ՓՆՏՐԵԼՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Աշխարհի բազմազանության մեջ լուսանկարչի հայացքը որսում է իր համար անկրկնելի պահեր, երեւույթներ, որոնք խոսում են սրտի հետ, նա արձանագրում, վավերացնում է դրանք, իմաստ, բովանդակություն է տեսնում դրանց մեջ, հիշողություն, կամ զուտ գեղեցկություն: Նա ստեղծում է իր պատմությունը, իր ժամանակը: Ի՞նչ է որոնում Մեսրոպ Մեսրոպյանի լուսանկարչական միտքը, ի՞նչն է կարեւորում նրա հայացքը: Դիմանկարների այն շարքը, որ այս օրերին ցուցադրվում է «Նարեկացի» արվեստի միությունում, շատ բան է պատմում այդ մասին: Մինչ այս ցուցադրությունը նրա լուսանկարչական արվեստին ծանոթ էի հայրենի բնաշխարհիՙ իր բազմաթիվ բացահայտումներին. բնության հրաշալի կտորներ, լեռներ, հարթավայրեր, լճեր: Իր լուսանկարների մեկ այլ շարքում դրսեւորվում է նրա վերաբերմունքը հայ հոգեւոր ճարտարապետության նկատմամբ, որ գնահատանք է, ակնածանք է, սեր է: Ինչպես ինքն է ասում, մեր եկեղեցինների ու վանքերի ասկետիզմն է հարազատորեն գրավում իրենՙ ճարտարապետական զուսպ ձեւերը, ներքին այն մտերմիկ պարզությունը, որով մարդու հոգին խոսեցնում է իր հետ, հաշտեցնում, խաղաղեցնում: Մի քանի տարի առաջ այս նույն սրահում նրա «Արեւմտյան Հայաստան. Կորուսյալ դրախտ» ցուցահանդեսը կարոտի ու ցավի արտահայտություն էր: Եվ ահա այս նոր ցուցադրությունըՙ խորագրված «Առանց դիմակի». կերպարներ, դեմքերՙ պարզ մարդկանց, արվեստագետների, հիմնականումՙ ավագ սերնդի ու տարեցների: Այս շարքում միանգամայն տարբեր է նրա մոտեցումը եւ շարժառիթըՙ այլ: Նա փորձում է գտնել կյանքի ճանապարհ անցած մարդու ապրումների, նրա հույսերի ու հիասթափությունների, ուրախությունների ու տխրությունների այն հետքերը, որ ակոս առ ակոս դաջվել են դեմքին, գտնել այն դեմքը, հայացքը, որ այլեւս անդիմակ է, որի միջով կարելի է թափանցել ներս, կարդալ անցյալը.-ներքին վիճակ, որ արդեն հաշտվել է կյանքի խաղերի, գոյության անցողիկության հետ: Հնարավո՞ր է արդյոք ճանաչել մարդուն, ինչպե՞ս հասկանալ նրա մեջ ապրող էակին: Ճանաչողության այս շրջապտույտում հաճախ ենք հայտնվում ինքնախաբկանքի հուսահատության մեջ: Այս բարդ ընթացքը լուսանկարիչը փորձել է հաղթահարել տարիների աշխատանքով, մարդկային բնույթը, նրա մութ ու լուսավոր կողմերը ուսումնասիրելու փնտրտուքներով. փորձել է շոշափել մարդու ներքին կերպարը, լուսանկարչական օբյեկտիվը արձանագրել է նրա բնական վիճակը, առանց դիմակի, մի բան, որ ինչպես ինքն է ասում, պարտադրված է մեզ, ուզած թե չուզած կրում ենք: Սակայն լինում են մարդիկ, որ չունեն դրա կարիքը, կամ էլ կյանքի մի հանգրվանում հասկանում են, որ պետք է լինել այնպիսին, ինչպիսին են. բացՙ կյանքի ճշմարտության դեմ: Երեք տարի որոնել է նրանց: «Թվում էրՙ ինչ կարող էի առաջարկել մի իրականության պայմաններում, երբ բոլորը սեփական գեղեցկությամբ ու շահեկան դիրք ընդունելու մտահոգությամբ են տառապում: Ժամանակի պահանջն է. հավերժ երիտասարդություն, բարեկեցություն եւ հաջողակություն: Արդիականության կուռքերը առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ դու արժանի ես «լավագույնին», որ պարզապես պարտավոր ես լինել երիտասարդ, սլացիկ ու երջանիկ, որ եթե այդպես չէ, ձախողված ես ու թույլ: Եզակի բացառություն են, թերեւս, երեխաները, որ խուսափել են այդ համընդհանուր կեղծիքի ծուղակից. նրանց դիմանկարներն առանձին մոլորակ ենՙ ջինջ ու սպասելիքներով լի: Երեւի սա էր պատճառը, որ առաջին դիմանկարներիս հերոսներին գաղտնի էի լուսանկարում, փորձելով գտնել այն պահը, երբ դիմակը սահում է, եւ երեւում է իրական դեմքը: Երբեմն ոչ այնքան գեղեցիկ, անցած տարիների թողած անջնջելի հետքերով: Երբեմն հոգնած, կնճռապատ: Երբեմն սրընթաց թռչող տարիների դեմ պայքարից հուսահատված, ու արդեն ամեն ինչի անցողիկ լինելու գաղափարի հետ հաշտված: Այս հաշտության պահն է, որ ներկա է իմ գրեթե բոլոր դիմանկարներում: Ոչ ոք պարտավոր չէ լինել հավերժ երիտասարդ ու հաջողակ: Եվ երբ գիտակցում ես դա, դիմակին փոխարինելու է գալիս ներքին լույսը: Անցած ճանապարհի քարտեզն արտացոլվում է դեմքիդ ու դրանով ես դառնում եզակի եւ արժեքավոր»,- այսպես է բացում լուսանկարիչը մտքի փակագծերըՙ դեպի մարդու ներաշխարհ տանող նուրբ ու դժվարին ուղիները: Ներկայացված աշխատանքների մեջ մի դիմանկար կաՙ վերնագրվածՙ «Ցուցահանդեսների թագուհին»: Քաղաքի մշակութային գրեթե ամեն միջոցառման նա ներկա է: Կերպարը հաջողված է: Սրահում ինձ մոտենում է մի կին ու, ցույց տալով այդ նկարը, հարցնում. «Կարո՞ղ եք ասելՙ ու՞մ դիմանկարն է»: Զարմացած նայում եմ. «Ձեր դիմանկարն է»: Ինքն էլ իր հերթին է զարմանում. «Այդքան նմա՞ն է...» : Կենտրոնական պատին աչքի է ընկնում դեմքը ձեռքերի մեջ առած կնոջ դիմանկարըՙ խոհուն, համակրելի, լուսավոր.- լուսանկարչի մոր դիմանկարն էՙ լավագույն գործերից: |