ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ Մոսկվայից լուր հասավ, որ այնտեղ իր մահկանացուն է կնքել գրականագետ Կարեն Ստեփանյանը: Հայ գրականագետը հայտնի անուն էր, ճանաչված թե՛ ռուսական գրական եւ գիտական միջավայրում, թե՛ համաշխարհային դոստոեւսկիագիտության մեջ: Կարեն Ստեփանյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, Դոստոեւսկու Ռուսական ընկերության փոխնախագահ (1996 թվականից), «Դոստոեւսկին եւ համաշխարհային մշակույթը» ծանրակշիռ տարեգրքի գլխավոր խմբագիր (1993 թվականից), Ռուսական ժամանակակից դպրության ակադեմիայի անդամ, ինչպես նաեւ Ռուսաստանի գրողների միության (1993 թվականից) եւ լրագրողների միության անդամ (1982 թվականից): Նա թողել է հարուստ եւ մեծարժեք ժառանգությունՙ արդի ռուսական գրականագիտության մեջ իրենց մնայուն տեղը ունեցող ծավալուն գրքեր եւ գրական ու գիտական լուրջ հանդեսներում եւ ժողովածուներում հրապարակված ավելի քան 150 ուսումնասիրություն: Կարեն Ստեփանյանը ծնվել է Երեւանում 1952 թվականին, մտավորական ծնողների ընտանիքում: Հայրըՙ Աշոտ Ստեփանյանը, եղել է Խորհրդային Հայաստանի մշակույթի փոխնախարար, ապա Հայաստանի Պետկինոյի նախագահի տեղակալ, մայրըՙ Գայանե Չեբոտարյանը, հայտնի երաժիշտ էր, կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի պրոֆեսոր: Կարեն Ստեփանյանը 1974 թվականին ավարտում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետըՙ Դոստոեւսկու «Կրկնակը» վեպին նվիրված դիպլոմային աշխատանքով: Դոստոեւսկու գրականության հանդեպ դեռեւս ուսանողության տարիներից ունեցած իր առանձնակի հետաքրքրությունը հետագայում նրան պետք է տաներ արդի գրականագիտության ամենադժվարին, բայց եւ շատ պատվավոր ասպարեզըՙ դեպի գիտական դոստոեւսկիագիտություն: Երեւանի համալսարանը ավարտելուց հետո, անմիջապես նույն տարում, 1974 թվականին նա ընդունվում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: 1979 թվականին հաջողությամբ պաշտպանում է իր թեկնածուական թեզըՙ «Պատմողների գործառույթը Դոստոեւսկու եւ Ֆոլքների վեպերում» թեմայով: Երիտասարդ գրականագետի համար սկսվում է գիտական դոստոեւսկիագիտության դժվարին ուղին: Ռուս գրողի ստեղծագործական վիթխարի ժառանգության շուրջ վաղուց արդեն գոյություն ուներ, կար գրականագիտական եւ բանասիրական լուրջ մենագրությունների, ուսումնասիրությունների եւ հետազոտությունների նույնքան վիթխարի մի քանակություն: Դոստոեւսկու գրականության շուրջ մեծարժեք ուսումնասիրություններ են գրել խոշոր եւ անվանի շատ գիտնականներ, ինչպես, օրինակ, Միխայիլ Բախտինը, Բորիս Ուսպենսկին, Բորիս Կորմանը, Արկադի Դոլինինը, Դմիտրի Լիխաչյովը, Սերգեյ Ավերինցեւը, Վալերի Կիրպոտինը եւ տասնյակ ուրիշներ: Նրանցից հետո դոստոեւսկիագիտության ասպարեզ մտնելը մեծ հանդգնություն էր ու համարձակություն, առավել եւս անկարելի էր թվում նոր խոսք ասելը: Եվ այնուամենայնիվ հայ գրականագետը կարողացավ տարիների ընթացքում հաստատել իր տեղը գիտնականների այդ փաղանգում եւ ասել իր հիմնավոր գիտական խոսքը արդի դոստոեւսկիագիտության մեջ: 1978 թվականին երիտասարդ գրականագետը աշխատանքի է անցնում Խորհրդային Միության ամենահայտնի եւ ամենահարգի գրական-մշակութային շաբաթաթերթումՙ «Լիտերատուրնայա գազետա»-ում («Գրական թերթ»), նախ իբրեւ գրական աշխատող ԽՍՀՄ ժողովուրդների գրականության բաժնում, ապա իբրեւ գրականագիտության բաժնի խմբագիր եւ տեսաբան: Երկու տարի անց նա արժանանում է «Լիտերատուրնայա գազետա» թերթի ամենամյա մրցանակին: Պետք է նկատի առնենք, որ շաբաթաթերթի էջերում իր հոդվածներն էր տպագրում հայտնի գրականագետների մի ամբողջ բանակ: Տասը տարի անց նա փոխում է իր աշխատավայրը. 1988 թվականին Կարեն Ստեփանյանը աշխատանքի է անցնում «Զնամյա» («Դրոշ») գրական-մշակութային, հանրային-քաղաքական ծավալուն հանդեսի խմբագրության քննադատության բաժնում: Նա ամսագրի քննադատության բաժնի վարիչն էր, խմբագրության կոլեգիայի անդամ: 1995 թվականին նա արժանանում է ամսագրի մրցանակինՙ «Հայաստան. XX դարի վերջ, գարուն: Պահք» հոդվածի համար: Մի շրջանում, հատկապես «Լիտերատուրնայա գազետա»-ում աշխատելու տարիներին, Կարեն Ստեփանյանը զուգակցում է գրաքննադատությունն ու գիտական-հետազոտական աշխատանքըՙ իր գիտական որոնումները Դոստոեւսկու ստեղծագործության ուսումնասիրության ասպարեզում: 1980-ական թվականներին հմուտ եւ բարձրաճաշակ գրականագետը Լեւ Աննինսկու, Իգոր Զոլոտուսսկու եւ մի քանի այլ անձանց հետՙ ժամանակի ամենահայտնի քննադատներից մեկն էր: Կարեն Ստեփանյանը այն գրականագետներից էր, որ գիտեր, թե ինչ է իսկական գրականությունը եւ իսկական գեղարվեստական արժեքը: Այդպիսի գրականագետները շա՛տ քիչ են: Եվ Կարեն Ստեփանյանը այդ քչերից մեկն էր: Եվ այնուամենայնիվ գրականագետը աստիճանաբար թողնում է առօրյա գրաքննադատական գործունեությունը եւ հիմնավորապես նվիրվում է Դոստոեւսկու գրականության ուսումնասիրությանը: Մեկը մյուսի հետեւից հրատարակում է մի շարք ուսումնասիրություններ, որոնք անմիջապես իրենց վրա են հրավիրում գիտական միջավայրի ուշադրությունը, եւ նշանավոր դոստոեւսկիագետները դրանք ընդունում են անառարկելիորեն: Դա երիտասարդ գրականագետի մեծ հաջողությունն էր: 1992 թվականին լույս է տեսնում Կարեն Ստեփանյանի առաջին գիրքըՙ «Դոստոեւսկին եւ հեթանոսությունը (Դոստոեւսկու ո՞ր մարգարեություններին մենք ունկնդիր չեղանք եւ ինչո՞ւ)»: 1990-ական թվականների իր հետազոտությունների զգալի մասը տեղ գտավ գրականագետի հաջորդ գրքում, որը կոչվում է «Գիտակցել եւ ասել. ռեալիզմը բարձրագույն իմաստով իբրեւ Դոստոեւսկու ստեղծագործական մեթոդ» (2005): Ծավալուն այս գրքի առաջին մասը նվիրված է արդի դոստոեւսկիագիտության եւ գրականագիտության հիմնական խնդիրներից մեկինՙ ի՞նչ է նշանակում Դոստոեւսկու խոսքով ձեւակերպված «բարձրագույն իմաստով ռեալիզմը», ո՞րն է նրա էությունը, ի՞նչն է նրա ինքնատիպությունը: Իր առջեւ դրված խնդիրը լուծելու համար Կարեն Ստեփանյանը արծարծել է վիթխարի ծավալով աստվածաբանական, փիլիսոփայական եւ գիտական-տեսական գրականություն: Գրքում ընդգրկված են գրականագետի նաեւ այլ գիտական ուսումնասիրություններՙ Դոստոեւսկու պատմելաձւեի, գրողի երկերի բեմականացումների եւ այլ խնդիրների շուրջ: Կարեն Ստեփանյանի հաջորդ ծավալուն գիրքը կոչվում է «Երկխոսությունը եւ երեւույթները Դոստոեւսկու վեպերում» (2010): Այս գրքում գրականագետը ուսումնասիրում է Դոստոեւսկուն հուզող մի այլ կարեւորագույն խնդիրՙ ի՞նչ նպատակ եւ խնդիրներ է դնում իր առջեւ այն մարդը, որը որոշել է արմատախիլ անել երկրի վրա տիրող չարիքն ու անարդարությունը, ի՞նչ պարտավորություններ է վերցնում նա իր վրա եւ ի՞նչ իրավունքներ է վերապահում իրեն: Կարեն Ստեփանյանի վերջին ծավալուն գիրքը կոչվում է «Դոստոեւսկին եւ Սերվանտեսը. երկխոսություն մեծ ժամանակի մեջ»: Գիրքը հիմնականում նվիրված է Դոստոեւսկու եւ Սերվանտեսի ստեղծագործության եւ աշխարհայացքի համեմատական քննությանն ու վերլուծությանը համաշխարհային գրականության համատեքստում: Գրքում Կարեն Ստեփանյանը առանձնակի ուշադրություն է հատկացնում երկու մեծ գրողների ստեղծագործական մեթոդների եւ պատմելաձեւի կերպերի համեմատական վերլուծությանը եւ համաշխարհային գրականության եւ ռեալիզմի պատմության մեջ դրանց ունեցած տեղին: Նույնքան արժեքավոր եւ նշանակալից են գրականագետի գրեթե բոլոր ուսումնասիրությունները: Կարեն Ստեփանյանը բարձր ինտելեկտ ունեցող եւ մեծ էրուդիցիայի տեր գիտնական էր, բազմակողմանիորեն զարգացած գրականագետ, հմուտ վերլուծաբան եւ բարձրաճաշակ անձնավորություն: Ճիշտ է, Կարեն Ստեփանյանը ողջ կյանքում հիմնականում զբաղվել է ռուսական գրականության եւ համաշխարհային մշակույթի հարցերով եւ խնդիրներով, բայց հոգով եւ էությամբ մշտապես կապված էր իր հայրենիքի հետ: 1992 թվականին «Լիտերատուրնայա գազետա»-ում տպագրված հոդվածներից մեկում («Խաղաղ լույս») ավարտից առաջ Կարեն Ստեփանյանը գրում էր. «Այստեղ ես պետք է ընդհատեի ինքս ինձ եւ վերջացնեի, եթե ես ռուս լինեի: Բայց... Ռուսաստանը ապրում է եւ կապրի, իսկ իմ հայրենիքում մարդիկ են զոհվում, կենդանի այրվում են, շնչահեղձ են լինում նկուղներում գնդակոծությունների տարափի ներքո, կանայք եւ երեխաները տառապում են սովից»: Կարեն Ստեփանյանը մշտապես ապրել է Հայաստանի կյանքով, Հայաստանի ու հայության տագնապներով ու ահերով: Այո՛, նա հիմնականում զբաղվել է ռուսական գրականության եւ համաշխարհային մշակույթի խնդիրներով եւ իբրեւ ռուսերեն ստեղծագործող գիտնական, իր արժանի եւ պատվավոր տեղն ունի ռուսերեն ստեղծագործած, անուն եւ համարում ունեցող հայազգի գիտնականներիՙ Կարապետ Ջիվելեգովի, Գրիգոր Բոյաջիեւի, Բորիս Ռեիզովի եւ մի քանի մեծատաղանդ այլ անձանց շարքում: Ավարտվեց տաղանդավոր գրականագետի երկրային ուղին: Դա լուսավոր ու պայծառ մարդու, անբասիր եւ իր կոչումին նվիրված գիտնականի եւ խոնարհ քրիստոնյայի ճանապարհ էր: Խորին հարգանք իր իր անունին, իր գործին եւ իր հիշատակին... |