RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019



ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-04-25 22:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 796, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՂԱՆԴՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Ալին Քեշիշյանը բացահայտում է ինքն իրեն

Տաղանդներին հանրությանը ներկայացնող ֆիլմարտադրության եւ մենեջմենտի հարցերով զբաղվող «Lighthouse Management and Media» ընկերությանն անդրադառնալով Լոս Անջելեսից լրագրող Քեթի Կապրինոն «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում ընդարձակ հոդված էր նվիրել այդ ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Ալին Քեշիշյանին, որին բնութագրել է որպես այդ բնագավառում ամենահարգված ու ամենապահանջված անձնավորության: Նրա քաջալերությամբ հանրության ներկայացված տաղանդների շարքում են Ջենիֆեր Անիստոնը, Սելենա Գոմեսը, Գվինեթ Փալտրոուն, Օրլանդո Բլումը, Մարկ Ռուֆալոն, Ջեյսոն Բեյթմենը, Ջաստին Թերուն, Լորա Լինին, Էմիլի Մորթիմերը, Քեթրին Հանը, Միրանդա Քերը, ռեժիսորներ Մայա Ֆորբսը, Ուոլի Ուոլոդարսկին եւ Ջեսի Պերեցը:

Քեշիշյանի առաջին «հաճախորդը» եղել է Նաթալի Պորտմանը (նախքան «The Professional» ֆիլմում հայտնվելը), որին նա առաջարկել է հանդես գալ Դարեն Արոնովսկու կողքին «Black Swan» (Սեւ կարապը) ֆիլմում: Արդյունքում Պորտմանն արժանացել է Օսկարիՙ լավագույն դերասանուհի անվանակարգում:

Պորտմանին զուգահեռ, երբ Քեշիշյանը 2016ին հիմնել է իր ընկերությունը, Սելենա Գոմեսն է նրան խնդրել դառնալ իր մենեջերըՙ երաժշտության եւ ֆիլմերի ասպարեզներում, ինչը մեծ հաջողություններ է բերել նրան: Նրա «Good for you», «Same Old Love» եւ «Hands to Myself» սինգլները ռադիոհեռարձակումներում առաջին հորիզոնականն են զբաղեցրել, բավական երկար ժամանակ դարձնելով Գոմեսին 2015-ի ամենաշատ սինգլներ վաճառող երգչուհին: Քեշիշյանը նաեւ որպես պրոդյուսեր է հանդես եկել «My Idiot Brother» (Իմ հիմար եղբայրը), «Life of Crime» (Հանցագործություններով հագեցած կյանք) եւ «Pride and Prejudice and Zombies» (Հպարտություն, նախապաշարմունք եւ զոմբիներ) ֆիլմերի համար:

Ալինը Հարվարդ համալսարանի շրջանավարտ է: Նրա հետ հանդիպման ժամանակ Քեթի Կապրինոյի հարցին, թե ինչպես են իր ընտանեկան նախադրյալները նպաստել նրա հետագա հաջողություններին, Ալինը պատասխանել է . «Ծնողներս մեծ դերակատարություն ունեն դրանում: Նրանք չափազանց աշխատասեր են եղել, տիրապետել են հինգ լեզուների: Հայրս Բեյրութում մանկաբույժ էր եւ գրող (*): Մ. Նահանգներում նա դարձավ վկայված ռենտգենաբան: Ամերիկա տեղափոխվեցինք 1968-ին, որպեսզի եղբայրսՙ Ալեքը եւ ես ստանանք համալսարանական կրթություն: Ընտանիքս միշտ սերտորեն կապված է եղել իր հայկական արմատների հետ: Մ. Նահանգներում Ալեքն ու ես ընդունվեցինք Հարվարդի համալսարան: Ծնողներս հպարտ էին մեզանով: Գեղարվեստի բաժնի մագիստրատուրայում սովորելիս պիեսներ եմ բեմադրել: Կրթությանս բազմակողմանիությունն ու խստապահանջությունը մեծ դեր են խաղացել իմ կյանքում: Նաեւ անշուշտ ամուսինս, որին հանդիպեցի առաջին կուրսում սովորելիս: Համալսարանական ընկերներիցս շատերըՙ Դարեն Արոնովսկին, Ջեսի Պերեցը, Մայա Ֆորբսը շարունակում են մնալ մեր լավագույն ընկերները:

Կապրինո. - Ի՞նչը դրդեց Ձեզ հասնելու, նեցուկ կանգնելու նոր տաղանդներին:

Քեշիշյան. - Ես միշտ հետաքրքրասեր, խանդավառ եւ էներգիայով լի անձնավորություն եմ եղել, չափազանց աշխատասեր իրականացնելու համար իմ երազանքները: Սիրել եմ կինոնոկարներ, պիեսներ դիտել: Մեծ հարգանք ունեմ տաղանդների հանդեպ, սիրում եմ քաջալերել նրանց: Կարծում եմ այդ բոլորը ես պարտական եմ ծնողներիս, որոնք ինձ սովորեցրել են անկախ լինել եւ կարողանալ ինքս ինձ վստահել ու առաջ գնալ. «Ամուսնությունը տարբերակ է, ասում էր հայրս, ոչ պահանջ»: Ճիշտ է, ես երջանիկ եմ, որ ամուսնացա եւ զավակներ ունեմ, բայց պրոֆեսիոնալ առումով ես անկախ եմ եւ փորձում եմ նորելուկ տաղանդներին փոխանցել այդ անկախությունը, ինքնուրույնությունը:

- Ի՞նչ է սովորեցրել Ձեզ ուրիշների հետ աշխատելը:

- Նախ շնորհակալ ու երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ դու ունես, ինչին հասել ես: Միաժամանակ որոնել նոր հորիզոններ, չբավարարվել ձեռք բերածով եւ փորձել դառնալ անփոխարինելի: Ապա ամբողջությամբ նվիրվել գործին, ինչ ծրագիր էլ այն լինի, որովհետեւ մեկ ծրագիրը մյուսին է նախապատրաստում քեզ եւ հետզհետե դու որոշակի հեղինակություն ես ձեռք բերում: Չպետք է խնայել ուժերդ:

- Որո՞նք են այն գործոնները, որոնք էթիկայի, հոգեւոր եւ զգացական բնագավառներում ձեզ օգնում են ամուր կանգնած մնալ ձեր սկզբունքներին:

- Պետք է գիտակցել, որ կյանքը լի է վերիվայրումներով: Պետք է կարողանալ իրական, անկեղծ կապեր հաստատել մարդկանց հետ: Մենք սովորական մահկանացուներ ենք, եւ հետեւաբար յուրաքանչյուրս ենթակա ենք միեւնույն բեռը տանելու: Հաջողությունը, ձախողումը, հիվանդությունը, ծերությունը, հարազատին կորցնելը բոլորիս համար է. պետք է սիրտն ու միտքը միշտ պատրաստ պահել նման երեւույթներին: Հորս կորցնելը 2018-ին մեծ, անհավատալի դատարկություն առաջացրեց իմ կյանքում: Ճիշտ է, նա 87 տարեկան էր եւ անակնկալ ոչինչ չկար նրա վախճանման մեջ, բայց մենք շատ մոտիկ էինք եւ նա իմ մեծագույն երկրպագուն էր: Այդ պատճառով էլ բաժանումը խիստ ծանր էր: Բայց այդ ընթացքում ինձ շրջապատող մարդիկՙ ընկերներ, բուժքույրեր, հաճախորդներիցս մեծամասնությունը եւ նույնիսկ անծանոթներ այնքան ջերմությամբ ու հոգատարությամբ ինձ շրջապատեցին, որ զգալիորեն մեղմացրին իմ ցավը: Ես երախտապարտ եմ նրանց այդ մեծ սիրո եւ աջակցության համար:

- Ո՞րն է գլխավորապես տղամարդկանց գերիշխանության տակ գտնվող ժամանցի (entertainment) բնագավառում առաջնային դիրք գրավելու ձերՙ որպես կնոջ մարտավարությունը:

- Դժվար հարց եք տալիս, բայց փորձեմ պատասխանել: Երիտասարդ տարիքում նման բնագավառ մուտք գործելիս, ես վճռեցի, որ արտակարգ լավ պետք է կատարեմ իմ գործը: Իմ կողմից վերահսկողությունը կատարածս գործի նկատմամբ պետք է լինի անթերի: Անշուշտ այդ գործում ինձ նախապատրաստել էին իմ լեգենդար մենտորներըՙ դասատուները, ինչպիսիք Ջուլիետ Թեյլորն էր, Սեմ Կոնը եւ ուրիշներ: Ցանկը բավական երկար է: Նաեւ այս հարափոփոխ աշխարհում կինը, ընդհանրապես, պետք է լինի հաստատակամ եւ պահանջի, անշուշտ համապատասխան տվյալներն ունենալու դեպքում, տղամարդուն հավասար հարգանք եւ վարձատրություն: Նա պետք է գիտակցի խոսքի արժեքը: Երախտապարտ եմ մորս իր կենդանի օրինակ ծառայելու համար: Մայրսՙ Սեսիլ Քեշիշյանը իրավաբանական ֆակուլտետ չի ավարտել, բայց գիտի բառերի ուժը եւ ունի համոզելու կարողությունը: Նա այժմ ութսունն անց է, բայց գիտի ինչպես պաշտպանել իրեն եւ իր դատը:

- Ո՞րն է Ձեր գերագույն երազանքը եւ ի՞նչ ժառանգություն եք ցանկանում թողնել:

- Վերջերս, հատկապես հորս մահից հետո, շատ եմ մտածել այդ մասին: Մարդկանց սովորաբար հիշում են իրենց կատարած գործի համար: Ես փորձում եմ շատ չկենտրոնանալ, թե ի՞նչ է, կամ ո՞րն է վերջնանպատակս: Կարծում եմ մի փոքր տեղ պետք է թողնել իրադարձությունների զարգացմանը, որովհետեւ ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ քո որոշած կամ նախասիրած ձեւով: Երբեմն կարող է նույնիսկ ավելի լավը լինել, քան դու պատկերացնում կամ երազում ես:

Ինչ վերաբերում է ժառանգության, ուզում եմ, որ մարդիկ ինձ հիշեն որպես յուրօրինակ մտածողի, ով ինչ որ դրական փոփոխություն է առաջ բերել մարդկանց կյանքում: Ուզում եմ նաեւ, որ իմ ստեղծագործական խումբը կարողանա ինչ-որ ձեւով դեպի լավը փոխել աշխարհը: Եվ ամենակարեւորը, ցանկանում եմ, որ զավակներս ամուսնուս եւ ինձ հիշեն ինչպես ես եմ հիշում իմ ծնողներինՙ ջանասեր, ազնիվ, անկեղծ, հետաքրքրասեր եւ անշուշտ ընտանիքին անմնացորդ նվիրված:

*) Ալինի հայրիկըՙ Գեւորգ Քեշիշյանը, Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության երկարամյա անդամ եւ ատենապետ, Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարներից էր: Իսկ եղբայրըՙ Ալեքսը, հայտնի պրոդյուսեր է ամերիկյան մի շարք դերասանների եւ երգչուհիների, որոնցից է նշանավոր Մադոննան:

Նկար 1. Ձախից` Ալին Քեշիշյանի Սելենա Գոմեսի հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ