ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎՐԻՊԱԾ ՄԻ ԲԵՄԱԴՐԻՉԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԻՆՈՅՈՒՄ Մաշինկա Ֆիրունց ՀԱԿՈԲՅԱՆ Կարինե Թորոսյանը դիտողին շատ բան ունի սովորեցնելու տարագիր ապրելու մասին Կարինե Թորոսյանի «Մշո աղջիկ» ֆիլմը (1993) կառուցվում է մի հեռախոսազանգի հիման վրա. սփյուռքահայ մի կին հեռախոսավարի հետ խոսում է երեւակայական հայրենիքում: Նա խնդրում է իրեն միացնել Հայաստան, բայց չի հստակեցնում, թե ո՛ւմ հետ: Ենթադրաբարՙ այդտեղ գտնվող ցանկացած մեկի, որն այս մեկը չէ: Նա հեռախոսավարին դիմում է հայերեն, ապաՙ անգլերեն. «Ուր որ երթամ, ես հայ եմ... ուզում եմ ինձ միացնեք Հայաստանի հետ»: Ինչպես հեռախոսակապը, սփյուռքյան հիշողությունը եւս փորձում է ճամփորդել անհնարին հեռավորություններովՙ հասնելու համար մի տեղ, որը ժամանման պահին այլեւս գոյություն չունի: Պատմաբան Ջեյմս Քլիֆորդը սա կանվաներ «նախկին հայրենիքի հետ կապ հաստատելու (պահպանելու, արթնացնելու, հորինելու) փորձ», որը ի զորու կլիներ դիմակայել մշակութային վերացմանը եւ ոչ կամավոր գաղթի հետեւանքներին: Համիդ Նաֆիսի պարզաբանմամբՙ հեռախոսը ցայտուն կերպով աչքի է ընկնում սփյուռքաբնակ եւ տարհանված ռեժիսորների նկարահանած ֆիլմերում, ինչը նա կոչում է «շեշտավորված կինո», քանի որ հեռախոսանզանգը այնտեղ լինելու, տարագրության մեջ տեղ գտնելու պատրանք է ստեղծում: Թորոսյանի ֆիլմում զանգողը հրաժարվում է ընդունել իր բացակայությունն այն տեղից, որտեղից որ զանգում է: Ես դիտեցի «Մշո աղջիկը» Թորոսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրման ժամանակ, որը հուլիսին կազմակերպել էր Լոս Անջելեսի Կինոֆորումը Եգիպտական կինոթատրոնում: Դա նրա ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրումն էր Լոս Անջելեսում` ապշեցուցիչ մի փաստ, հաշվի առնելով վերջին քառորդ դարում նրա ծանրակշիռ ներդրումները Սփյուռքի ֆեմինիստական կինոյում: Շուրջ 25 տարի անց «Մշո աղջիկը» դիտողին շատ բան ունի սովորեցնելու տարագրության մեջ ապրելու մասին: Թորոսյանի գործի ուրույն հետագիծը ծավալվում է գաղթականի ճանապարհի երկայնքով: Ծագումով հայ, ծնված Բեյրութում, նրա մանկությունն անց է կացել Բուրջ Համուդում, մինչեւ որ ընտանիքը փախել է 1978 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, նախՙ փախստականների ճամբար Կիպրոսում, այնուհետեւՙ Թորոնթո: Նրանք ընդհանրապես անգլերեն չէին խոսում, երբ ժամանեցին Կանադա: 17 տարեկանում Կարինեն հանդիպել է կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանին հայ համայնքային կենտրոնում: Ավելի ուշ Էգոյանը պիտի պատկերներ տրամադրեր «Մշո աղջիկ» ֆիլմի համարՙ հավաքելով դրանք 1993-ին իր նկարահանած ֆիլմից սփյուռքաբնակ լուսանկարչի մասին, որը ճանապարհորդում է Հայաստանՙ գովազդային օրացուցների համար հայկական եկեղեցիները լուսանկարելու: Այս պարզ վերնագիրըՙ «Օրացույց», նկատի ունի այն, ինչը որ տեսաբան Էլիզաբեթ Ֆրիմանն անվանում է ժամանակի կարգավորման «քրոնոնորմատիվ»` ժամանակ, որի թելադրողը ժամացույցն է ու կապիտալիստական արտադրողականության առաջընթացը: Միեւնույն ժամանակ վերնագիրը վկայակոչում է տպագիր փաստաթուղթ, որտեղ «հետոն» ու «այնտեղը» անջատ են «այստեղից» ու «այժմից» ընդամենը թղթի մեկ թերթի լայնությամբ: «Մշո աղջիկ» ֆիլմը լուսանկարիչների արխիվը փոխակերպում է շարժվող պատկերների առկայծման: Դրա վերնագիրը կրկնում է նույնանուն երգի վերնագիրը, հայկական Մուշ քաղաքից, որը գտնվում է այժմյան Թուրքիայում եւ որի բնիկ հայերն արմատախիլ են արվել Օսմանյան կառավարության կողմից 1915-ի Ցեղասպանության ժամանակ: Թորոսյանը հիպնոտիկ կերպով կենդանություն է տալիս Էգոյանիՙ Կոտայքի մարզի եկեղեցիների լուսանկարներինՙ ավելացնելով լեռների տեսարաններ, ընտանեկան հուշեր եւ պատկերազարդ ձեռագրեր: Արվեստագետն այս հուշերի հետքերը մկրատով որոշ մշակումների է ենթարկումՙ կտրելով եւ դասավորելով դրանք անհավանական դասավորությամբ, որն արտացոլում է ողջ երկրագնդով մեկ սփռված գաղթականների ցանցի հավաքական հիշողության հատվածական փոխանցումը: Սլանալով ուղղահայաց ժապավենի երկայնքովՙ ոչ գծային եւ ոչ պատմողական դասավորվածությամբ, պատկերները չեն դանդաղում: Դրանք ոչ մի պահի կանգ չեն առնում, այլ սփռվում ենՙ ըստ իրենց բազում տարածական եւ ժամանակային տիրույթների: «Մշո աղջիկը» ներկայացնում է մի փորձառություն, որը խիստ ծանոթ է բազում սփյուռքահայերիՙ բացահայտելով անցյալից մի պարզ, ժամանակի մեջ զմռսված լուսանկար եւ ընդունելով, որ այն խրված է «այնտեղության» մեջ, որը չի կարող հասանելի լինել: Ինձ համար դրանք իմ մոր պատկերներն են 1980-ականների Երեւանումՙ ժպտացող եւ լուսաշող: Այսպիսի լուսանկարը ենթադրում է մի պատասխան, որը նման է սիրողական հեռահաղորդակցության: Դու շարժման մեջ կդնես նկարի բաղկացուցիչ մասերը, որոնք կհասցվեն բնականի չափերի, բավականաչափ կենդանի, որ կյանք առնի: Դու կուզես, որ լուսանկարն ընդարձակվիՙ դառնալով մի տեղ, որ կկարողանա ընդգրկել քո մարմինը: «Մշո աղջիկ» ֆիլմում Թորոսյանը համադրում է իր իսկ դեմքն իրար հաջորդող պատկերներին թափանցիկ ժապավենների միջոցով: Նա իրեն զետեղում է ֆիլմի տարածքներում, չնայած դա արգելված է այնտեղից վտարված «հողի տերերի» համար: Ֆիլմում նմանապես հայտնվում են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, վրացահայ կինոբեմադրիչի, որը հայտնի է իր կոթողային եւ հեքիաթային «Նռան գույնը» ֆիլմով: Թորոսյանը բնորոշում է «Մշո աղջիկը» որպես հարգանքի տուրք նրան, որը «միակ բեմադրիչն է, որը ներկայացնում է Հայաստանն այնպիսին, ինչպիսին ես կուզենայի տեսնել... Նա նկարել է իրական Հայաստանը, իմ մտքի Հայաստանը»: Որոշակի ծագման վայր կամ վերադառնալու վայր պատկերացնելու փոխարեն Թորոսյանն առաջարկում է սփյուռքյան հիշողություն, որն անկախ է որեւէ որոշակի տարածքից եւ ազգային պետությունից: «Ֆիլմը նկարելուց հետո ես հասկացա, որ սա ընդամենը երազ է, երեւակայություն երկրի մասին, որը ես երբեք չեմ կարող այցելել. ոչ ոք չի կարող»: Լոս Անջելեսի ցուցադրության նախավերջին գործը («Որոշ հստակ տեսանելի բաների ցուցակագրում», 2017) թվային մի տեսանյութ էր, ստեղծված «Մշո աղջիկ» ֆիլմից մոտ 25 տարի անց, արվեստագետիՙ Հայաստան հայրենադարձությունից հետո: Այն նույնպես սկսվում է հեռախոսիցՙ սմարթֆոնի եղանակի տեսության հավելվածի տեսարանով, որը ցույց է տալիս, որ Երեւանում 20 աստիճան տաքություն է, արեւային եղանակ: Արվեստագետը գրում է ամսաթիվը իր նոթատետրումՙ «սեպտեմբեր 21, 2017»: Նա ցանկավորում է իր տեսադաշտում գտնվող բոլոր առարկաներըՙ սկսած առօրյա քարերից, լամպերից եւ հայկական այբուբենի քանդակներից մինչեւ գետնին հասնող կարմիր շրջազգեստով կնոջը, որը ցերեկը սյուրռեալիստական ձեւով հայտնվում է Երեւանի Կասկադի աստիճանների վրա : «Ցուցակագրումը» նկարահանելուց մոտ յոթ ամիս անց այնտեղ պատկերված փողոցները հեղեղվեցին հարյուր հազարավոր ցուցարարներով, որոնք միավորվել էինՙ ընդդեմ անձնիշխան պետության տնտեսական բռնության: Նրանց թավշյա հեղափոխության հաջողությունը հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ պետք է ապահովեր հայոց ինքնորոշման հնարավորությունը: «Ցուցակագրումի» մեջ փայլուն կերպով ներկայացված Երեւանը քիչ է նման «Մշո աղջիկի» պատրանքային Հայաստանին: «Ցուցակագրումի» ամուր նկարահանումը եւ փայլուն կերպով լուսաբանված թվային մատուցումներն ավելի պատկանում են «այստեղին» եւ «հիմային», քան «այնտեղին» եւ «այն ժամանակին»: Երկու աշխատանքները հաջորդաբար դիտելը տեղահանման եւ վերադարձի մասին ակնառու դաս է. սփյուռքահայ հիշողության մեջ ձեւավորված վայրերն անվերականգնելի են նույնիսկ հայրենադարձությունից հետո: Թորոսյանի ֆիլմերը հիշողության մեջ արթնացնում են վայրեր, որոնք երբեք կապված չեն եղել քարտեզային տարածքներին. դրանք վկայակոչում են այնպիսի տեղեր, որոնք հասանելիությունից անդին են: Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ |