ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԴԵՐՎԻՇԸ» ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով (թիվ 178) 2018 թվականին լույս տեսավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի վաստակաշատ աշխատակցուհի Հասմիկ Ստեփանյանի «Գեւորգ Բամպուքճյան. կյանքը, գործը եւ ժամանակը (1923-1996)» գիրքը: Ոչ այնքան ծավալուն բայց բավական բովանդակալից այս աշխատանքը լավագույնս ներկայացնում է պոլսահայ բազմերախտ բանասեր, մատենագետ եւ թարգմանիչ Գեւորգ Բամպուքճյանի կյանքը եւ գործը: Հատորյակը, որ մեծ գիտնականի վաստակի արժանի գնահատանք է եւ նրա հիշատակի խնկարկում, կարեւոր է հատկապես հայաստանյան գիտական եւ ընթերցող լայն հանրության համար, քանի որ հայրենի գիտությանը ծանրակշիռ նպաստ բերած բազմարդյուն այս ուսումնասիրողի անունը գրեթե հայտնի չէ մայր հայրենիքում: Իսկապես, ինչպես ցույց է տալիս գրախոսվող աշխատանքը, վիթխարի է Գեւորգ Բամպուքճյանի գիտական վաստակը: Նա հեղինակ է հազարի չափ հայերեն եւ թուրքերեն հոդվածների, հետազոտությունների եւ հրապարակումների, որոնք վերաբերում են հայագիտական ու թուրքագիտական տարբեր խնդիրներիՙ բանասիրության, պատմագիտության, մատենագիտության, աղբյուրագիտության եւ այլ ոլորտներում: Հ. Ստեփանյանը չի հավակնել կատարել Գեւորգ Բամպուքճյանի ժառանգության գիտական ուսումնասիրությունը, այլ ստեղծել «հանրամատչելի ուղեցույց... թուրքագետների եւ հայագետների, մասնավորապես Օսմանյան կայսրության, Արեւմտյան Հայաստանի պատմությամբ զբաղվողների համար»: Դա նրան լիովին հաջողվել է: Բամպուքճյանի համառոտ կենսագրականը ներկայացնելուց հետո, Ստեփանյանն առանձին գլուխներով անդրադարձել է գիտնականի թուրքերեն եւ հայերեն ուսումնասիրություններին: Բամպուքճյանը հարյուրավոր թուրքերեն հոդվածներ է տպագրել մեկ տասնյակից ավելի թուրքական հանրագիտարաններում եւ մի շարք մասնագիտական պարբերականներում: Այդ հոդվածներից շատերը հավաքվել են եւ գիտնականի անձնական հարուստ արխիվից քաղված բազում վավերական նյութերի հետ միասին, նրա մահից հետո, Ստամբուլի «Արաս» երկլեզվյա (հայերեն եւ թուրքերեն) հրատարակչությամբ լույս են տեսել չորս ստվար հատորներով (2002-2003 թթ.): Այստեղ ընդգրկված հոդվածներում Բամպուքճյանը հիմնականում հայկական եւ թուրքական աղբյուրների հիման վրա հմտորեն քննել է Կոստանդնուպոլսի պատմությունը, ներկայացրել է հայատառ թուրքերեն գրականությունը, որոշ կարեւոր աղբյուրներիՙ իր կատարած թուրքերեն թարգմանությունները, վեր հանել Թուրքիայի պատմության եւ մշակույթի տարբեր բնագավառներում հայության կատարած ծանրակշիռ ներդրումները, այդ ասպարեզում հազարավոր հայազգի գործիչների կենսագրականները: Գրախոսվող հատորյակի մոտ յոթ տասնյակ էջերում հայատառ թուրքերեն գրականությանը եւ Օսմանյան կայսրության պատմությանը լավատեղյակ հեղինակը քննել է Բամպուքճյանի թուրքերեն աշխատանքների քառահատորյակը եւ ընթերցողին ներկայացրել դրանց պարունակությունը, գիտնականի շրջանառած հարուստ տեղեկատվությունն ու սթափ քննությունները, եզրահանգելով, որ «հոդվածներից յուրաքանչյուրն իր նյութով ու բացահայտումներով ներդրում է թուրքագիտության մէջ»: Առանձնակի հիշատակելի են Բամպուքճյանի այն թուրքերեն ուսումնասիրությունները, որոնց մեջ նա բացահայտել է շուրջ 500 թուրքագիր աշուղների հայկական ինքնությունը, «նրանց ժառանգության հայկական մշակույթի մաս կազմելու փաստը եւ դրանց թուրքացման ձգտումներին խոչընդոտելու մասնագետի ազնիվ մղումը»: Բամպուքճյանը, որ քաջատեղյակ է եղել պատմական իրողություններին եւ միաժամանակ եղել է անաչառ գիտնական, դժվարին հոգեկացության մեջ է գտնվելՙ գործելով թուրքական միջավայրում, որտեղ պատմական փաստերը միտումնավոր կեղծվել եւ կեղծվում են ի վնաս հայերի: Բոլոր այդ խեղաթյուրումներն անպատասխան չի թողել նա, եւ Հ. Ստեփանյանը զարմանքով ու հիացմունքով է գրել. «Ինչպե՞ս է կարողացել այդ առաջին հայացքից համեստագույն գիտնականն այդքան համարձակ հակահարված տալ հակահայ հոդվածներին եւ հրապարակումներին»: Ապա ավելացրել է, որ Բամպուքճյանի «սեղմ, զուսպ գրչով, գիտական ու պատմական անհերքելի փաստարկներով ի չիք են դարձվել կանխամտածված հարձակումները, հերյուրանքներն ու հակահայկական մթնոլորտը շիկացնելու ձգտումները»: Հիրավի, մեծ գիտնականը «կանխել է մեր մշակույթի, պատմության շուրջ մտացածին գործերի, խեղաթյուրումների թվի աճը» եւ «տարիներ շարունակ զսպաշապիկի դեր է կատարել թուրքամոլ օտար եւ թուրք գիտնականների համար»: Ավելին, նա իր աշխատանքներով, թե՛ նշանակալից ներդրում է կատարել թուրքագիտության մէջ եւ թե՛ նպաստել «հայ եւ թուրք մշակույթների կամրջմանը», ինչի շնորհիվ նա, իսկապես եւ արժանիորեն, «ծայրաստիճան հարգված է եղել ոչ միայն հայ, այլեւ թուրքական գիտական շրջանակներում, ունեցել թուրք աշակերտներ, որոնք տիրապետելով հայերենին, այսօր հայտնի անուններ են թուրք գիտական շրջանակներում եւ մասամբ զբաղվում են հայագիտությամբ, հպարտությամբ հիշելով իրենց ուսուցչին»: Հ. Ստեփանյանն, առավել սեղմ, անդրադարձել է Գեւորգ Բամպուքճյանի հայերեն գիտական ժառանգությանը եւ ըստ արժանվույն գնահատել այն: Այդ հարուստ ժառագության մեջ առկա են մենագրություններ, ուսումնասիրություններ, հոդվածներ, որոնք «նաեւ բամպուքճյանական երախտագիտության զգացումների արտահայտություններ ենՙ ուղղված առանձին մտավորականների, հաստատությունների, ինչպես Մխիթարյան վանքերի վարդապետներին, երեւանյան Մատենադարանին եւ այլոց»: Հիրավի, մեր Եկեղեցու եւ մշակույթի ուսումնասիրման առումով կարեւոր ներդրումներ են հատկապես «Յակոբ Նալեան Պատրիարք 1706-1764. կեանքը, գործերը եւ աշակերտները» (Իսթանպուլ, 1981) եւ «Յովհաննէս Պատրիարք Կոլոտ (1678-1741) եւ իր աշակերտները» (Իսթանպուլ, 1984) մեծարժեք մենագրությունները: Ինչպես նշել է Հ. Ստեփանյանը, «ահռելի փաստական նյութ է ամբարված այս մենագրություններում, որը մեր ժողովրդի պատմության շատ ու շատ անհայտ էջերի վրա լույս է սփռում, բազմաթիվ նոր մանրամասներ ի հայտ բերում: Փաստական հարստագույն նյութ, որը կարող է աղբյուր ծառայել մի քանի լուրջ ուսումնասիրությունների համար»: Հատորյակում հիշատակված են նաեւ Բամպուքճյանի հմտալից աղբյուրագիտական, բնագրագիտական աշխատանքները, որոնց մեջ առանձնանում է հատկապես Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի «Պատմութիւն հրակիզման Կոստնդնուպօլսոյ» երկի նրա աշխատասիրած քննական բնագիրը (Սթանպուլ, 1991): Առհասարակ Քյոմյուրճյանը, որ թողել է հայերեն ու թուրքերեն չափազանց հարուստ ժառանգություն, եղել է Բամպուքճյանի նախասիրած հեղինակը: Վերջինիս ամենանշանավոր երկերից մէկըՙ «Պատմութիւն Ստամպօլայ» չափածո պատմությունը նա թուրքերենով խմբագրել եւ հրատարակության է պատրաստել: Թուրքերեն հոդվածով ներկայացրել է նաեւ Քյոմյուրճյանի մյուս նշանավոր երկըՙ «Պատմութիւն համառօտ ԴՃ (400) տարուայ Օսմանցոց թագաւորացն» նույնպես չափածո մեծարժեք պատմությունը, «որն Օսմանյան կայսրության պատմության մասին առաջին հայերեն գործն է»: Հակոբ Նալյանից եւ Հովհաննես Կոլոտից բացի, Բամպուքճյանը նպատակ է ունեցել գրել նաեւ երկու այլ նշանավոր պատրիարքներիՙ Պողոս Կաղզվանցու եւ Գրիգոր Շղթայակրի վերաբերյալ մենագրություններ: Այդ աշխատանքները, սակայն, նա, ցավոք, չի հասցրել իրագործել: Գիտնականի անձնական արխիվում առկա են բազմաթիվ անավարտ եւ անտիպ գործեր: Գրախոսվող հատորյակում Հ. Ստեփանյանը նշել է Բամպուքճյանի այդ գործերից 27-ը, որոնց մեջ կան տապանագրերի, ձեռագրերի, հնատիպ գրքերի, մամուլի եւ բազմապիսի վավերագրերի ընդարձակ ցուցակներ, նշանավոր անձանց կենսագրականներ եւ գերդաստանների պատմություններ, զանազան հետազոտություններ եւ թարգմանություններ: Գրքի հեղինակը տեղեկացրել է նաեւ, որ Բամպուքճյանի հայալեզու տպագիր եւ անտիպ գործերի մեծ մասի ցուցակը խնամքով կազմել է Կարո Աբրահամյանը : «Հայերեն աշխատասիրությունների ցանկը,- գրում է նա,- «Մարմարա»-ի կարծիքով, կարող է լրացվել հետագա ուսումնասիրողների կողմից»: Ասեմ, որ մեր բանասիրության համար չափազանց շահեկան է կազմել եւ հրատարակել Բամպուքճյանի հայերեն թէ թուրքերեն աշխատությունների լիակատար մատենագիտությունը, ինչը, ըստ իս, կարող են լավագույնս համատեղ կատարել իմ վաղեմի բարեկամ Կարօ Աբրահամյանը եւ ինքըՙ Հասմիկ Ստեփանյանը: Հատորյակի վերջում հեղինակը զետեղել է որոշ ուշագրավ նյութեր, ինչպեսՙ իր եւ բանասեր Արմեն Տեր-Ստեփանյանի նամակագրությունը Բամպուքճյանի հետ, վերջինիս մասին պատմաբան Սիրվարդ Մալխասյանի խոսքը, տեղեկություններ արդի պոլսահայ պատմագրության, այլեւ արտասահմանում գործող պոլսահայ մի շարք դեմքերի վերաբերյալ: Կարեւոր է նաեւ գիրքը եզրափակող ցանկը, որտեղ նշված են Բամպուքճյանին վերաբերող հայերեն եւ թուրքերեն հոդվածներն ու գրախոսականները: Փոքր-ինչ շեղվելով գրախոսության ժանրիցՙ ասեմ, որ բախտ եմ ունեցել 1993 թվականին Պոլսում հանդիպել Գեւորգ Բամպուքճյանի հետ: Նա Պոլսո Պատրիարքարանի մատենադարանի եւ գրադարանի պատասխանատուն էր. նստած էր Առաջնորդարանի իր նեղլիկ սենյակումՙ շրջապատված գրքերով ու պարբերականներով: Հիշեցնում էր մեր միջնադարյան ճգնակյաց մատենագիրներին. իսկապես գիտությանը նվիրված «դերվիշ», ինչպես կոչում էին նրան իր մերձավորներն ու աշակերտները: Մտահոգված հարցեր տվեց նորանկախ Հայաստանի, մասնավորապես գիտական հիմնարկների կացության մասին: Ապա մակագրելով, նվիրեց ինձ Հակոբ Նալյանի եւ Հովհաննես Կոլոտի կյանքն ու գործը քննող իր մենագրությունները, որոնք հետագայում մեծապես օգնեցին ինձ ուշ միջնադարի հայ գրականությանը վերաբերող ուսումնասիրություններս շարադրելիս... Իսկապես, Գեւորգ Բամպուքճյանը կատարել է գործեր, որոնք, Հ. Ստեփանյանի գնահատմամբ, «մի ողջ ինստիտուտի աշխատանք էին ենթադրում», եւ, այդուհանդերձ, «նա նույնիսկ չարժանացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամի կամ պատվավոր դոկտորի կոչման»: Մինչդեռ անհամեմատ ավելի համեստ վաստակ ունեցող արտասահմանցի որոշ գիտնականներ վայելում են այդ կոչումները: Թող վայելեն. սակայն առաջին հերթին պիտի գնահատվեն Բամպուքճյանի նման արժանավորները, որոնք, առանց ինքնատարփողման, ճգնել են իրենց «խցեր»-ումՙ ստեղծելով գիտական արժեքներ: Բամպուքճյանն ինքը գիտության ասպարեզում օժանդակել ու սատարել է շատերին, եւ, ինչպես արձանագրված է նրա շիրմաքարին, նա «իր անձէն աւելի ուրիշներուն ծառայեց»: Ես միանում եմ Հ. Ստեփանյանի մաղթանքին, որ «ի վերջո ի մի հավաքվի ու մշակվի հայտնի բանասեր, մատենագետ պատմագրի արխիվը: Հրատարակվեն նրա անտիպ ուսումնասիրությունները, իսկ թուրքերեններըՙ թարգմանվեն ու տպագրուեն Գեւորգ Բամպուքճյանին նվիրված հատորներում»: Սա եւս մերՙ նոր Հայաստանի մտավորականության պարտքն է: |