ՀԱՄԱԶԳԱՅԻՆՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՈՎ ՆԱԻՐ ՅԱՆ Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում կրքերը հանդարտվել ենՙ ի հաշիվ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած Վիգեն Չալդրանյանի եւ այդպես էլ թատրոնի շենք չմտած Սուրեն Շահվերդյանի զիջողական դիրքորոշման: Համազգայինցիները դեկտեմբերի 1-ից գործադուլ են հայտարարել եւ անդրդվելի են իրենց պահանջներումՙ գեղարվեստական ղեկավար նշանակել Նարինե Գրիգորյանին, տնօրենՙ Արման Նավասարդյանին: Երկուսն էլ համազգայինցի են: Այլ թեկնածուի անուն նրանք լսել անգամ չեն ուզում: Առհասարակ այս թատրոնի կորիզը հիմնականում հնաբնակներից է կազմված: Երկու տարի առաջ գեղարվեստական ղեկավար նշանակված Վիգեն Չալդրանյանի հետ լեզու չգտնելովՙ համազգային թատրոնը հասավ իր նպատակին. մոտ երկու շաբաթ առաջ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարված Վիգեն Չալդրանյանն օրեր առաջ տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում էլ է ներկայացրել: Հիշեցնենք, որ մինչ այդ տնօրենի լիազորություններ ունեցող Վիգեն Չալդրանյանը համազգայինի գեղարվեստական ղեկավար էր նշանակել բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին: Նա մի քանի անգամ փորձեց կոմպրոմիսի գնալ համազգայինցիների հետՙ առաջարկելով համատեղ աշխատելու փորձ անել: Չստացվելու դեպքում Սուրեն Շահվերդյանը խոստանում էր թողնել այս թատրոնը: Նա Նարինե Գրիգորյանին առաջարկել էր ներկայացում բեմադրել Համազգայինում, միասին աշխատել, լսել թատերախմբի մտահոգությունները, կարծիքները, փոխադարձ համաձայնության գալ: Սակայն համզգայինցիներն անդրդվելի էին. Սուրեն Շահվերդյանի անունը լսել անգամ չէին ուզում: Արդյունքում 5 օր առաջ Սուրեն Շահվերդյանը մամուլում եւ սոցցանցերում հանդես եկավ հայտարարությամբ, որ հրաժարվում է համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնիցՙ թատրոնին մաղթելով ստեղծագործական հաջողություն: |