ԲԱՆՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԲԵՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հ. Ծ. «Սարսափելի ծանր իրավիճակի մասին անզուսպ ծիծաղ առաջացնող պիես»: Այսպես է «Նյու Յորք Թայմսը» բնութագրել, ըստ Թալին Բաբայանի («Միրոր-Սփեքթեյթր), Ջո Ասատուրյանի հեղինակած եւ բեմականացրած «The Bullpen» (Բեյսբոլում գնդակը նետողների տարածքը) 65 րոպեանոց մոնոներկայացումը «The Playroom» թատրոնում, որտեղ Ջոն մարմնավորում է 18 տարբեր անձնավորություններ: Պիեսը, որն ինքնակենսագրական է, մի մարդու մասին է, որին ձերբակալում են եւ մեղադրում մի հանցանքի համար, որ նա չի կատարել: Նա գտնվում է խաղադաշտի եւ գնդակը նետողների տարածքի մեջտեղում, որտեղ հանդիպում է բազմապիսի մարդկանց: Ջոն 2001-ին Նյու Յորքում ձերբակալվել է վեճի պատճառով առաջացած սպանության փորձի մեղադրանքով եւ 12 տարվա բանտարկության դատապարտվել «Օտիսվիլ» ուղղիչ տանը: Ջոն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց բանտում ընթերցանությամբ զբաղվելով եւ իր հարուստ երեւակայությունը օգտագործելով նա սկսել է պիեսներ գրել, որոնք արժանացել են PEN-ի «բանտային գրությունների մրցանակին (2002-ին եւ 2003-ին): «Երկնային արքայություն», «Ջո Շեքսպիր» եւ այլ պիեսներից հետո, նա գրել է «Bullpen-ը», որ 2014-ի հուլիսին է առաջին անգամ բեմադրվել իր դերակատարությամբ, ազատ արձակվելուց հետո եւ մինչ օրս շարունակում է իր հաղթական երթը «անզուսպ ծիծաղ» պարգեւելով հանդիսատեսին: Ջոյի ծնողները Լիբանանից են, որոնք Ամերիկա են տեղափոխվել 1970-ական թվականներին: Բնատուր տաղանդով օժտված եւ հումորի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցող Ջոն գտնում է, որ «ծանր իրավիճակները խթանում են մարդու երեւակայությունը»: Պրոդյուսեր Լարրի Միստրիխն այժմ կաբելային հեռուստատեսության համար ֆիլմի է վերածում «The Bullpen-ը»: Բացի դրանից Ջոն նկարահանվում է Ամազոնյան «The Grind» եւ «Billions» բազմասերիանոց ֆիլմերում: Նրան արդեն շնորհվել է «Screen Actors Guild» միության անդամակցություն: Նկար 1. Ջո Ասատուրյան |