ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ Ա. Բ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչության կողմից տպագրվող «Երաժշտական կրթության բրիտանական հանդեսի» այս տարվա հուլիսյան համարում (հատոր 35, թիվ 2) ընդգրկվել է նաեւ «Երաժշտական կրթության հարցերը սկսնակ մեծահասակների համար Հայաստանում. դաշնամուր նվագելու դժվարությունների մասնավոր վերլուծություն» հետազոտությունը (էջ 191-202): Հեղինակըՙ արվեստագիտության թեկնածու Աննա Ադամյանը , Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ է, դաշնակահար եւ երաժշտագետ: Տարիներ շարունակ զբաղվելով կատարողական եւ մանկավարժական ակտիվ գործունեությամբՙ Ադամյանն այս հետազոտության մեջ ամփոփել է սեփական փորձը, արծարծելով այնպիսի արդիական մի հարց, ինչպիսին է տասնվեց տարեկանից բարձր սկսնակների երաժշտական ուսուցման, մասնավորապես` դաշնամուրին տիրապետելու հոգեբանական եւ կատարողական առանձնահատկությունները: Բարձրացված հինգ հարցերի միջոցով հեղինակը վեր է հանել այդ խնդիրները եւ յուրաքանչյուրի հաղթահարման համար տվել իր մեթոդական խորհուրդներըՙ որպես օգտակար նյութ մեծահասակ սկսնակների ուսուցման սկզբնական փուլի համար առաջարկելով Արամ Խաչատրյանի «Անդանտինո» դաշնամուրային պիեսը: Աննա Ադամյանը հեղինակ է «Տիգրան Չուխաճյանի դաշնամուրային ստեղծագործությունը» մենագրության (2015) եւ «Հայ երաժշտության պոլիֆոնիկ նմուշներ» մեթոդական ձեռնարկի (2016), ինչպես նաեւ շուրջ երեք տասնյակ հոդվածների (հայերեն, անգլերեն, ռուսերեն), որոնք լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Լիբանանում: |