RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-10-03 21:00:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1188, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸՙ ԸՍՏ ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆԻ

Արծուի ԲԱԽՉԻՆԵԱՆ

Դոկտ. Հրայր Ճէպէճեան, «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ», Պէյրութ, 2018

Մերօրեայ սփիւռքահայ ամէնից աշխոյժ մտաւորականներից դոկտոր Հրայր Ճէպէճեանն ինը տարի առաջ սեղանին դրեց իր առաջին ժողովածունՙ «Հայուն գոյապայքարին ճանապարհը», որն ամփոփում է 30 տարիների ընթացքում իր գրած յօդուածները: Անցեալ տարի Բէյրութի Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունը լոյս ընծայեց դոկտոր Ճէպէճեանի յօդուածների երկրորդ հատընտիրըՙ «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» խորագրով, որն էլ նրաՙ 2011-2017 թթ. գրած յօդուածների հանրագումարն է:

Ճէպէճեանները յայտնի են Սփիւռքում որպէս ազգանուէր եւ ստեղծագործ մի գերդաստանի ներկայացուցիչներ: Ներկայացուող հատորում բազմիցս յիշւում է հեղինակի հօրեղբայրըՙ սիրահայ երջանկայիշատակ ականաւոր ազգային, ակնաբոյժ, նկարիչ, գրող Ռոպէր Ճէպէճեանըՙ հալէպահայութեան կենդանի պատմութիւնը: Վերջինիս որդինՙ անցեալ տարի կեանքից հեռացած Վանիկ Ճէպէճեանը, բալէտի պարող էր Ֆրանսիայում (աշխատել էր մեծանուն Մորիս Բեժարի խմբում), դուստրըՙ Դանիլան, գրադարանավար է Բոսթոնում: Եղբօր դուստրերից ամերիկաբնակ Ալիծ Աղպապեանը հայկական պատմութիւնների ու հեքիաթների ասացող եւ մանկագիր է, իսկ ֆրանսաբնակ Անահիտ Սարգիսեանը ուսուցչուհի է, սփիւռքահայութեան շրջանակներում առաւել ճանաչուածՙ մանուկների ու մեծերի համար գրուած իր այնքան ինքնատիպ չափածոյ ստեղծագործութիւններով...

Ստեղծագործական ծինը եւ հայրենասէր նկարագիրն առկայ է նաեւ Հրայր Ճէպէճեանի մէջ: Ինչպէս նա վկայել է իր գրութիւններից մէկում. «Մանկութեանս եւ պատանեկութեանս տարիներուն ներկայ կ ըլլայի հօրս եւ իր բարեկամներուն հաւաքներուն, մտիկ կ ընէի անոնց զրոյցները, թէկուզ ամէն բան չհասկնալով, բայց մտքիս ու հոգիիս մէջ տեղ մը բոյն կը շինէին այդ բոլորը, երեւի որպէսզի անդրադառնամ լսածներուս խորքինՙ երբ մեծնայի ու սկսէի ատակ դառնալու այդ բոլորը լաւապէս ընկալելու: Եւ այդպէս ալ եղաւ: Ժամանակի ընթացքին սկսայ սորվիլ եւ հասկնալ հայուՙ իմ, պատմութիւնը» (էջ 150):

Բարեբախտութիւն է, որ Արաբական ծոցի Աստուածաշունչի Ընկերութեան քարտուղարի պաշտօնի բերումով Հրայր Ճէպէճեանը շրջում է աշխարհով մէկ, մասնակցում բազմաթիւ ազգային, միջազգային եւ միջեկեղեցական համագումարներիՙ բանախօսելով կրօնական, սուրբգրային, ազգային, մշակութային եւ միջինարեւելեան քրիստոնէական ներկայութեան մասին: Եւ այդ ուղեւորութիւնների ընթացքում ամենուր նա առերեսւում է, իր բնութագրումով, «գունագեղ» եւ «այլազան» հայ սփիւռքին, գտնում հայկական հետքեր, հանդիպում աշխարհացրիւ հայրենակիցների եւ մամուլի էջերում անձանձիր կերպով ընթերցողներին է ներկայացնում ստացած տեղեկութիւնները, իր տպաւորութիւնները, մտորումներն ու մտահոգութիւնները, ստեղծում այսօրուայ հայ Սփիւռքի մանրապատումային պատմութիւնը: «Թէեւ աշխատանքով կը մեկնէի Քրաքով, բայց նաեւՙ ապրելու եւ պեղելու պատմութեան ընթացքին Լեհաստանի մէջ հայկական իրականութիւնը»,- գրում է նա «Շոփէնին սիրտը» յօդուածում (էջ 61): Այս սկզբունքով էլ նա մուտք է գործել իւրաքանչիւր երկիր, իր բուն առաքելութիւնը կատարելուց յետոյ վճարել «պարտքն» իր ազգինՙ գտնելով հայկական փողոց, Ցեղասպանութեան զոհերին նուիրուած յուշարձան, հերթական «Հայ տունը»ՙ Չիլիի մայրաքաղաք Սանտեագոյում կամ ամերիկեան Աթլանթայում, հայասերունդ մի անձՙ լինի տուեալ երկրում մեծ ճանաչման արժանացած գործիչ թէ Կիպրոսի մի բանտում գտնուող թրքահպատակ հայ դատապարտեալը կամ նիւեօրքաբնակ Վիգէնըՙ քրէական անցեալով... Եւ իզուր չէ, որ «Ոչ հայ գործակիցներս վարժուած են իմ այս սովորութեանս: «Քանի՞ հայ հանդիպեցար այս անգամ», կը հարցնեն ինծի, առանց ուշացնելու իրենց դիպուկ սրամիտ կատակը» (էջ 469):

Չնայած վերնագրինՙ ժողովածուում առկայ են ոչ միայն սփիւռքահայ կեանքին վերաբերող յօդուածներ: Նիւ Եորքի Աստուածաբանական ճեմարանից Աստուածաշնչի Յանձնառութիւն ճիւղի մէջ դոկտորական վկայանի արժանացած Հրայր Ճէպէճեանը մերթընդմէջ ներկայացնում է նաեւ արդի աշխարհում քրիստոնէութեան դերի, քրիստոնէական մտածողութեան եւ յարակից այլեւայլ հարցեր, արծարծում աստուածաբանական խնդիրներ, ինչպէս նաեւ հայ եկեղեցուն եւ հանրութեանն առնչուող կրօնական նիւթեր (օրինակ, աղանդների խնդիրը): Կան նաեւ բուն Հայաստանին վերաբերող անձնական յիշատակներ (ինչպէս հեղինակի առաջին այցելութիւնը հայրենիք 1991-ին կամ Տաւուշի մարզի Կայան սահմանամերձ գիւղից ստացած տպաւորութիւնները): Որոշ գրութիւններ էլ չեն առնչւում ո՛չ հայութեանը, ո՛չ կրօնական թեմաների, այլ հրապարակախօսական լուրջ վերլուծումներ են (օրինակ, «Համաշխարհայնացումը ազգային եւ մշակութային ինքնութեան վերացո՞ւմ, թէ՞ վերանորոգում» արժէքաւոր յօդուածը) կամ օտար արժէքների ծանօթացում հայ ընթերցողին (ամերիկուհի գրող Ուրսուլա Լէ Կուինի մասին յօդուածը), ներկայացնում են հեղինակի ծանօթութիւնը Դուբայում աշխատող հնդիկ բանուորների հետ կամ Հարաւային Աֆրիկայի բանտերից մէկը կատարած այցը... Կուզէի առանձնացնել նաեւ «Միքայէլ Գալաշնիքովի մղձաւանջը» յօդուածըՙ բարոյագիտական խորհրդածութիւններ նշանաւոր ինքնաձիգ զէնքի հնարիչիՙ կեանքի վերջին ունեցած հոգեկան տառապանքների վերաբերեալ...

Սակայն այստեղ կանդրադառնամ ժողովածուիՙ Սփիւռքին վերաբերող գրութիւններին, որոնք ամենատարբեր բնոյթի ենՙ ուղեգրական, հրապարակախօսական, մարդաբանական, հին եւ մօտ անցեալի եւ ժամանակակիցների դիմանկարներ, պատմական ակնարկներ, անձնական-ընտանեկան յուշեր եւ այլն:

Չափազանց լայն է եօթ տարիների ընթացքում Ճէպէճեանի այցելութիւնների աշխարհագրութիւնըՙ Էստոնիայից մինչեւ Ավստրալիա, Ճապոնիայից մինչեւ Հարաւային Աֆրիկա, Եթովպիայից մինչեւ Բրազիլիա... Սփիւռքապատում գրութիւնների առանցքը բնականաբար Մերձաւոր Արեւելքի հայութիւնն է, որը մերթընդմերթ ընդմիջւում է մեծ եւ փոքր, հին ու նոր համայնքների վերաբերեալ ակնարկներով: Յատկապէս արժէքաւոր են նորաստեղծ կամ քիչ ճանաչուած հայօջախների (Մալթա, Պորտուգալիա, Լատվիա, Յորդանան, Ճապոնիա) վերաբերեալ գրութիւնները: Վահրամ Մավեանի ասածի պէսՙ «Ամէն տեղ հայ կայ», իսկ եթէ չկայ էլ, հայը գտնում է որեւէ հայկական հետք, ինչպէս Ճէպէճեանը Կենտրոնական Ամերիկայի Սալվադոր փոքրիկ պետութիւնում յայտնուել է Արմենիա քաղաքում... Անգամ եթէ չկայ հայկական հետքը, ազգային հոգսերով ապրող հայ մտաւորականը, միեւնոյն է, կամայ թէ ակամայ զուգահեռներ է անցկացնում սեփականի հետ, ինչպէս Ճէպէճեանին պատահել է Պերուի նշանաւոր Մաչու Փիչու հնավայրում: «Հին գագաթին» վրայէն կը շարունակեմ որոնել իմ ժողովուրդիսՙ հայուն հին պատմութիւնը, որ այսօր նորի տարազ հագած է իր անկախ ու սեփական պետութեան քսանամեայ նորագոյն իրավիճակով ու նուաճումով» (էջ 46): Իսկ մէջբերելով Ճապոնիայի վարչապետի «Մեր պատմութիւնը դաժան է» խօսքըՙ հեղինակի մէջ ակամայ զուգահեռ է առաջանում Թուրքիայի հետ, որը երբեւէ կարո՞ղ է բարձրաձայն խոստովանել, որ իր պատմութիւնը եւս դաժան է...

Առանձին կարեւորութիւն ունեն հեղինակի ընտանեկան յուշերը (որոնք երբեմն կրկնւում են այս կամ այն գրութեան մէջ), սկիզբ առած երբեմնի հայաշէն Այնթապում երեւելի դիրք ունեցած իր նախնիներից, որոնք տասը զոհ են տուել 1909-1915 թուականներին: Հրայր Ճէպէճեանը դրանք գրել է նախնիներից պահպանուած գրաւոր մասունքների հիման վրայ, ինչպիսին է մօրական տատի մօրՙ Մարիամ Գունտաքճեանիՙ 1909-ին գրուած նամակը, որտեղ նա վկայել է ամուսնուՙ վերապատուելի Յակոբ Գունտաքճեանի եւ զաւակների սպանութեան մասին: Եօթ զաւակի կորուստը տեսած այդ կինն ապրել է մինչեւ 1939 թուականըՙ ապաւինած հաւատին... Պահպանուել են նաեւ Հրայր Ճէպէճեանի պապիՙ բժիշկ Աւետիս Ճէպէճեանի օրագրութիւնները, առհաւատչեանՙ անցած դաժան ժամանակների, որոնք ոչ միայն ընտանեկան հուշեր են, այլ հայութեան Ողբերգութեան վկայութիւններ: Ի դէպ, հեղինակի վկայութեամբ, Ճէպէճեաններիՙ Այնթապի պապենական տունը կանգուն է մինչ օրս եւ վերածուել է խաղալիքների թանգարանի, որտեղ տանտէրերի սերունդների նախաձեռնութեամբ այսօր ցուցադրւում են նաեւ Հրայր Ճէպէճեանի քրոջՙ Ալիծ Աղպապեանի հեղինակած մանկական գրքերը...

Յուզիչ նորավէպի է նման եւ կարճամետրաժ շարժանկարի համար հիանալի նիւթ կարող են ծառայել արաբ բժիշկ Մուսթաֆա Չելեպիի կողմից հայերի փրկելու եւ ապա նաեւՙ հայ աղջիկների կողմից բժշկի փրկուելու պատմութիւնը, բայց յատկապէսՙ «Վէրքը խորունկ է» գրութիւնը: Այն ներկայացնում է հեղինակի մեծ մօրՙ 14-ամեայ Ռոպերտ եղբօր նահատակութիւնը Ադանայի կոտորածի օրերին թուրք բարբարոսի կողմից: Ճակատագրի հեգնանքով մի քանի տարի անց այդ նոյն մարդասպան թուրքին, որ վիրաւորուել էր հրազէնով, վիրահատել է Ռոբերտի աւագ եղբայր վիրաբոյժ Ֆիլիփըՙ գործողութեան ընթացքին ասելով. «Վէրքը խորունկ է»: Նրա աշխատակիցները մի պահ «կարծեցին, թէ տոքթ. Ֆիլիփ կը խօսի վէրքի ու անոր ֆիզիքական հետքերու խորունկութեան մասին: Բայց չուշացաւ տոքթ. Ֆիլիփի յստակացումը: «Վէրքը խորունկ է ոչ թէ հիւանդին, այլ իմ մէջ»: Օրեր անց արձակելով խնամեալինՙ բժիշկն ասել է. «Դէ՛հ հիմա գնա, եթէ դուք սպաննել գիտէք, մենք ալ գիտենք բուժել» (էջ 214-215): Ահա մի դէպք, երբ իրար են գումարուել բժշկի մասնագիտական պատասխանատւութիւնը եւ հայի խղճմտանքը...

Հատորում տողանցում են բազմաթիւ այլ ուշագրաւ դէմքեր եւ դէպքեր եւս.

Հին եւ մօտ անցեալի գործիչներՙ մանկավարժ Յովհաննէս Հինդլեան, հայ գաղթականներին մեծապէս օժանդակած, «հայկական սիրտ» ունեցող էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բիւլ, երգահան Բարսեղ Կանաչեան, ֆրանսաբնակ նկարիչ Արմենակ Միսիրեան, Սիրիայի ֆուտբոլի թագաւորը հռչակուած Արտաւազդ Մարութեան, ամերիկաբնակ լուսանկարիչ Հերի Գունտաքճեան, խոնարհ հայ ուսուցիչներ Վարդգէս Էսքիպաշեան, Սոնա Նաշեան,...

Ժամանակակիցների դիմանկարներՙ Սիրիայի Հոմս քաղաքի հայ համայնքի նահապետ Ասատուր Տէօվլէթեան, կիպրահայ երգահան Սեպուհ Աբգարեան, քուվեյթահայ մտաւորական Կիրակոս Գույումճեան, ամերիկաբնակ բանասէր Յովսէփ Նալպանտեան, կիպրահայ նկարիչ Վարդան Թաշճեան, Գէորգ Ճալոյեան, որը մէկ դար անց էլ հայոց Զուլումի հետքերն է փնտրում Սիրիայի Խաֆսայի շրջանում,էստոնաբնակ բաքուեցի Արտեոմ Դաւիդեան, հիմնականում խառնամուսնութիւնների ծնունդ, սակայն իրենց եկեղեցուն փարած եթովպահայեր եւ շատ ուրիշներ: Այս դիմասրահում յատուկ տեղ են գրաւում հոգեւորականներըՙ իրաքցի քրիստոնէական գործիչ, կէս հայ Ֆայեզ Ժըրժես, Դալասի հայ եկեղեցու սպասաւոր, կէս իտալացի Ղեւոնդ քահանայ Աճամեան, Մերձբալթեան երկրների հայոց հոգեւոր հովիւ Խոսրով քահանայ Ստեփանեան...

Սփիւռքահայ կառոյցներ, մշակութային դրսեւորումներՙ լինի Հալեպի «Բարոն» հիւրանոցը, 1960-ականներին լիբանանահայ պատանիներին խանդավառած «Զօրակոչ» լիբանանեան ֆիլմը Պերճ Ֆազլեանի դերակատարմամբ, Կիպրոսի «Սիփան» պարախումբը, Նուրիձա Մաթոսեանի շարժանկարը Հրանդ Տինքի մասին, կիպրահայ «Արձագանգ» պարբերականը, Կիւլպենեկեան հիմնարկութիւնը եւ այլն: Չունենալով կուսակցական որեւէ պատկանելիութիւնՙ Ճէպէճեանը հաւասարապէս բարձր է գնահատում Սփիւռքի երեք աւանդական կուսակցութիւնների խօսափողը հանդիսացած լիբանանահայ մամուլի երեք օրաթերթերիՙ «Զարթօնքի», «Արարատի» եւ «Ազդակի» դերակատարութիւնը...

Առհասարակ, անհնար է գրել հայ Սփիւռքի մասին եւ շրջանցել Ցեղասպանութեան թեման, մանաւանդ որ հատորը կազմող յօդուածները գրուել են Մեծ եղեռնի 100-ամեակի սէմին եւ նրանից յետոյ: «Եւ իւրաքանչիւր անգամ, որ կ"այցելեմ հայկական սփիւռք մը եւ կը հանդիպիմ հայուն եւ իր կեանքին մէջ տարած իր բազմատեսակ պայքարներուն, կ"ապրիմ դարձեալ Ցեղասպանութեան ահաւորութիւնը»,- գրում է Ճէպէճեանը (էջ 523): Առկայ են երկու ուշագրաւ հանդիպումներ թուրքերի հետ. քրիստոնէութիւն ընդունած ադանացի Քամիլի, որը Քեյփթաունում (Հարավ-Աֆրիկեան Հանրապետութիւն) հանդիպելով հայ Ճէպէճեանինՙ արտասուաթոր աչքերով ներողութիւն է խնդրել իր նախնիների գործած մեծ ոճիրի համար: Նոյնը կատարել է եւ մէկ այլ քրիստոնեայ թրքուհիՙ Այշան: Ակամայ հարց է առաջանում, թէ արդեօք հաւատափոխ լինե՞լն է նպաստել, որ այս թուրքերը կարողանան սթափ գնահատական տալ իրենց անցեալին... Հատորի իւրաքանչիւր էջում առկայ է նաեւ Սփիւռքի մշտագոյ հայապահպանութեան գաղափարը, որի վերաբերեալ հեղինակը կատարում է ուշագրաւ ընդհանրացումներ. «Հայուն հողը կը պատրաստուի մարդակերտումի եւ հայակերտումի անհրաժեշտ գրաւականներով: Իսկ հայուն հողին կազմաւորումը կը կայանայ ազգակերտման իրականութեան մէջ: Եթէ ազգակերտումի հրամայականը հայրենի մակարդակի վրայ պիտի նշանակէր Հայաստանի հզօրացումն ու անոր պետականութեան եւ ընկերա-տնտեսական վարչաձեւի կազմաւորումը, ապա սփիւռքի մակարդակի վրայՙ հայապահպանման մեծ, ամբողջական եւ ընդհանրական առաքելութեան կառչիլն ու անոր ի խնդիր ամէն ինչ ընելը» (էջ 98): Եւ կամՙ «Հայուն համահայկական ամէնէն մեծ մարտահրաւէրներէն մէկը զգաստութիւնն է, հոն, ուր ձեռքէ ելած կամ ձեռքէ ելլելու վրայ է իրավիճակը ո՛չ միայն կը քննադատուի, այլ կը փոխուի եւ կը փոխարինուի նորով» (էջ 156), եւ այլն:

Հատորի էջերից սփիւռքեան բազում իրողութիւնների ու դերակատարների հետ մէկտեղ յառնում է նաեւ հեղինակի նկարագիրըՙ որպէս քրիստոնէական արժէքներով, իր ազգի ու հայրենի երկրի ուրախութիւններով ու հոգսերով ապրող հայորդի: Ճէպէճեանը հեռու է մերօրեայ Հայաստանը վարդագոյն ակնոցով դիտելուց. 2012-ին գրած մի յօդուածում նա իրաւամբ նկատել է. «Թէեւ հպարտ ենք անկախացած հայրենիքով եւ անոր պետականութեամբ, բայց նաեւ մտահոգ ենք անորՙ մէկը միւսի ետեւէն զիրար հրմշտկող ծռած ու մնայուն կերպով ծռող իրավիճակներով: Սփիւռքեան համահայկական ընդհանուր իրավիճակին մէջ եւս կան նմանօրինակ, տարբեր տարողութեամբ, բայց ծուռ կամ ծռած իրավիճակներ» (էջ 98): Եւ իր ողջ գործունէութեամբ Հրայր Ճէպէճեանը ձգտում է իր լուման ներդնել այդ ծուռ կամ ծռած իրավիճակները դոյզն-իսկ շտկելու գործում...

Դոկտոր Ճէպէճեանի լեզուն գրական վճիտ արեւմտահայերէնն է, յաճախՙ աստուածաշնչեան մէջբերումներով, ոճը երբեմն վերամբարձ է, հռետորական. չմոռանանք, որ հատորի հեղինակը քարոզիչ է...

«Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» հատորը սփիւռքահայ հրապարակախօսութեան հերթական արժէքաւոր էջերից է ու նաեւ կարեւոր մի ներդրում հայ սփիւռքագիտութեան ասպարէզում:

Անտարակոյս, Հրայր Ճէպէճեանը շարունակելու է իր դեգերումներն աշխարհով մէկ եւ իր հանդիպումներն ու մտորումները ցոլացնելու է սփիւռքահայ մամուլի էջերում: Արագ փոփոխուող հայաշխարհում, լինի Հայաստանում թէ սփիւռքում, առկայ են նորանոր այլ միտումներ եւ զարգացումներ, ուստիեւ սպասելի է, որ դրանք կարտացոլուեն դոկտոր Հրայր Ճէպէճեան յօդուածների յաջորդ ժողովածուում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ