RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-25 22:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 778, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ

Նաիր ՅԱՆ

«Կանչ», «Աղբյուր», «Ծիածան», «Խաբարբզիկ» մանկական պարբերականները զրկվել են պետական ֆինանսավորումից: Խմբագիրները վրդովված ու վիրավորված են: Տարեսկզբին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մանկապատանեկան թերթերի ու ամսագրերի մրցույթ էր հայտարարել. վերոնշյալ պարբերականները հայտ էին ներկայացրելՙ փաթեթում նշելով իրենց ծրագրերն ու բյուջեն: Մանկապատանեկան պարբերականներին ընդհանրապես պետբյուջեից տարեկան 47 միլիոն դրամ է հատկացվում: Բացի «Կանչից», «Աղբյուրից», «Ծիծեռնակից» ու «Խաբարբզիկից», մրցույթին մասնակցել է եւս երեք ընկերություն. հենց նրանց հայտերը չեն մերժվել: Իսկ մերժված թերթ-ամսագրերի խմբագիրներն իրենց հայտերի մերժման միակ պատճառը ֆինանսականն են համարում. իրենց ներկայացրած բյուջեն անհամեմատ մեծ է եղել, քան չմերժվածներինը: Չմերժվածների բյուջեն չի անցնում 2,5 միլիոնը: Իսկ մերժվածները ներկայացրել են 2,5-ի կրկնակին ու եռակին:

Մերժված խմբագիրները վիրավորված են. «Կրթության եւ գիտության նախարարությունից, հանձնաժողովից եւ ոչ մեկը մեզ չառաջարկեց հանդիպել, զրուցել, քննարկել, թե ինչ պատկերացում ունեն մանկապատանեկան հանդեսների մասին, ինչ ձեւ ու բովանդակություն կուզեին տեսնել: Առհասարակ որեւէ մեկը մեր աշխատանքի գնահատականը չի տվել, չի ասելՙ լա՞վ ենք աշխատել, թե վատ: Ընտրության համար միակ հիմքը բյուջեն է եղելՙ քիչ կներկայացնեինք, կանցնեինք, շատ ենք ներկայացրել, դրա համար էլ մերժվել ենք»: Խմբագիրներին ապշեցնում է, որ կրթության եւ գիտության նախարարությանը, փաստորեն, չի հետաքրքրումՙ մրցույթն անցած ընկերություններն ինչ բովանդակությամբ թերթ ու ամսագիր են տպագրելու: Հաղթած ընկերությունները, բացի մեկիցՙ «Մարի» ամսագրից, մինչեւ հիմա տպագրված որեւէ օրինակ չունեն, որպեսզի ընթերցողը, այդ թվում կրթության եւ գիտության նախարարությունը պատկերացում կազմի, թե ինչ որակի մասին է խոսքը: Այսինքնՙ նախարարությունն անփորձ մածունը փորձված թանից գերադասել է: Մերժված խմբագիրները հաշվարկ են արել ու պարզել, որ հաղթած ընկերություններիՙ պետությունից ստանալիք գումարն ընդհանուր առմամբ 20 միլիոնը չի անցնում. այդ դեպքում մնացած 27 միլիոնն ինչի՞ վրա է ծախսելու: «Էլի խնայելու վրա՞ են շեշտը դրել, էլի նպատակը սրա-նրա հաշվին գումար տնտեսե՞լն է: Թող գային, նստեին մեզ հետ ու ասեինՙ այսպես ենք պատկերացնում ձեր հետագա աշխատանքը: Կենսագրություն, պատմություն ունեցող թերթեր եք, բայց կուզեինք, որ այսինչ բանը փոխեիք, այնինչին ավելի մեծ ուշադրություն դարձնեիք:...Ոչինչ չեն ասել ու գրչի մի հարվածով մեզ զրկել են պետական հովանավորությունից: Մենք խմբագրակազմ ունենք, նկարիչ, գրող, լրագրողի աշխատավարձ ենք տալիս, հազար ու մի ծախսեր ունենք, հիմա ինչպե՞ս ենք հրատարակելու մեր թերթերն ու ամսագրերը»,- վրդովվեցին մերժված խմբագիրները: Նրանք դաշտը լավ են ուսումնասիրել, ասում են, որ մանկապատանեկան այլ թերթ ու ամսագիր հրատարակողները մեծ մասամբ իրենց նյութերը, անգամ նկարներն արտատպում են, իսկ իրենք սեփական արտադրանքով են հանդես գալիս: Երեխաներն իրենց ձեռքերով են նկարազարդում էջերը, ստեղծագործում են, պատմվածք, բանաստեղծություն գրում իրենց պարբերականների համար: «Կանչի», «Աղբյուրի», «Ծիծեռնակի», «Խաբարբզիկի» կապը երեխաների հետ ամենօրյա է: Բայցի այդ, տասնամյակներ շարունակ այս ամսագրերում են տպագրվում մեր մանկագիրները:

«Կանչ» մանկապատանեկան թերթը նախկին «Պիոներ կանչն» է, որ արդեն 95 տարի տպագրվում է: 1923 թվականին սովահար, աղքատ, որբերով լի Սովետական Հայաստանի իշխանությունները հասկացել են, որ մանուկների համար պետք է անպայման թերթ տպագրել, որտեղ կբացահայտվեն ստեղծագործող երեխաները: Որոշել են ու Հայաստանի սուղ բյուջեից գումար հատկացրել: 1925 թվականին Սովետական Հայաստանի իշխանությունները ստեղծել են «Պիոներ կանչ» թերթը, որպեսզի դրա միջոցով դպրոցականների շրջանում նաեւ կոմունիզմի գաղափարախոսությունը քարոզեն: Բայց անուրանալի է թերթի դերը ստեղծագործող երեխաների համար: Տասնամյակների ընթացքում հազարավոր դպրոցականներ գրական առաջին քայլերն այստեղ են արել: Սիլվա Կապուտիկյանը միշտ վկայակոչում էր «Պիոներ կանչը»ՙ նշելով, որ 15 տարեկանում առաջին բանաստեղծությունն այստեղ է տպագրել, 18-19 տարեկանում Էդվարդ Իսաբեկյանը նկարչական ձեւավորումներ է արել այս թերթում: 1950-ականներին Գրիգոր Խանջյանն է համագործակցել «Պիոներ կանչի» հետ: Մարտիրոս Սարյանը եւս աշխատակցել է թերթին: 1946 թվականին Ավետիք Իսահակյանը, կարեւորելով այս պարբերականի դերը, հրապարակավ խոստացել է միշտ գրել թերթի համար ու իր խոստումը կատարել է: Ծանր ու դժվարի 90-ականներին նորանկախ Հայաստանի իշխանությունները եւս վերահաստատել են, որ մանկապատանեկան պարբերականներին պետք է անպայման պետբյուջեից հատկացումներ անել:

Եթե անկեղծ ու ազնիվ լինենք, չենք կարող ասել, թե տասնամյակների կենսագրություն ունեցող վերոնշյալ պարբերականներն այսօր էլ նույն համբավը, հեղինակությունն ու պահանջարկն ունեն, ինչ 30-40 տարի առաջ: Ընդհանրապես տպագիր մամուլը, գրքերը դժվար են ընթերցվում. երեխաներն այսօր հետաքրքրությունների այլ վեկտորներ ունեն: Բայց պետությունը պարտավոր է նրանց աշխատանքին գնահատական տալ, ասելՙ ինչն է լավ, ինչըՙ վատ, ինչը փոխել, որ ավելի լավ ու նպատակային լինի, ոչ թե մի ստրորագրությամբ վերջ դնել տասնամյակների կենսագրություն ունեցող, արդեն կայացած, անուն վաստակած պարբերականներին: Ի՞նչ սկզբունով ու չափորոշիչներով է առաջնորդվել կրթության ու գիտության նախարւոյթյունը, միայն ֆինանսակա՞ն, բյուջեն որքան քիչ, հաղթելու եւ տպագրվելու հավանականությունն այնքան մե՞ծ: Ո՞ւմ հաշվին են խնայողություններ արվում. մանուկների՞: Մանուկների: Եթե թերթեք վերոնշյալ պարբերականների համարները, ապա պարզ կդառնա, որ նրանցում կրթադաստիարակչական որակյալ, հետաքրքրական նյութեր կան: Հատկապես «Խաբարբզիկը»: Այն լույս է տեսնում 1990-ականներից: Բյուջեն 200 հազար դրամից հասցվել է 2 միլիոնի: Ընդամենը: Շատ լրագրողներ իրենց առաջին տողերը հենց այս ամսագրի էջերում են գրել: «Խաբարբզիկի» յուրաքանչյուր հոդված եւ էսսե գրական-գեղարվեստական լուրջ տարրեր է պարունակում, յուրաքանչյուր լուսանկար անհատական ձեռագրի արդյունք է: «Խաբարբզիկը» լուրջ, բարձր նշաձող է: Հետաքրքրական էՙ կրթության եւ գիտության նախարարությանՙ մանկապատանեկան թերթ-ամսագրերի մրցույթով զբաղվողները «Խաբարբզիկ» հանդեսին ծանո՞թ են: Ծանոթ չեն: Եթե գոնե մի էջ կարդացած լինեին, այդ հայտի տակ մերժման ստորագորություն չէին դնի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ