RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-23 21:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1282, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ-150

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերարվեստի պատմաբան

«Հին աստվածների» թարգմանություններն ու բեմադրություններն օտար լեզուներով

Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրաման եզակի տեղ է գրավում ոչ միայն հեղինակի դրամատուրգիական ժառանգության մեջ, այլեւ ողջ հայ գրականության պատմության մեջ: Նրա գրական գործունեության մեջ չափածոյին ու արձակին հետեւել է դրաման, որը, մեր կարծիքով, ավելի է բարձրացրել Շանթի հեղինակությունը:

«Հին աստվածները» Շանթը գրել է 1909-ի հունվարին, Երեւանում: Դա եղել է նրա գրած չորրորդ պիեսըՙ «Եսի մարդը», «Ուրիշին համար», «Ճամբուն վրա» պիեսներից հետո: Հետագա տարիներին վերամշակելով, «Հին աստվածները» տպագրել է Կ. Պոլսում (1912) եւ Թիֆլիսում (1913):

«Հին աստվածների» նյութը մեզնից հազար տարի առաջ Սեւանի մենաստանի վանականների ու աշխարհիկ մարդկանց հետ շփումների եւ փոխհարաբերությունների, անցյալ ու ներկա սիրո պատմությունների հյուսվածք է, սիմվոլիկ պատկերներով ու կենդանի գործող անձերով, մարդկային ապրումների վերարտադրում հայկական միջավայրում:

Պիեսի գլխավոր հերոսներիՙ Վանահոր եւ երիտասարդ Աբեղայի փոխհարաբերությունների մեջ տրված է վանքի մռայլ ու միօրինակ պայմաններին համակերպվելու եւ այդպիսի վիճակի դեմ մաքառելու գաղափարը: Վանահոր եւ Իշխանուհի Մարիամի անցյալ սիրո պատմությունը հակադրված է Աբեղայի եւ Սեդայի միջեւ նոր ծնունդ առնող սիրո պատմությունը. այն շարժիչ ուժն է, որով կենդանություն եւ արդիականության լիցք է ստանում պիեսը:

Այստեղ չկան սուր բախումներ, մենախոսություններ, ամեն ինչ գնում է երկխոսության պայմաններում: Ինչպես ժամանակին նկատել է քննադատությունը, պիեսում սրտի ու մտքի հավիտենական պայքարում հաղթող ու պարտվող չկա, հեղինակը ընթերցողի ու հանդիսատեսի դատին է հանձնել դրա պատասխանը:

Թեմայի ընտրության առումով Շանթը որոշ հետեւություն է արել ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմից, որը դեռեւս 1892 թվականին թարգմանել է նա: Այստեղ նույնպես շոշափված է Վանահոր եւ Աբեղայի հակամարտությունը աշխարհիկ կյանքի համար: «Մծիրին» թարգմանել է նաեւ Հովհաննես Թումանյանը, բայց մինչեւ այդ, իր գրական կյանքի արշալույսինՙ 1890-ին գրել է «Մերժած օրենք» դրամատիկական բնույթի գործըՙ նույն բովանդակությամբ, նույն երկու գործող անձովՙ Վանահոր եւ Աբեղայի կերպարով:

Մինչեւ «Հին աստվածների» տպագրությունն ու բեմադրությունը, այն արդեն գրավել ու զբաղեցրել է գրական-հասարակայնության միտքը: 1912-ին «Հին աստվածները» շահել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության պիեսների մրցանակաբաշխության «Մարիամ Մակարյան» մրցանակըՙ ազգային դրամատուրգիայի կարգավիճակով: Դրան հաջորդել է պիեսի առաջին բեմադրությունը, որն իրականացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Արմենյանը Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում 1913-ի հունվարի 14-ին: Երեւույթ է հանդիսացել նաեւ պիեսի գեղարվեստական ձեւավորման աշխատանքը, որ կատարել են նշանավոր նկարիչներ Գեւորգ Բաշինջաղյանը , Արշակ Ֆեթվաճյանը եւ Եղիշե Թադեւոսյանը :

Այդ նույն 1913 թվականից սկսվել է «Հին աստվածների» թարգմանությունների շարքը, ինչպես նաեւ բեմական կյանքը նաեւ հայ թատրոնից դուրս: «Հին աստվածների» առաջին թարգմանիչը ռուսերեն, եղել է ֆուտուրիստ գրող եւ մշակութային գործիչ Կարա Դարվիշը (Հակոբ Գենջյան): Նույն թվականին էլ տպագրվել է Թիֆլիսում, իր առաջաբանով եւ Մարիետտա Շահինյանի կողմից կատարած բանաստեղծությունների թարգմանությամբ:

1913-ին է վերաբերում նաեւ «Հին աստվածների» առաջին բեմադրությունը ռուսերեն, Թիֆլիսում: Նախաձեռնությունը պատկանել է Արտիստական ընկերության ռուսական թատերախմբին: Բեմադրիչները եղել են հայ թատերական գործիչների հետ մտերմական կապեր ունեցող ռեժիսորներ Ալեքսանդր Տուգանովը եւ Ն.Վ.Աբրամովը :

«Հին աստվածների» ռուսերեն թարգմանությամբ հաջորդ բեմադրությունը տեղի է ունեցել 1913-ի դեկտեմբերի 21-ին Մաժակի (Վարդան քահ. Տեր-Ղեւոնդյան) եւ Հակ. Իստինովի (Հակոբ Ճշմարիտյան) թարգմանությամբ: Գեղարվեստական ձեւավորումը կատարել է բեմանկարիչ Ն.Ե.Կուլեշը : Կրկնվել է 1914-ի հունվարի 2-ին:

Երրորդ անգամ այն բեմադրվել է Բաքվում, 1914-ի հունվարի 9-ին, Թաղիեւի թատրոնում, Տիգրան Բեգզադյանի թարգմանությամբ: Բեմադրող-ռեժիսորը եղել է Ն.Ե.Օռլովը , դերակատարները եղել են Ա.Վ.Պոլոնսկու ղեկավարությամբ դերասանական խմբի դերասանները:

1913-ի գարնանը Նոր Նախիջեւանիՙ երկար տարիների թատերական գործիչՙ դերասան, դրամատուրգ, թարգմանիչ, բեմադրիչ, քաղաքացիական ծառայության մեջՙ իրավաբան Գեւորգ Չուբարը : Նա թարգմանել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի համար, բայց մեզ անհայտ պատճառներով չի բեմադրվել:

Չորրորդՙ ամենահաջողված բեմադրությունը կայացել է Դոնի Ռոստովի քաղաքային թատրոնում: Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1914-ի սեպտեմբերի 11-ին, կրկնվելՙ 12-ին, 16-ին եւ 29-ին: Ներկայացման դերակատարները եղել են Պ.Օ.Զարայսկայայի եւ Գրիշինի ղեկավարությամբ դերասանական խմբի անդամները: Պիեսը բեմադրել է դեռ այն տարիներին անուն հանած ռեժիսոր Կոնստանտին Մարջանովը (հայկական արմատներով) ռուսական, հետագայում վրացական թատրոնի նշանավոր դեմքերից մեկը, որի անունով թատրոն է գործում Թբիլիսիում:

Նոր Նախիջեւանի «Գաղութ» թերթի թղթակից Թատերասերն այս բեմադրության մասին գրել է. «Մարջանովի շնորհիվ Շանթի նշանավոր պիեսը վերջապես գտավ իր լիիրավ բեմական բացատրությունը: «Հին աստվածների» արտահայտած նուրբ ապրումների եւ զգայուն մտորումների այդ չքնաղ մարմնացումը, որպեսզի զգալ թե որքան մեծ էր հանդիսատեսներին պատճառած գեղարվեստական հաճույքը: Ազատ թատրոնի ռահվիրա Մարջանովը իր այս գովելի նախաձեռնությամբ առաջին անգամ ցուցադրեց ռուս հասարակությանը հայ գեղարվեստական ստեղծագործության ամբողջ թափը, միաժամանակ փոխանցելով ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գործով» (N 29):

«Հին աստվածների» այս բեմադրությունը նշանավորվել է նաեւ նրանով, որ պիեսի գեղարվեստական ձեւավորումը կատարել է նոր-նոր թատերական ասպարեզ մուտք գործող, երիտասարդ նկարիչ Մարտիրոս Սարյանը :

Շանթի «Հին աստվածների» ռուսերեն թարգմանության մի փորձ էլ կատարել է պարի խոշորագույն մասնագետ-մանկավարժ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանը : Նրա թարգմանությունը Յուրի Վեսելովսկու առաջաբանով տպագրվել է 1915-ին «Ռուսսկայա միսլ» հանդեսում (Մոսկվա-Պետրոգրադ, N 9, էջ 115-185), իսկ 1916-ին Մոսկվայի «Արմյանսկի վեստնիկ» (Հայկական լրաբեր) ամսագրում (N 12-13, էջ 203-272):

«Հին աստվածների» բնագրով եւ ռուսերեն թարգմանությունների բեմադրությունները նպաստել են պիեսի նաեւ այլ լեզուներով թարգմանվելու եւ բեմադրվելու երեւան գալուն: Այսպես, 1910-ական թթ. արեւմտահայ մտավորական Գրիգոր Նորը (Գրիգոր Եսայան) «Հին աստվածները» թարգմանել է ֆրանսերեն: Պոլսում «Հին աստվածների» հայերեն բեմադրությունից հետո, 1920-ական թթ. կեսերին, դերասան եւ ռեժիսոր Աշոտ Մատաթյանի ՙ Շիրվանզադեի, Սունդուկյանի եւ օտար հեղինակների պիեսների թուրքերեն թարգմանությունների շարքում իր տեղն է ունեցել նաեւ Շանթի «Հին աստվածները»:

Թեեւ թատերական գործիչներն ընդմիջումներով են անդրադարձել «Հին աստվածների» բեմադրություններին, բայց նա չի կորցրել իր փայլն ու հետաքրքրությունը: Հրապարակ են հանվել նորՙ տարբեր լեզուներով թարգմանություններ ու բեմադրություններ:

1960-ի օգոստոսի 27-ին, Նոր Ջուղայի Հայկական Կենտրոնատեղիի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական երեկոՙ նվիրված Շանթին: Բանախոս Արամայիս Ալլահվերդյանի ելույթից հետո, նրա որդուՙ թատերական գործիչ Հովիկ Ալլահվերդյանի ղեկավարությամբ «Գեղարվեստասիրաց սիրողների» ուժերով ներկայացվել է երկու պատկեր «Հին աստվածներից»: Դրանից հետո, այս նույն պիեսը նա թարգմանել է պարսկերեն ու բեմադրել սիրողների կազմով:

«Հին աստվածները» օտար լեզուներով թարգմանությունների ու բեմադրություններիՙ շարքում մի գործ էլ տեղի է ունեցել Գերմանիայում: 1977-ի մայիսին, Մյունխենի գերմանական թատրոնում: «Հին աստվածները» գերմաներեն թարգմանել, բեմադրել է թատերական գործիչ Օննիկ Սաատեթյանը , որը միաժամանակ կատարել է Աբեղայի դերը:

1979 թվականին, Շանթի ծննդյան 110-ամյակի առթիվ, Ա. Տեր-Հակոբյանի թարգմանությամբ եւ Լեւոն Հախվերդյանի վերջաբանով, Երեւանում լույս է տեսել «Հին աստվածների» ռուսերեն վեցերորդ թարգմանությունը: Սա բացառիկ երեւույթ է մեր դրամատուրգիայի պատմության մեջ, որին չեն հասել ոչ Սունդուկյանի «Պեպոյի», ոչ էլ Շիրվանզադեի «Պատվի համարի» ռուսերեն թարգմանությունները:

Լեւոն Շանթի հարյուրամյա «Հին աստվածներ» պիեսի բեմական այս համառոտ պատմությունը ցույց է տալիս նրա երկար տարիների անցած ճանապարհըՙ հանդիսանալով հայ դրամատուրգիայի այն պայծառ զարդերից մեկը, որն իր արդիական ու հավերժական գաղափարախոսությամբ, հույսերով ու հույզերով նվաճել է հանդիսատեսների սրտերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ