ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼԵՀԵՐԵՆ Ա. Բ. Վարշավայում օրերս հրատարակվել է «Արդի հայ դրամա» հայ ժամանակակից թատերագրության ժողովածուն: Այն կազմել եւ խմբագրել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերագետ Անդրեյ Մոսկվինը : Վերջինս գրել է նաեւ հատորի ներածությունը, որտեղ պատմում է Հայաստան իր առաջին այցի ու արտերկրում հայկական բիենալեներում իր տեսածի մասին: Գրքի նախաբանի հեղինակը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս, արվեստագիտության թեկնածու, թատերագետ եւ գրող Անուշ Ասլիբեկյանն է, որը ներկայացրել է հայ դրաման եւ վերլուծել ժամանակակից հայ թատերգության ներկայացվածությունն արտերկրում: Ժողովածուում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներՙ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը», Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակները», Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն», Սառա Նալբանդյանի «Վախի գենեզիսը» եւ Կարինե Խոդիկյանի «Բանտախցում»-ը: Ստեղծագործությունները լեհերեն են թարգմանել Յակուբ Ադամովիչը , Օլիվիա Կասպրչիկը եւ Յուլյա Նեստերենկոն : Բոլոր հեղինակներն առաջին անգամ են թարգմանվում լեհերեն: Ի դեպ, Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսն անցյալ տարի տպագրվել էր նաեւ լեհական «Դիալոգ» հեղինակավոր թատերական ամսագրում (թիվ 6, թարգմանիչՙ Յակուբ Ադամովիչ): Սույն պիեսներն այսօր ընդգրկված են հայաստանյան թատրոնների խաղացանկերում եւ մաղթենք, որ դրանք այսուհետ բեմադրվեն նաեւ Լեհաստանում: «Արդի հայ դրամատուրգիա» լեհերեն ժողովածուի երեւանյան շնորհանդեսը «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00, ՀԲԸՄ կենտրոնում: |