RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-04 19:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Նաիր ՅԱՆ

Շառլ Ազնավուր

Ի՞նչ եղանակ է եղել Փարիզում 1924-ի մայիսի 22-ին, երբ ծնվել է Միշա եւ Քնար Ազնավուրյանների որդինՙ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: Կա՛մ Ազնավուրն ինքնակենսագրական գրքերում չի գրել, կա՛մ էլ գրել է, ես չեմ հիշում:

Ազնավուրի մասին մեկ տասնյակից ավելի հոդված եմ գրել, հատկապես նրա տարեդարձների առիթով: Հատկապես 90-ամյակից հետո սրտի դողով, մի տեսակ երկյուղածությամբ էի գրում նրա մասին: Ի վերջո, որքան էլ չուզենայի, տարիներն Ազնավուրին չէին խնայում, ամեն ծննդյան օր կճմթելով կրճատում էր նրա երկրային կյանքը: Հատկապես հայերիս հայացքը նրան էր փնտրումՙ Շառլը որտե՞ղ մեկնեց, ո՞ւմ հարցազրույց տվեց, ի՞նչ ասաց: Հենց հայաստանյան քաղաքական իրավիճակը լարվում էր, սպասում էինքՙ Շառլը կարձագանքի: Ու նրա համարձակ, անկաշառ խոսքը սթափեցնում էր: Գիտեինքՙ եթե անգամ ամոթանք ու նախատինք է տալիս, սրտի ցավից է ասում. ասում է, որ խելքի գանք, միմյանց խնայենք, մեր երկիրը փայփայենք ու պահպանենք: Մոլորակի վրա ասեղի անցքի չափ մեր հայրենիքից հետեւում էինք, թե մեծ աշխարհի ո՛ր բեմում է Շառլը. նրա մեծությունից մենք էլ էինք մեզ մեծ զգում: Գիտեինք, նա կա, մեզ մենակ չի թողնի: Քաղաքականությունն ու դիվանագիտությունը մի վայրկյանում կխոնարհվեն նրա անվիճելի հեղինակության առջեւ: Ազնավուրով մեր թիկունքը պինդ էր. թեկուզ հազարավոր կիլոմետրեր հեռու էր նա Հայաստանից, բայց գիտեինք, որ մեզ հետ է, համենայն դեպս, այդպես էինք մենք զգում:

Գիտեի, որ մոլորակի վրա դեռ անմահ մարդ չի ծնվել, բայց մի վայրկյան անգամ չեմ մտածել, թե մի օր կտարածվի Շառլի մահվան լուրը: Մանավանդ որ Արտիստն իր համար ծրագրել էրՙ 120 տարի ապրելու է: Շատերս էինք միամտորեն կարծում, թե Ազնավուրն անմահ է: Մտածում էինք, թե համընդհանուր սերն ու ակնածանքը, մեր աղոթքները Շառլին կպաշտպանեն անգամ մահից:

Ուզում էի, որ Ազնավուրը բացառություն լիներ, որովհետեւ նրա չլինելը երբեք չեմ պատկերացրել: Ու ինձ նման մի ամբողջ ժողովուրդ չի պատկերացրել իրենՙ առանց Շառլի: Նա մեր խտացված խիղճն էր, մեր բյուրեղացած հպարտությունը, մեր անպարտելի նեցուկը, մեր հոգու սյունը, որի վրա կարող էինք բերդ ու ամրոց կառուցել:

Ի՞նչ եղանակ է եղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Փարիզում. Հայաստանում նրա մահվան օրն արեւոտ էր ու տաք: Ոչ մի չար կանխազգացում. ու հանկարծ բազմալեզու բոթը ցնցեց մեդիա-դաշտըՙ Շառլ Ազնավուրը մահացել է: Միջազգային լրատվամիջոցների թողարկումներն սկսվեցին Ազնավուրի մահվան գույժով: Որբության զգացում, ներքին դատարկություն, անչափելի ափսոսանք. ասես մի շատ թանկ ու նվիրական բան, որ միշտ ընդելուզված է եղել մեզ, ծնված օրից մեզ հետ է եղել, մեր էությունից անբաժանՙ միանգամից պոկվեց ու անհետ հեռացավ: Գիտեինք, որ նա կա մեր մեջ, ամբողջ ազգի մեջ ու յուրաքանչյուրիս մեջՙ հատ-հատ: Դրա համար էլ մեր ցավն անձնական է, ազգային ու համամարդկային: Ազնավուրի ֆենոմենը մենք կապում էինք նրա հայ լինելու հետ, այդպիսով ավելի ինքնավստահ էինք մեզ զգում. հայկական գենը Հանճար է ծնել:

Ազնավուրը հասցրեց ապրել. նա ծանր պատանեկություն ու երիտասարդություն է ունեցել: Բայց եթե այդ տարիները հարթ ու սահուն անցնեին, միգուցե աշխարհն Ազնավուր չունենար: Նա իր համառությամբ, իր արվեստի հանդեպ անվերապահ հավատով կռել-կոփել է իր կյանքը հենց այդ տարիներին: Նրա տեսակը հենց այդ ժամանակ է սաղմնավորվել ու ամրագրել իր մնայուն տեղը համաշխարհային երգարվեստում, որովհետեւ նա անսովոր արտաքին, անսովոր ձայն ուներ, բեմի, երաժշտության ու, ամենակարեւրը, կյանքի հանդեպ անսովոր վերաբերմունք:

Ազնավուրի երկացանկին երբեմն-երբեմն մոտեցել են, բայց ո՞վ կարող է նրա նման «Լա բոհեմ» ու «նւ, ՐՈջ. պքպ ՐՈջ» երգել, ո՞վ կարող է սիրո բոլոր արտահայտչամիջոցներն ամբարել մի փոքրիկ մարմնում եւ 80 տարի շարունակ սեր ճառագել: Նա վաստակել է փառքի ու մեծարանքի բոլոր դափնիները. չկա մի մայրցամաք, որտեղ նրա անունն ակնածանքով չհնչի: Նրա արվեստը սեռ ու տարիք, նոր ու հին սերունդ չի ճանաչում: Շառլի մահը սգում է ամբողջ մոլորակը: Վերջին մի քանի տասնամյակում ոչ ոք չի հիշում նման դեպք, երբ որեւէ մեկի կորուստն այսչափ ցնցի ու ցավեցնի համայն մարդկությանը: Համաշխարհային ճանաչման արտիստներ ու երգիչներ, քաղաքական գործիչներ, երկրների նախագահներ ու միլիարդավոր հանրություն. արդեն քանի օր մոլորակը չի հաշտվում Ազնավուրի մահվան փաստի հետ: Մոլորակի քաղաքացին իրենից հետո մոլորակին թողեց անչափելի բարձր արվեստ, մարդկային չխամրող հետագիծ, պայծառ հիշատակ: Նրա մասին մեկ անգամ չէ, որ հնչեց ՙ մոլորակի վերջին մարդ-լեգենդի երկրային կյանքն ավարտվեց, իսկ հայերիս համար մոլորակի Ամենամեծ Հայը վախճանվեց: Ֆրանսիացիները մինչեւ Ազնավուրը չգիտեին, որ ֆրանսերենն այդքան երգեցիկ լեզու է: Ազնավուրի երգերն այնպես են ներշնչել, որ հազարավոր մարդիկ այդ երգերի շնորհիվ ֆրանսերեն են սովորել: Այդ երգերի մոգականությունն ու հմայքը կապված են դրանց հեղինակի հետ: Երգն ու երգիչը մեկ ամբողջություն են, մի մարմին ու մի հոգի, որովհետեւ այդ երգերն արտահայտում են հեղինակի ապրած կյանքն ու իրական հույզերը: Միլիոնավոր մարդիկ այդ հույզերի մեջ իրենց են տեսել, վերագտել իրենց ապրած սերն ու սիրո քաղցրությունը: Ազնավուրն իր երգերով սովորեցնում է ապրել, սովորեցնում է սիրել: «Ես անընդհատ բառարաններ եմ թերթում, որպեսզի նոր բառերով սիրեմ աշխարհն ու կյանքը»,- ասել է շանսոնյեն:

Այսուհետեւ Շառլ Ազնավուրի կյանքն այլ կերպ է շարունակվելու, այն լուսավոր թախիծը, որ զգում ենք, այն կսկիծ-ափսոսանքը, որ ապրում ենք, մեր ներսում տեղ է բացում մի ուրիշ Ազնավուրի համար: Նա Հավերժի Ճամփորդ դարձավՙ մեր հոգիներում սրբագրելով ֆիզիկական մահվանը հաղթած իր արվեստի անպարտելիությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ