«ՈՍԿԵ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ» ՀԱՅԸ. ՌԱՍ ՌԵԳԱՆ-ՀԱՐՈԼԴ ՌՈՒՍՏԻԿՅԱՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հետծննդյան այս օրերին «Հայրենակիցներ» ընդհանուր խորագրի ներքո ներկայացնում ենք երկու նյութ` Ծննդյան տոների երկու նշանավոր երգի հայազգի հեղինակների, որոնցից մեկն ապրել - ստեղծագործել է Ֆրանսիայում, մյուսըՙ Միացյալ Նահանգներում:
Երաժշտական բիզնեսի աշխարհում միշտ էլ եղել են գործիչներ, որոնք ասես ի սկզբանե դատապարտված են եղել մնալու ստվերում: Հանրությունը չի ճանաչում նրանց, հաճախ անգամ լսած չի էլ լինում նրանց անունները, առանց որոնց, սակայն, երաժշտական գործի կազմակերպումը գրեթե անհնարին կլիներ... Ամերիկյան փոփ երաժշտության աշխարհում նման մի գործիչ է եղել հայազգի արտադրիչ Ռաս Ռեգանը (Հարոլդ Ռուստիկյան) , որն իր մահկանացուն կնքեց անցյալ տարի մայիսին, Փալմ Սփրինգսում (Քալիֆորնիա)ՙ իննսուն տարեկանը չբոլորած: Իր գործունեության ընթացքում այս ազդեցիկ երաժշտական մագնատը տնօրինել է այնպիսի խոշոր ձայնագրման ստուդիաներ, ինչպիսիք էին «Յունին», «Փոլիգրամը» եւ «20-րդ դար Ֆոքսը», ինչպես նաեւ եղել է «Մոթաուն» ձայնագրման կենտրոնի «Արվեստագետներ եւ երկացանկ» բաժնի փոխնախագահը: Նրա արդյունավետ աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ վաճառվել են միլիարդավոր ձայնասկավառակներ եւ խտապնակներ... Հարոլդ Ռուստիկյանը ծնվել էր 1928-ին Քալիֆորնիայի Սանջըր քաղաքում, Ավետիս եւ Եղսա (Եղիսաբեթ) Ռուստիկյանների ընտանիքում: Նախնիները սեւծովյան երբեմնի հայաշատ Սամսուն քաղաքից էին, որ 20-րդ դարի սկզբին արտագաղթել էին ԱՄՆ: Հարոլդից բացի ընտանիքում կար եւս չորս երեխա: Տղան մանկուց սովորել է նվագել ջութակ եւ հարվածային գործիքներ: Ասպարեզ է իջել որպես երգահան, երգիչ եւ ձայնագրման արտադրիչՙ առաջին հաջողությունն արձանագրելով 1959-ին թողարկած «Ուրախ եղջերուն» Ծննդյան տոների երգով: Այս ձայնապնակից վաճառվել է միանգամից 800 հազար օրինակ: Այն ներշնչված է եղել նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մեծ ճանաչում գտած իր հայրենակից երգահան Ռոս Բաղդասարյանի «Շերտասկյուռների երգից», միայն թե երեք սկյուռիկների փոխարեն երգը «կատարել են» երեք եղջերուներըՙ Դանսըրը (Պարողը), Փրանսըրը (Ցատկողը) եւ Նըրվըզը (Նյարդայինը): «Ուրախ եղջերուն» այսօր համարվում է դասական կտոր եւ հիթ դարձած վերջին Ծննդյան երգերից մեկը: 1960-ականների սկզբին Ռուստիկյանը Ռաս Ռեգան անունով թողարկել է «Սիրո Ջոանը», իսկ Դեյվի Սամերս անունովՙ «Կանչելով բոլոր մեքենաները» ձայնապնակները: Վերջինի համաարտադրիչն էր երգիչ Սանի Բոնոն , որի «Չեքմեյթս» խմբում որոշ ժամանակ որպես երգիչ հանդես է եկել Ռաս Ռեգանը: Սակայն շուտով Սանի Բոնոն հայտնաբերել է երգի ասպարեզում մի նոր գործընկերոջՙ ի դեմս սկսնակ երգչուհի Շերիլին Սարգսյանի , որը հետագայում պիտի հռչակվեր որպես Շեր: Այս առթիվ Ռաս Ռեգանը կատակել է իր հին ընկերոջ հետՙ ասելով, որ Սանին փոխարինել է իր «մաքուր հայ ընկերոջը» կես հայուհիով... Ռաս Ռեգանը մասնակցել է «Մոթաուն» ձայնագրման ընկերության հիմնադրմանը եւ առաջին իսկ տարիներից համագործակցել ժամանակի ճանաչված երգիչների եւ խմբերի («Մարվելեթս», «Սուփրիմզ», «Միրաքլզ», «Թեմփթեյշընզ», Սմոքի Ռոբինսոն , Մարվին Գեյ ) հետ, որոնք մեծ մասամբ սեւամորթներ էին: 1966-ին օգնել է լեգենդար Ֆրանք Սինաթրային ձայնագրել իր նշանավոր երգերից մեկըՙ «Սա է կյանքը»: Առհասարակ, Ռեգանը մեծ դեր է կատարել մի շարք հռչակավոր երգիչների կյանքումՙ շահավետ պայմանագրեր կնքելով նրանց հետ: Այդ երգիչներից էին Սթիվի Ուոնդերը, Էլթոն Ջոնը, Նիլ Դայմոնդը, Բարի Ուայթը, Օլիվիա Նյութոն-Ջոնը, Բի Բի Քինգը, ինչպես նաեւ «Բիչ բոյզ» խումբը, որի անվանադիրն էր Ռաս Ռեգանը: Ի դեպ, Նիլ Դայմոնդի հետ նրա կնքած պայմանագիրն աննախադեպ էր շոու-բիզնեսի աշխարհում. երգիչը պարտավորվում էր հինգ տարվա ընթացքում տարեկան թողարկել երեք ալբոմ: Իսկ ԱՄՆ-ում տակավին ճանաչում չգտած Էլթոն Ջոնին շատերն ամերիկյան երաժշտական աշխարհում սկզբնապես անվանում էին ոչ այլ կերպ, քան «Ռաս Ռեգանի թյուրիմացությունը», մինչդեռ Ռեգանը բոլորին համոզում էր, որ «այդ անգլիացին մեծ երգիչ է դառնալու»... Եվ նա չի սխալվել. Էլթոն Ջոնիՙ Ֆիլադելֆիայում տված համերգի հաջորդ առավոտյան մի քանի ժամվա ընթացքում Ռեգանը պատվեր է ստացել հինգ հազար օրինակ երգչի ձայնասկավառակից... Իզուր չէ, որ երաժշտական գերազանց ճաշակ եւ նոր տաղանդների հանդեպ արտակարգ հոտառություն ունեցող Ռաս Ռեգանին մտերիմները կոչել են «Ոսկե ականջներով մարդ»... Ռաս Ռեգանն է նաեւ բացահայտել երգչուհիներ Փաթի Դալսթրոմին , Հարիեթ Շոքին եւ այլոց: Նա է կանաչ լույս տվել նաեւ Էնդրյու Լլոյդ Վեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» հանրածանոթ ռոք-օպերային: Ստանալով ձայնագրությունըՙ նա ունկնդրել է ստեղծագործությունը, հիացել, սակայն մտավախություն է ունեցել, որ Աստծո որդուն ռոք-օպերայի հերոս դարձնելը կարող է սրբապղծություն համարվել: Կապվելով «Մոթաունի» վաճառքի տնօրենի հետ, որը կաթոլիկ հավատացյալ էր, Ռեգանը նրան է ուղարկել ռոք-օպերան: Վերջինս լսել է այն մի քահանայի հետ եւ զանգահարելովՙ ասել է. «Գործն առա՛ջ տար: Քահանան ասաց, որ Հիսուս Քրիստոսը գերաստղ էր»: Իսկ ղեկավարելով Հոլիվուդի մեծագույն ստուդիաներից մեկիՙ «Քսաներորդ դար Ֆոքսի» ձայնագրման բաժինը, Ռաս Ռեգանը պատասխանատու է եղել մի շարք կինոնկարների երաժշտության համար: Դրանցից են Ռոնալդ Նիմի «Պոսեյդոն արկածը» (1972), Իրվին Ալենի «Դժոխքը երկնքում» (1974), Սյուզան Ուինսլոուի «Այս ամենը եւ Երկրորդ աշխարհամարտը» (1976), Ֆրանկո Ձեֆիրելիի «Անսահման սերը» (1981), Հյու Հադսոնի «Հրե կառքերը» (1981) Մայքլ Չեփմենի «Բոլոր ճիշտ քայլերը» (1983), Ջոն Ավիդսենի «Կարատե երեխան» (1984), Ջոել Սիլբերգի «Բրեյքդանսը» (1985), Ռիչարդ Աթենբորոյի «Կորդեբալետը» (1985) եւ այլն: Ռաս Ռեգանի վերջին մեծ նախագիծը «Կարմիր նամակները» խտապնակն էր, որ ընդգրկում է երգահաններ Բրայան Դունքանի եւ Մարիո Կոնիդոյի 34 երգերըՙ հիմնված Մատթեոսի ավետարանում Հիսուսի խոսքերի վրա, թարգմանված արամեերենից անգլերեն: Քառասուն տարի լինելով երաժշտական բիզնեսի աշխարհումՙ Ռաս Ռեգանը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան եւ առհասարակ արեւմտյան փոփ երաժշտության զարգացման մեջ: Նա սիրել է կրկնել. «Երբ քո կոչումը դառնում է քո արձակուրդըՙ լավ գործ է ստացվում»ՙ խաղարկելով անգլերեն vocation (կոչում) եւ vacation (արձակուրդ) բառերը... Նկար 1. Ռաս Ռեգանը Էլթոն Ջոնի եւ Նիլ Դայմոնդի հետ |