ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ Է «ԱՆԱՊԱՏԻ ԱԳՌԱՎՆԵՐԸ» Հ.Ծ. Առլինգտոնի միջազգային կինոփառատոնի նախաշեմին հոկտեմբերի 7-ին Ուոթերթաունի «Արվեստի Մովսեսյան կենտրոնում, ցուցադրվելու է «Էմմի» մրցանակի արժանացած, պատմա-վավերագրական ֆիլմերի ճանաչված ռեժիսոր եւ պրոդյուսեր Մարթա Հուսկի «Անապատի ագռավները» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ծանրագույն ժամանակաշրջանում Լեւոն Յոթնախպերյանի անցած հերոսական ճանապարհի մասին: Նա պարտավոր էր փրկել ոչ միայն իր, այլեւ զեյթունցի բազմաթիվ հայրենակիցների կյանքը, հաղթահարելով անթիվ-անհամար դժվարություններ եւ դեմ առ դեմ գալով արքայազն Ֆայսալի, լրտես Սարա Աարոնսոնի եւ Էլ-Աթրաշների նման անձնավորությունների հետ: Ֆիլմը, որի գործադիր պրոդյուսերը Պոլ Թուրբանճյանն է, ամբողջովին հիմնված է Լեւոն Յոթնախպերյանի հուշագրությունների եւ արխիվային եզակի նյութերի եւ լուսանկարների վրա: Այս տարի ֆիլմը Լոնդոնում արժանացել է «Պատմական փաստերի լավագույն օգտագործման» Ֆոկալ (Focal) հեղինակավոր միջազգային մրցանակին, որն եկել է գումարվելու նախկին ինը մրցանակներին: Մասնակցել է ավելի քան 20 միջազգային կինոփառատոների: Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ջոն Մասսարին : Ֆիլմի ցուցադրությունից հետո, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, ներկաները հնարավորություն են ունենալու հարցեր ուղղել Լեւոն Յոթնախպերյանի թոռանըՙ Լեւոն Փարյանին , որ ճանաչված լուսանկարիչ է եւ հրատարակել է իր մեծ հոր հուշագրությունը: |