ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՔԵԼՅԱՆՆԵՐԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Բազմաթիվ են հայազգի ռուսական գրողները, որոնք, որպես կանոն, Ռուսաստանում ծնված անձինք ենՙ արեւելահայ արմատներով, հաճախՙ խառնամուսնություններից...: Սակայն ռուս գրականության մեջ եղել է մեկը, որը ծնվել էր Արեւմտյան Հայաստանում, Ցեղասպանության ժամանակ ազատվել սպանդից եւ հաստատվելով Մոսկվայումՙ դարձել է ռուսագիր գրող: Խոսքը արձակագիր Վարդգես Թեւեքելյանի մասին է, որի դուստրըՙ Դիանա Թեւեքելյանը, նույնպես իր անունն է թողել ռուս գրականության մեջ... Արեւմտահայ գաղթականըՙ ռուսական գրող Վարդգես Թեւեքելյանը զորավար Անդրանիկի եւ Թորոս Թորամանյանի համաքաղաքացին էր, ծնվել է 1902-ին, Շապին Գարահիսարում: Տասներկու տարեկանից աշխատել է, եղել հոտաղ, բանվոր, հացթուխ, գրաշար... Մանկության տարիներին Վարդգեսը սիրել է ընկերների հետ խաղալ քաղաքի բարձունքում գտնվող հռոմեական ժամանակներից մնացած ամրոցում, որը 1915-ին պիտի ապաստարան դառնար հայերի համար: Տղայի հայրըՙ Հարություն Թեւեքելյանը, գլխավորել է տեղի հայերի ինքնապաշտպանությունը: Մեկ ամիս շարունակ դիմադրելուց հետո հայերը հասկացել են, որ դատապարտված են զոհվելու, ուստիեւ Վարդգեսին եւ մի քանի այլ պատանիների բաց են թողել ամրոցից, որպեսզի նրանք աշխարհին պատմեն, թե ինչ կատարվեց Շապին Գարահիսարի հայերի հետ: Բարեհաջող փախուստ կատարելով ամրոցիցՙ Վարդգեսը հետագայում կատարել է այդ պատվիրանն իր գրականության միջոցով... Նա ողջ կյանքում խորին կսկիծով է հիշել ամրոցում մնացած եւ զոհված հարազատներին ու համաքաղաքացիներին: Գաղթելով նախ Իրան, ապաՙ Ռուսաստան, Թեւեքելյանը բնակություն է հաստատել նախ Ղրիմում, ապաՙ Մոսկվայում, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին: 1932-ին ավարտել է Մոսկվայի Ար-ելյան ժողովուրդների ինստիտուտը: Հայերենից եւ թուրքերենից բացի նա տիրապետել է հունարենին եւ պարսկերենին, իսկ կատարելապես տիրապատելով հանդերձ ռուսերենինՙ ողջ կյանքում խոսել է թեթեւակի առոգանությամբ: Աշխատել է Հայաստանում, Ղրիմում, Մոսկվայում, դիվանագիտական աշխատանքներ կատարել արեւելյան մի քանի երկրում: 1937-1952 թթ. Թեւեքելյանն աշխատել է տեքստիլ արդյունաբերությունում, եղել մոսկովյան երկու ֆաբրիկաների տնօրեն: Սակայն իր կյանքի փորձառությունը նրան թելադրել է գրիչ վերցնել եւ թղթին հանձնել տարիների ընթացքում իր մեջ կուտակվածը: Այդպես մեկը մյուսի հետեւից ծնունդ են առել Վարդգես Թեւեքելյանի «Կյանքը ինչպես որ կա» (1950) վիպակը, «Կյանքը սկսվում է նորից» վեպը (1951, հայերեն հրատարակությունըՙ 1955), «Երբ հորդում են գետերը» (1956), «Մոսկվա գետից այն կողմ» (գիրք 1 2, 1960-1966), «Երկու ճակատագիր» (հայերեն թարգմանությունըՙ 1961), «Գրանիտը չի հալվում» (1962, հայերենըՙ 1966), «Պարոն Կոչեկի գովազդի բյուրոն» (1967, հայալեզու հրատարակությունըՙ 1984) գրքերը: Դրանք վերաբերում են խորհրդային արտադրությանը, չեկիստներին, հետախույզներին, Արեւելքի ժողովուրդների պայքարին, ինչպես նաեւՙ հայ ժողովրդին: Թեւեքելյանին այսօր անդրադառնալովՙ ցանկանում ենք հիշեցնել մի կարեւոր եւ անհայտ իրողություն: Դեռեւս Ստալինի կենդանության օրոք, երբ Հայոց ցեղասպանության նյութի շուրջ լռություն էր պահպանվում, նա առաջին անգամ խորհրդային գրականության մեջ անդրադարձել է այդ թեմային իր «Կյանքը սկսվում է նորից» ինքնակենսագրական ատաղձ ունեցող վեպում (բնականաբարՙ խորհրդային գաղափարախոսության դիրքերից): Գլխավոր հերոսըՙ շապինգարահիսարցի պատանի Մուրադ Սարյանը, ազատվում է թուրքական յաթաղանից եւ իր նման որբ պատանիներ Քաջազի, Մուշեղի, Հաբեթի պես դատապարտվում է թափառական կյանքի, շրջում երկրեերկիրՙ Հունաստան, Ֆրանսիա, Սիրիա, բայց չի կարողանում գտնել աշխատանք եւ ապրուստ: Տղաները սովորում են ամերիկյան դպրոցում, բայց գիշերները թաքուն կարդում են հայ գրողներին, ինչի համար Մուրադին վռնդում են դպրոցից։ Վեպի վերջին գլխում տղաները հայրենադարձվում են Հայաստան։ Հաբեթը մեկնում է ռազմաճակատ, իսկ նրա կին Սիրանուշը գուրգուրանքով է շրջապատում Նորքի մանկատանն ապրող ծնողազուրկ ռուս երեխաներին... Վեպին անդրադարձել է Երեւանի «Սովետական Հայաստան» ամսագիրը (1952, թիվ 2), որից մի հատվածՙ «Ստախանովյան հավաքում», հրատարակվել է նույն համարում (էջ 23-25)։ Անստորագիր հոդվածում նշվել է. «Վեպի հեղինակը հայկական ջարդերի ժամանակ մոտիկից տեսնելով եւ իր կաշվի վրա զգալով թյուրք բարբարոսների վայրագություններըՙ ականատեսի աչքերով ռեալիստական ճշմարտությամբ այն վերարտադրել է իր վեպում։ ....Վ. Թեւեքելյանը նկարագրում է թյուրք բռնակալների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարի դրվագները - միաժամանակ մերկացնում դաշնակների նողկալի, կործանարար դերը հայ ժողովրդի կյանքում» : Անկախ գաղափարախոսական պարտադրանքներիցՙ վեպն չի կորցնում իր արժեքը որպես պատմական վավերագիր, ուստիեւ պատահական չէ, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ «Կյանքը սկսվում է նորից»-ը վերահրատարկվել է Մոսկվայում... Վարդգես Թեւեքելյանը եղել է ԽՍՀՄ Գրական հիմնադրամի նախագահը, պաշտոնավարել որպես գրողների միության քարտուղար: Ու չնայած զբաղեցրած բարձր պաշտոններինՙ նա չի եղել իշխանություններին ծառայող անհոգի չինովնիկ: Հայտնի է, որ երբ բարձր մակարդակով թունավորելիս են եղել ռուս մեծ բանաստեղծ Բորիս Պաստեռնակի կյանքը եւ Թեւեքելյանին թելադրել են բանաստեղծին հեռացնել Գրական հիմնադրամից, հայազգի գրողը մերժել է անել դաՙ «միամտորեն» պատճառաբանելով, որ Պաստեռնակը բարեխղճորեն մուծում է իր անդամավճարը... Արեւմտահայ արմատներով այս ռուսական գրողը մահացել է 1969-ին, Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: «Խմբագրական աշխատանքի մարմնացումը» Թեւեքելյանի եւ նրա ծնունդով կարսեցի կնոջՙ Փեփրոնիայի դուստրըՙ Դիանա Թեւեքելյանը (ամուսնական ազգանունըՙ Շչյոկինա), ծնվել է 1932-ին, Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը, աշխատել «Նովի միր» («Նոր աշխարհ») ու «Մոսկվա» ամսագրերի խմբագրություններում եւ «Սովետսկի պիսատել» («Խորհրդային գրող») ու «Սլովո» («Բառ») հրատարակչություններում: Դիանա Վարդգեսովնան հայտնի էր որպես ռուս գրողների ստեղծագործությունների հմուտ խմբագիր: Բավական է նշել, որ նա աշխատել է Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի առաջին հրատարակության (1966, «Մոսկվա» ամսագրում) եւ Բորիս Պաստեռնակի երկերիՙ 11 հատորից բաղկացած առաջին լիակատար ժողովածուի վրա: Ժառանգած լինելով հոր համարձակությունըՙ նա կարողացել է խորհրդային գրաքննության առջեւ պաշտպանել Բուլգակովի եւ Պաստեռնակի նման հեղինակների իրավունքները: Դիանա Թեւեքելյանն է հրատարակել նաեւ աննախադեպ մի մատենաշարՙ «Պուշկինյան գրադարանը», ոչ ավելի, ոչ պակասՙ 100 հատորով... Որպես հրատարակիչ նա նախաձեռնել է նաեւ «Ռուսական դասական գրադարանը» եւ արտասահմանյան գրականության շարք (Հոմերոսից մինչեւ ժամանակակից գրողները)ՙ դարձյալ 100-ական հատորով, «Անունների վերադարձ», «Իմ ամենա... բանաստեղծությունները» եւ այլ մատենաշարեր: Ռուսաց լեզվի բոլոր նրբություններին տիրապետող Դիանա Վարդգեսովնան Մոսկվայի գրական շրջանակների համար դարձել է անփոխարինելի խմբագիր եւ ոճաբան: Նրան անվանել են «խմբագրական աշխատանքի մարմնացում»: Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն մի հարցազրույցի ժամանակ հիշել է, թե ինչպես 2007 թվականին ինքը բողոքել է «Սլովո» հրատարակչության «չափազանց համբերատար իմ հայ բարեկամներինՙ Դիանա Թեւեքելյանին, Նատաշա եւ Գրիգորի Երիցյաններին, որոնք այնքան բան են անում ռուս գրականության համար, որ իմ «Ռուսական պոեզիայի տաս դարը» անթոլոգիան.... պատրաստ չի լինելու: Եվ այդտեղ առանց կեղծ համեստության, բայց եւ առանց որեւէ հույսի, գոչեցի. «Ա՛յ եթե այսպիսի մի գիրք ստեղծեինքՙ «Ողջ Եվտուշենկոն»: Եվ այդտեղ ես տեսա, թե ինչպես նրանց բոլորի աչքերը լամպերի նման մեկը մյուսի ետեւից վառվեցին: «Իսկ ինչո՞ւ ոչ», ժպտաց Դիանան, ինչպես միայն նա կարողՙ միաժամանակ ծակող հեգնանքով ու քնքշանքով...»: Դիանա Թեւեքելյանը հանդես է եկել նաեւ որպես գրականագետՙ հրատարակելով «Հոգսերի օրը. խորհրդածություններ 60-70-ական թթ. քաղաքային արձակի մասին» (1982), «Վերա Պանովա» (1980) եւ այլ աշխատություններ, ինչպես նաեւ «Արգելոց» եւ «Հետաքրքրություն անձնական կյանքի հանդեպ» (2006) գեղարվեստական գործերը: «Վարպետը եւ Մարգարիտայի» առաջին խմբագիր Դիանա Թեւեքելյանը մահացել է 2011-ին, Մոսկվայում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո: Ինչպես վկայել է նրա զարմուհինՙ «Սլովո» հրատարակչության գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը , Թեւեքելյանը մինչեւ վերջին շունչը ծրագրել է նոր հրատարակություններՙ մահից երեք օր առաջ անգամ կատարելով խմբագրական աշխատանքներ... |