RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019



ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2019-04-25 22:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1031, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտության մասին նյութեր փնտրելիս երբեմն անցյալի հայ տպագիր մամուլում հանդիպում ենք հայ կոմպոզիտորների կողմից գրված հազվադեպ հոդվածների, որոնց մասին, գուցե, շատերս պատկերացում չունենք: Կոմպոզիտորները հաճախ միայն շաղկապվում են երաժշտություն ստեղծող անհատների հետ եւ հազվադեպ ենք ուշադրություն դարձնում նրանց գիտական եւ հրապարակախոսական մտքին: Հոդվածների մի ստվար շարքի վերջերս հանդիպեցի 20-րդ դարասկզբին Բաքվում լույս տեսնող «Թատրոն եւ երաժշտություն» ամսաթերթի 1910-1917 թվականների համարներում, հայ անվանի կոմպոզիտոր Անտոն Մայիլյանի (1880-1942) հեղինակությամբ (ամսաթերթը 1910-1917 թվականներին խմբագրում եւ հրատարակում էր հենց ինքըՙ Անտոն Մայիլյանը, ի դեպՙ մեծամասամբ սեփական միջոցներով):

Ծանոթանալով անվանի կոմպոզիտորի հրապարակախոսական եւ գիտական մտքին, պարզ է դառնում, որ նրա մտորումները մինչ այժմ էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, մինչ այժմ էլ երաժշտական կրթության մասնագետների, երաժիշտ-մանկավարժների առաջ ծառացած են այն խնդիրները, որ բարձրացնում է հեղինակը, եւ որ դրանք ձեռք են բերում մեծ նշանակություն հասարակության գեղագիտական դաստիարակության շրջանակներում:

«Երգն ընտանիքում» (1910), «Հայ ընթերցողին եւ հայ հասարակութեան» (1910), «Երաժշտական գրականութիւնը մեզանում» (1910), «Ժողովրդական երգերը մեր դպրոցներում» (1914), «Պէտք է շտապել» (1916) հոդվածներում Ա. Մայիլյանը քննարկում է երաժշտական դաստիարակության մի շարք հարցեր, օրինակՙ երաժշտության գավառական դպրոցներ ուսուցիչների համար ամառային դասընթացներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որտեղ բացի լեզվի, թվաբանության, պատմության եւ երաժշտության դասընթացներից, պետք է դասավանդվի նաեւ նկարչություն եւ ձեռակերտ արվեստ: Չափազանց կարեւորում է Մայիլյանը ժողովրդական երգի դասավանդման արժեքը, մասնավորապեսՙ «Երգն ընտանիքում» հոդվածում, որ այն պետք է սկսվի դեռեւս մանկան օրորոցից, ասելով որ այն առաջին զգացմունքը, որ ներշնչում է մայրը զավակին, դա երգն էՙ մանկան անդրանիկ հոգեկան էվոլյուցիան:

«Տւէք մանուկներին երգ, որից բուրէ մանկական թարմութիւն. երգ, որը դանդաղ երեխաներին աշխուժացնէ. երգ, որը արթնացնէ նրանց մտքի գործունէութիւնը եւ այդպիսով նրանց հոգին պահէ ուրախ տրամադրութեան մէջ. երգ, որ թլւատութեան եւ կակազութեան առաջն առնէ. երգ, որը նրբացնէ նրանց կոպիտ յատկութիւնները, մօռացնել տայ նրանց տգեղ վարմունքները եւ զարթենցնէ նրանց մէջ սէր դեպի բարին, դէպի գեղեցիկը, դէպի ընկերը եւ այն ամէնը, ինչ որ կարելի է սիրել, ինչով կարելի է հրապուրւել» :

Այս տողերում Մայիլյանը խտացրել է երեխաների համար երգ-երաժշտության թե՛ դաստիարակչական, թե՛ նույնիսկ բուժական, ու նաեւ գեղագիտական զարգացման նշանակությունը:

Հաջորդ հոդվածներում նա խոստովանում է, որ երաժշտական գրականության դրությունը շատ խղճուկ է, փաստելով, որ դասավանդման համար իբրեւ նյութ ստեղծագործում են ուսուցիչները, սակայն վստահ չէ, թե դրանք այնպիսի գործեր են, որ պիտի համերգներին կամ այլ առիթներով հրապարակ հանվեն: Սրտի կսկիծով է խոսում ժողովրդական երգերի հրատարակություններ ունենալու, երաժշտական գրականությունՙ հատկապես մանուկների համար ստեղծելու մասին եւ այս խնդիրների լուծման համար երաժշտական ընկերություն հիմնելու անհրաժեշտության մասին:

«Երգեցիկ խմբի կուլտուրան մեզանում» (1911) հոդվածում Մայիլյանն արծարծում է արդիական խնդիրները, որ ծառացած են երաժշտական կուլտուրան բարձր պահելուՙ մասնավորապես եկեղեցիներում երաժշտական պատրաստվածությամբ երգեցիկ խմբեր ունենալու խնդրի դիմաց եւ դիմում է հասարակությանըՙ ուշադրության եւ միջոցների հայթայթման համար:

«Մակար Եկմալյան» (1912) չորս մասից բաղկացած նրա ծավալուն ակնարկում նա սկզբում ներկայացնում է իր սիրելի ուսուցչի մտերիմ, մանկավարժ-դաշնակահար Յ. Տեր-Դավթեանի հուշերը Եկմալյանի մասին, երկրորդ մասում` Եկմալյանի երգեցիկ խմբի մասին, որտեղ շեշտում է այն բարձր վարպետությունը, որին տիրապետում էր Եկմալյանի ղեկավարած խումբըՙ շնորհիվ խմբավարի պահանջկոտության, երրորդՙ ամենահետաքրքրական մասը նվիրված է կյանքի վերջին տարիներին հոգեկան ծանր հիվանդության պահին Եկմալյանին իր աշակերտների կողմից այցելությանը, եւ չորրորդՙ ամենավերջին մասումՙ «Նրա թաղումը» ենթավերնագրի տակ Մայիլյանը պատմում է, որ հանգուցյալին հրաժեշտ տալու համար նրա ձեռագրերից եղբոր օգնությամբ գտան «Տեր Ողորմեան» եւ իր երգեցիկ խմբով կատարեցին նրա տան առաջ, իսկ վերջին հրաժեշտը մեծ վարպետին տվեցին իր գերեզմանի մոտՙ երգելով նրա «Ով Հայոց Աստւած» քառաձայն խմբերգը:

Ամսաթերթի նույն համարում «Եկմալյանը եւ Կարա-Մուրզան» հոդվածում (1912) հեղինակը համեմատություններ է տանում երկու կոմպոզիտորների երգչախմբային գործունեության մասին, ասելով. «Եկմալյանի խումբը անկասկած շատ բարձր էր Կարա-Մուրզայի խմբերից. առաջինի խումբը հասցրած էր գեղարւեստական կատարեալ բարձրութեան, մինչդեռ վերջինի շուտափոյթ կազմւած խմբերը թերի էին», «Եկմալյանը երաժշտագէտ գիտնական էր, Կարա Մուրզանՙ քրտնող մշակ»:

«Լեբլեբիջի» հոդվածը (1912) Տիգրան Չուխաճյանի համանուն կոմիկական օպերայի մասին է, որտեղ Մայիլյանը կասկած է հայտնում իր հանդիպած տարբերակին, մեջբերելով դերասաններ տիկ. Ազնիվ Հրաչեայի եւ Սիրանոյշի տարակուսանքը, որ այս «Լեբլեբիջին» նման չէ Պոլսում ներկայացված օպերային: Նույնիսկ փաստում են, թե թարգմանությունը շատ անհարազատ է, եւ ավելի լավ է տաճկերեն խաղալ, քան հայերեն եւ նամակ են հղել Փարիզում գտնվող Չուխաճյանի որդունՙ պարզաբանում ստանալու համար:

«Վրաց ժողովրդական երգը» (1914) հոդվածում նա մանրամասն խոսում է վրացական մեղեդիների ծագման, վրաց ժողովրդի երգչական մշակույթի մասին, իսկ Շամախու թեմի հայ ուսուցիչների համագումարին Ա. Մայիլյանի «Երաժշտութիւնը եւ երգ-ձայնագրութիւնը մեր դպրոցներում» դասախոսությունը (1915) բաղկացած է եղել 10 կարեւոր խնդիրներից, որոնք նա ներկայացրել է ամբողջ նիստի ընթացքում շատ մանրամասնորեն. թե՛ դպրոցներում երաժշտության դասավանդման, թե՛ ընտանիքում դրա նշանակության, թե՛ ուսուցիչների գործունեության մասին եւ այլեւայլ հարցեր: «Կայսերական կօնսերվատորիա Թիֆլիսում» ակնարկում որպես խմբագիր ողջունել է Թիֆլիսում այս կոնսերվատորիայի բացումը, հույս հայտնելով, որ այնտեղ ուշադրության կարժանանա նաեւ մանկավարժական բաժին ունենալու հարցը:

Գրախոսականներ է հրապարակել նաեւ Ռոմանոս Մելիքյանի եւ Ազատ Մանուկյանի կազմած «Երաժշտական այբբենարան» (1913) երգ-ձայնագրության դասագրքի վերաբերյալ (1914), որտեղ արծարծում է դասագրքի թերություններն ու առավելությունները, եւ անում է դա շատ խստապանջորեն:

Գրախոսել է տարբեր երաժիշտների համերգները, կիսել տպավորություններըՙ «Ռախմանինովը որպես Սկրեաբինի երկերի կատարող» (1915), գրախոսել է Փարիզում ոմն պարոն Լեւոն Համբարձումյանի հրատարակությամբ Տիգրան Չուխաճյանի «Ave Maria» (1883) մեներգը, վերջում հույս հայտնելով, որ ավելի արժեքավոր կլինի նախ հրատարակել հայերեն գործերը, հետոՙ օտարները (1914):

Տարբեր տարիների համարներում մի շարք գրախոսականներ է հրապարակելՙ օրինակ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանի մանկական երգերի, Ազատ Մանուկյանի «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուի, Ե. Բաղդասարյանի «Գառնուկ» մանկական երգի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռուբէն Աբեղայ անվամբ մեկի «Բաբա Համբարձում Լիմօնճեան եւ հայ նոտագրութեան ծագումը» աշխատության մասին, Սպիրիտոն Մելիքյանի գերմաներենից թարգմանությամբ Ռիխարդ Ֆուքսի «Երաժշտութեան պատմութիւն» պատկերազարդ ձեռնարկի մասին, «Գեղարւեստը յեղաշրջումի օրերին», որոնք նա ենթադրաբար ստորագրել է կեղծանվամբՙ Antonios: Հաճախ գրախոսությունները վերածվել են ամենաիսկական բանավեճերիՙ տարբեր համարներում ունենալով իրենց շարունակություններըՙ ընդդիմախոսներին ի պատասխան:

Հեղինակել է նաեւ հայ մեծանուն դերասան Պետրոս Ադամյանի հիշատակին նվիրված «Ո՞վ էր Ադամյանը» ակնարկը (1916): Այսպես է նկարագրում մեծ դերասանին Մայիլյանը. «Գեղեցիկ էր նա ինչպէս սիգապանծ կաքաւ եւ նրա ներկայութիւնը տալիս էր բեմին մի հրաշալի ներդաշնակութիւն: Հարմօնեա նրա արտաքինի, հարմօնեա նրա խաղի, հարմօնեա նրա հնչեղ արտասանութեան մէջ: Նա ինքը մի երաժշտութիւն էր: Երաժշտութիւն էր նրա ձայնը, համաչափ ու հստակ, ինչպէս աղբիւրի կոհակիկները» :

Հանդեսի տարբեր համարներում կարելի է հանդիպել չափազանց հետաքրքրական էջերի եւ նյութերի, ինչը վկայում է Մայիլյանի լայն աշխարհայացքի, բավական մեծ շրջանակ ունեցող կապերի մասին. «Երաժշտական քրօնիկոն», «Ցիտատներ» էջերը, ակնարկ Ռոբերտ Շումանի մասին, Անտոն Ռուբինշտեյնի մտքերը երաժշտության վերաբերյալ, Գեւորգ Չմշկյանի հուշերը հայ թատերական երեւելի դեմքերիՙ Պետրոս Ադամյանի եւ այլոց մասին, ինչպես նաեւ Պ. Ադամյանի անտիպ նամակներն առանց փոփոխությունների, իսկ 1913-14 թվականերից սկսած համարները պարունակել են նաեւ մանկական երգեր նոտագրությամբՙ իր, Միքայել Միրզայանի, Ա. Տեր-Ղեւոնդյանի եւ այլոց հեղինակությամբ:

Հետաքրքրական տեղեկություններ է պարունակել ամսաթերթը հայ մեծանուն երաժիշտների եւ թատերական աշխարհի ներկայացուցիչների մասին. Հեղինե եւ Եվգինե Ադամյան քույրերի, երգիչներ Արմենակ Ահարոնյանի, Ն. Ղուկասյանի, Ա. Կոստանյանի, ջութակահար Յ. Նազարյանի, դերասաններ Վ. Փափազյանի, Սիրանույշի, Սաթենիկ Ադամյանի եւ այլոց մասին: Օրինակ, այստեղ ենք գտնում մի արժեքավոր ակնարկ հայ երաժշտագետ Օվսաննա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ (1912), որն ուսանել է Լայպցիգում, եւ, ի դեպ, հետագայում հանդիսացել է Երեւանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին տնօրենը (1929-1930թթ.):

Հետաքրքրական անդրադարձ ենք գտնում ամսաթերթում նաեւ Մայիլյանի «Գյուլնազ տատի հեքիաթը» (ըստ Ղ. Աղայանի) մանկական օպերայի մասին (1916), որ հայ մանկական օպերաների ստեղծման ճանապարհին առաջիններից է, եւ որն, ըստ տեղեկության, կատարվել է ավստրիացի գերի զինվորականների նվագախմբի կատարմամբՙ գերի սպայի դիրիժորությամբ: Ինչպես ասվում է տեղեկության մեջՙ «Հասարակութիւնն անվերջ ծափերով դղրդացնում էր դահլիճը. կային նաեւ ռուսներ, որոնք ցանկութիւն յայտնեցին օպերան թարգմանելու: Նվագախմբի դիրիժօրն արդէն սկսել է թարգմանել այն գերմաներէն» :

Հրաշալի եւ մանրամասն տեղեկություններ է պարունակում ամսաթերթը Թիֆլիսում կայացած Ալ. Սպենդիարյանի համերգի առթիվ, ինչպես նաեւ իրՙ Անտոն Մայիլյանի երգեցիկ խմբի համերգների, որոնց մասնակիցները երբեմն նաեւ ուսուցիչ-ուսուցչուհիներ էին:

Ամսաթերթում տարբեր հեղինակների թարգմանություններով ներկայացված են համաշխարհային երաժշտարվեստի երեւելի դեմքերի վերաբերյալ ակնարկներ, հոդվածներ, վերլուծականներ. Սկրիաբինի, Բախի, Գունոյի, Ռամոյի, Շոպենի, Ժորժ Սանդի եւ այլոց վերաբերյալ ժամանակի արդիական տեղեկություններ:

Ուսումնասիրելով անվանի կոմպոզիտորի երաժշտագիտական եւ հասարակական-լուսավորչական աշխատանքըՙ համոզվում ենք, որ Անտոն Մայիլյանի տեսակետները, մտքի պրպտումները որպես երաժշտագետի եւ երաժշտական կրթության մասնագետիՙ շատ հստակ են եւ համահունչ ժամանակի առաջադեմ արվեստագետների մոտեցումներին: Նա քաջատեղյակ էր իր ժամանակի երաժշտական իրադարձություններին եւ զարգացումներին, իսկ ամսաթերթի բովանդակության բազմազանությունն ու օգտակարությունը հետագա ուսումնասիրությունների համար անհերքելի է:

Հ.Գ.- Անտոն Մայիլյանը (1880-1942) կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտական կրթությունըՙ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանումՙ աշակերտելով Ք. Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Նիկոլաեւին, Ն. Կլենովսկուն: Բաքվում ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: 1910-1917 թվականներին խմբագրել եւ հրատարակել է «Թատրոն եւ երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվումՙ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հովհաննես Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ եւ այլն: 1930 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչմանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ