարձյալ չէի կարող գտնել այդ գումարը: Շատերին դիմեցի, բայց ոչ ոք չօգնեց: Հետո խորվաթն ասաց, որ Լոնդոնի աճուրդում իրեն հնգապատիկ շատ գումար են առաջարկում: Աճուրդում նա կտավը վաճառեց ավելի թանկՙ կես միլիոն դոլարով»: Ռուզան Սարյանին անհայտ է մնում, թե նկարի նոր տերն ով է եւ որ ուղղությամբ տարավ այն: Դրանից երկու ամիս անց նրա հետ կապ է հաստատում մի հրեա եւ հետաքրքրվում 1927 թվականի «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավի պատմությամբ: Իսկ բոլորովին վերջերս նկարը Լոնդոնում գնում է մոսկվաբնակ հավաքորդ Արթուր Դանիելյանը եւ համաձայնում այն տեղափոխել Երեւանՙ ժամանակավոր ցուցադրության: Ահա եւ Սարյանիՙ հրդեհից փրկված, բայց անհայտության մեջ գտնված կտավի ոդիսականը: Փարիզի ցուցահանդեսից 90 տարի հետո այն առաջին անգամ է ներկայանում հանրությանը:

«Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Վարպետի փարիզյան շարքի եւս մի քանի նկար, որոնք հրդեհված նավում չեն եղել, մնացել են Փարիզում ու դարձյալ ձեռքից ձեռք անցել: Օրինակ «Գազելները» 1960-ականներին Փարիզից բերվել է Ռուսաստան Իլյա Զիլբերշտեյնի ղեկավարած հիմնադրամի միջոցներով. այդ տարիներին Սովետական Միությունը սովետական նկարիչների ստեղծագործությունների հայրենադարձի համար ջանքեր չէր խնայում: «Գազելները» հատկացվել է Տրետյակովյան պատկերասրահին: Արվեստաբան Շահեն Խաչատրյանը Սարյանի տուն-թանգարանի տնօրեն եղած ժամանակ շատ է ջանացել, որ «Գազելները» Տրետյակովյանից բերի Երեւան, բայց չի հաջողվել: Այդ կտավի միայն ապահովագրությունն արժե 1 միլիոն եվրո: Սփյուռքահայ բարերար Հայկուշ Քոհլերի աջակցությամբ «Գազելները» Տրետյակովյան պատկերասրահից Երեւան է բերվելՙ դարձյալ ժամանակավոր ցուցադրության:

«Ֆրիժի» այրված նավում երեք արկղ նկար է եղել. մի քանի նկար փրկվել ու հանձնվել է Սարյանին, երկու արկղն այնպես է այրվել, որ անգամ հետք չի մնացել: Ռուզան Սարյանի համար սա հանելուկ է. արդյո՞ք հնարավոր էՙ նկարներն այնպես այրվեն, որ մոխիր էլ չմնա: Նա շատ է ուզում հավատալ, որ մի օր այրված համարվող նկարները կհայտնաբերվեն: Թող դա լինի տասնամյակներ անց: Զարմանալի է. այրվել է նավի միայն բեռնախուցը, մնացած հատվածներն անվնաս են մնացել: «Ֆրիժին» լողացել է մինչեւ 1946 թվականը:

Մարտիրոս Սարյանի արվեստը շահարկվում ու շահագործվում է: Ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվում են հրապարակումներ, թե իբր Սարյանի այսինչ նկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային 70 հազար դոլարով: Իսկական Սարյանի գինը մեկ զրոյով ավել է: Ռուզան Սարյանը պատմեց, որ ստիպված է փորձագետների դեմ հավերժական պայքար մղել, որովհետեւ հենց նրանք են անվանազրկում Սարյանին ու նրա իսկական գինը գրոշների վերածում: Կեղծված նկարներին փորձագիտական փաստաթուղթ են տալիս, հայտարարում, թե իբր Սարյան են ու ճանապարհ բացում դեպի էժանագին աճուրդներ: Նման փորձագիտական եզրակացություններով կեղծ Սարյաններ են դուրս եկել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնիցՙ Ռուզան Սարյանի կեղծված ստորագրությամբ: Դեպքի առիթով դատական գործ է հարուցվել: Ի վերջո, չի կարող Սարյանի կտավը 80 տարի անհայտության մեջ մնալ, ու հանկարծ 21-րդ դարում այսուայն աճուրդում բուսնել: «Թրինիթի», «Շապիրո» աճուրդի կենտրոններում արվեստն ու արհեստն իրար են խառնված. այնտեղ կարեւորը փողն է, ու հենց այս աճուրդներում են հաճախ հայտնվում կեղծված Սարյանները, անգամ այնպիսի խզբզանքներ, որոնց օրիգինալը Սարյանը երբեք չի էլ նկարել: «Սոթբիզից» Ռուզան Սարյանին են ուղարկել կեղծված Սարյանի կտավի լուսանկարը եւ Սարյանի տուն-թանգարանի սովետական ձեւաթուղթՙ «Ռուզան Սարյան» կեղծված ստորագրությամբ, թե իբր Սարյանի կտավին փորձագիտական եզրակացություն է տրվել: Ռուզան Սարյանն ապշած է. ինքը թանգարանի տնօրեն է նշանակվել անկախության տարիներին, ինչպե՞ս կարող էր գրել եւ ստորագրել սովետական ձեւաթղթի վրա: Բացի այդ, ե՛ւ ստորագրությունն է կեղծված, ե՛ւ Սարյանը: Ինչպե՞ս վերջ դնել կեղծարարություններին. Սարյանի թոռնուհին դժվարանում է արդյունավետ ելքեր նշել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 28-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ