ՎԱԽՃԱՆՎԵՑ ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ Հոկտեմբերի 1-ին, Մոնրեալում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց մեծատաղանդ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, 86 տարեկանում: Կորուստը իսկապես ծանր է, քանի որ այս արվեստագետը, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, անփոխարինելի է: Առաջիկա շաբաթ, մեր մշակութային այս էջերում իրենց հրաժեշտի խոսքը կասեն Տիգրան Մանսուրյանը, Մարտին Միքայելյանը, Երվանդ Ազատյանը (Դետրոյթ), Գրիգոր Պլտյանը (Փարիզ), Հարություն Նագուլյանը (Բեյրութ), Երվանդ Տեր-Խաչատրյանը եւ ուրիշներ: Մինչ այդՙ մեծ արվեստագետի կյանքի քրոնիկոնըՙ ծննդից մինչեւ մահ, ի պէտս զարգացելոց, նաեւՙ համբակաց:
1933 - Արտո Չաքմաքչյանը ծնվել է հունիսի 26-ին, Եգիպտոսում, Հելիոպոլիս քաղաքում, գրավաճառ Սուրեն Չաքմաքչյանի եւ Արմենուհի Մելիքյանի ընտանիքում: 1943-ին հայրը վախճանվում է: 1948 - Մոր եւ կրտսեր եղբորՙ Գրիգորի հետ ներգաղթում է Հայաստան: Նույն տարում նա ընդունվում եւ 1953-ին ավարտում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը: 1953 - Ընդունվում է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն ավարտում է 1959-ին: 1961 - Արտո Չաքմաքչյանը դառնում է Արվեստի ինստիտուտի գիտական աշխատակից, տարիներ շրջում է Հայաստանում, ուսումնասիրում է հայ հին մշակույթը, Հայաստանի հնավայրերը եւ նյութեր է հավաքում «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» (Լենինգրադ, 1971) գրքի համար: 1962 - Մասնակցում է Պրահայում կազմակերպված կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսին եւ շահում է իր առաջին միջազգային մրցանակը: 1964 - Ծանոթանում է ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանին, որը մեծ դեր է խաղում նրա կյանքում: 1968 - Սոֆիայում (Բուլղարիա) բացում է քանդակի եւ գրաֆիկայի անհատական ցուցահանդես: «Մայրը» եւ «Առնո Բաբաջանյան» քանդակների համար Մոսկվայում արժանանում է ոսկե մեդալի եւ միեւնույն ժամանակ դառնում է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության առաջին դափնեկիրը: 1969 - Ծանոթանում եւ ամուսնանում է Նաիրի Պահլավունիի հետ: 1971 - Ծնվում է որդինՙ Սուրենը: 1975 - Ընտանիքով հեռանում է Հայաստանից եւ հաստատվում Մոնրեալում (Կանադա): Ծանոթանում եւ բարեկամանում է Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա Կարպիս Քորտյանին: 1976 - Անհատական ցուցահանդես Օքսֆորդում: Ստեղծում է նշանավոր փիլիսոփաներ Լեշեկ Կոլակովսկիի եւ Ալեն Մոնտեֆիորիի, եւ այնուհետեւ Ժան-Ֆրանսուա Լիոտարի, Շառլ Թայլորի եւ Ռայմոնդ Կլիբանսկիի քանդակները: 1977 - Օտտավայում ծանոթություն եւ բարեկամություն է հաստատում Յուսուֆ Քարշի հետ: Բացում է անհատական ցուցահանդես Քվեբեկի Ազգային գրադարանում: 1978 - Սկսում է քանդակ եւ նկարչություն դասավանդել Մոնրեալի եւ Քվեբեկի համալսարաններում: 1980 - Ընդունում է Մեծ Բրիտանիայի Արքայական ակադեմիայի առաջարկըՙ ստեղծելու Նոբելյան մրցանակի դափնեկիր սըր Փիթեր Մեդավարի կիսանդրին: Նույն տարում ծանոթանում է Հենրի Մուրին, լինում է նրա արվեստանոցում: 1981 - Ընդունում է Դետրոյթում Կոմիտաս Վարդապետի չորս մետրանոց արձան ստեղծելու առաջարկը: Անհատական ցուցահանդես Բերկլիի համալսարանում (Կալիֆորնիա): Զուգահեռաբար երկու քանդակի («Հիրոշիմա» եւ «Կանգնած մարդը») ցուցադրություն Սթենֆորդի համալսարանում: Այդ քանդակները համալսարանի ֆիզիկայի բաժնի ղեկավար պրոֆ. Պանոֆսկիին ժամանակին նվիրել էր ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանը: 1982 - Ծնվում է դուստրըՙ Աստրիդը: 1984 - Տորոնտոյում տեղադրվում է Արտո Չաքմաքչյանիՙ չորս մետր բարձրությամբ «Վերածնունդ» քանդակը: 1984 - Շահում է Մոնրեալի Արվեստների հրապարակում դրվելիք հռչակավոր դիրիժոր Ուիլֆրիդ Պելետիերի քանդակի համար հայտարարված մրցույթը: Բացում է անհատական ցուցահանդես Արվեստների հրապարակի Ուիլֆրիդ Պելետիերի սրահում: 1985 - Ծանոթանում է գերմանացի փիլիսոփա Հանս-Գեորգ Գադամերի հետ եւ ստեղծում է նրա կիսանդրին: Այն այսօր տեղադրված է Հայդելբերգի Գիտությունների ակադեմիայում: 1986 - Մոնրեալում տեղադրվում է Արտո Չաքմաքչյանի «Կանգնած մարդը» երեք մետրանոց քանդակը: 1987 - Իրագործում է Վիրջինիայում Ռոսլինին նվիրված վեց մետրանոց կոմպոզիցիոն քանդակը: 1990 - Ընդունում է Նյու Ջերսիում բրոնզե մեծ քանդակ տեղադրելու առաջարկը: Անհատական մեծ ցուցահանդես է բացում Մոնրեալում: 1991 - Ընտրվում է Կանադայի Գեղարվեստի արքայական ակադեմիայի անդամ: 1995 - Վեց աշխատանքով մասնակցում է Բոխումում (Գերմանիա) բացված հայկական արվեստի ցուցահանդեսին, մի քանի աշխատանքով մասնակցում է Ֆրանսիայում Պոնտիվի, Նանտ, Մեց եւ այլ քաղաքներում կայացած ցուցահանդեսներին: 1996 - Երեսուն աշխատանքով ցուցահանդես Փարիզում: Ցուցահանդեսներն ու պատկերագրքերը այլեւս բազմաթիվ են, մեծաթիվ է նաեւ իր արվեստի շուրջ ստեղծված գրականությունը: 2010 - 1966-ից 1974 թվականներին ստեղծված գրաֆիկայի մեծ ցուցահանդեսՙ «Դիմակներ» խորագրի ներքո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի Արվեստների կենտրոնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակում է Արտո Չաքմաքչյանի գրաֆիկայի մեծադիր շքեղ պատկերագիրքը: Երեւանում հրատարակվում է Արտո Չաքմաքչյանի մեծադիր եւ շքեղ երկու պատկերագիրքըՙ «Դիմակներ» (2006) եւ «Արտո Չաքմաքչյան. Քանդակ եւ գրաֆիկա» (2016): 2015 - Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (Երեւան) կազմակերպվում է Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը: Կենտրոնը հրատարակում է «Արտո Չաքմաքչյան. Վերածնունդ» պատկերագիրքը: 2019 - Հոկտեմբերի 1-ին Մոնրեալում կնքում է իր մահկանացուն: Նկար 2. Ա. Չաքմաքչյան. «Քայլող մարդը» |