ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ Ա. Բ. Սեպտեմբերի 6-15-ին Սիդնեյում (Ավստրալիա) կայացավ հայ կինոյի փառատոն: Այն կազմակերպել էր Համազգայինի Շանթ մասնաճյուղը ավստրալական մի քանի կազմակերպությունների հետ համատեղ: Սա Ավստրալիայում հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնն է: Հիմնադիր տնօրեններն են Մարգարեթ Չաթերը եւ Հուրի Դեմիրճյանը: Փառատոնը բացվել է Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» կինոնկարով (Հայաստան): Բացումին հաջորդած ընդունելությանը ելույթ է ունեցել «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանը ՙ Սաքո Տերմենճյանի կիթառի նվագակցությամբ: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են նաեւ Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուր. ինքնակենսագրություն» (Ֆրանսիա), Ուահիդ Սոբհիի «Մենք եգիպտահայեր ենք» (Եգիպտոս), Անիշ Չագանթիի «Որոնումը» (ԱՄՆ, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Սեւ Օհանյանի եւ արտադրիչ Նաթալի Քասապյանի ներկայությամբ), Սեւ Օհանյանի «Իմ մեծ գեր հայկական ընտանիքը» (ԱՄՆ), Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան-Ֆրանսիա), Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» (Հայաստան), Դարյա Շումախովայի «Վերադարձ տուն» (Ռուսաստան-Հայաստան), Էմիլ Մկրտչյանի եւ Ջեսսի Սուրսուրյանի «Մայր երկիր» (Արցախ), Հասմիկ Սմբատյանի «Գալով վերջից. ապրիլյան օրագիր» (Արցախ), Լեա Պետրոսյան Փեթերսոնի «Ընկուզենու տակ» (Հայաստան-ԱՄՆ), Մարիամ Օհանյանի «Մուսալեռ. ճանապարհ դեպի տուն» (Հայաստան), Արուսյակ Սիմոնյանի «Իմ Նոր տարին» (Հայաստան), Սեդա Գրիգորյանի «Վերադարձ դեպի տուն» (Հայաստան), Նվարդ Հովհաննիսյանի «Նրա հեղափոխությունը» (Հայաստան), Սիմոնե Սպադայի «Հյուրանոց «Գագարին» (Իտալիա) ֆիլմերը: Փառատոնի եզրափակիչ կինոնկարն էր Էնդի Սիմոնի «Չբացահայտված Հայաստանը» վավերագրությունը (Հայաստան), որի ցուցադրությունից հետո հանդիսատեսների հետ հանդիպում են ունեցել բեմադրիչը, որն ավստրալահայ լրագրող եւ հեռուստաբեմադրիչ է, եւ ֆիլմում հանդես եկած Գեւ Օրկյանը: Հոկտեմբերի 18-20-ին Ավստրալիայի հայ կինոյի փառատոնի երկրորդ փուլը կմեկնարկվի Մելբուռնում, որը կբացվի Էլա Ալյանաքի «Կորած թռչուններ» (Թուրքիա) ֆիլմով: |