RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019



75-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2019-11-23 21:50:17 (GMT +04:00)

ԱԿՆԹԱՐԹՆԵՐ

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրականագետ, դասախոս, Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի խմբագրակազմի ղեկավար, մի շարք մենագրությունների, «Ազգ»ում տարբեր տարիների լույս տեսած բազմաթիվ հուշագրությունների ու ակնարկների հեղինակ եւ, վերջապես, հայաստանյան գրական-մշակութային էլիտայի վառ ներկայացուցիչ Ավիկ (Ավետիք) Իսահակյանը առաջիկա նոյեմբերի 27-ին դառնում է 75 տարեկան:

Այդ առթիվ Հոբելյարը ի՛նքն է նվեր մատուցում իր ընթերցողներինՙ «Ազգ»ի այս եւ առաջիկա համարներում ներկայացնելով գողտրիկ, երբեմնՙ քիչ բաց մանրապատումներ մեր մեծերի եւ, անշուշտ, իր պապիկիՙ Ավետիք Իսահակյանի կյանքից:

Խմբ.

***

Երկու ժամ տեւող անընդմեջ անձրեւը զարկում էր իր խոշոր կաթիլները «Արմենիա» ռեստորանի ապակիներին: Մատուցող Մացոն Հրաչյա Ներսիսյանի առաջ տեղադրեց բուրումնավետ, դեռ կարծես եռ եկող սուրճի գավաթը, Հրաչը բաճկոնի գրպանից հանեց ծխախոտը, տեղադրեց իր երկար փղոսկրյա մուշտուկի մեջ եւ տարավ դեպի շուրթերը: Մացոն մի վայրկյանում վառեց հրահանը եւ պարզեց դեպի Հրաչը: Բայց դեռ սիգարետը չվայելածՙ Հրաչը մի մեծ կում արեց առջեւը դրած սուրճի բաժակից, եւ ապա նոր մի կուշտ քաշեց մուշտուկի ծուխը, ապա դանդաղ դուրս մղելով նայեց մեզ ու ասաց սրտանց. «ԽՈՍՈÿ տՐպսպրՑՖ»: Հենց այդ պահին դերասանի կողքով անցավ մի փարթամ շիկահեր կին...

Թե ում էին վերաբերում բառերը, թող ընթերցողը ինքը հասկանա:

***

Ռուս քննադատ, անվանի սլավոնաֆիլ Վադիմ Կոժինովը ասաց հենց գրող Բիտովի ներկայությամբ.

- Անդրեյ Գեորգիեւիչն այնքան է տարված ինքն իրենով, որ կարող է ինքն իրեն դուելի հրավիրել:

***

Պարույր Սեւակն ասում էր Դիլիջանի կոմպոզիտորների տան սրճարանի բարմենուհի Տոմային.

- Հենց տեսնում ես, որ ես իջնում եմ ճաշարանից դեպի բար, 50 գրամ կոնյակը լցրու եւ դիր բարի ստոյկային եւ ձայն մի հանի, ու երբ գամ խմեմ քո լցրածը, նոր ինձ հարցրուՙ

- Ի՞նչ եք ցանկանում, Պարույր Ռաֆայելովիչ:

- Բայց ինչու՞:

- Որովհետեւ այդ 50 գրամից հետո քեֆս ընկնում է իր տեղը եւ պատվերն արդեն ես տալիս եմ լավ տրամադրությամբ: Սա ոնց որ առաջին համբույրը լինի:

***

Բիտովն ինձ ասաց Դիլիջանում 1969 թվի ամռանը, Թումանյանի Մոսկվայում հրապարակած բանաստեղծական նոր հատորը թերթելիս.

- Բոլորից լավ Թումանյանին թարգմանել է Բելլա Ախմադուլինան: Նա ճիշտ է ըմբռնել Թումանյանի պոետական ջիղը:

Մեկ տարի անց Մոսկվայում Բիտովի այս խոսքերը ես հիշեցրեցի Ախմադուլինային:

- Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Ի դեպ, ե՞րբ է Ձեր պապի 100-ամյակը:

- 1975 թվի հոկտեմբերին:

Ախմադուլինան շարունակեց խոսքը.

- Ես մոտ ապագայում անպայման ձեռնամուխ կլինեմ Իսահակյան թարգմանելուն, նա ինձ շատ մոտ է, զտարյուն քնարերգու, նա է իմ պոետը, եւ թեեւ Թումանյանը շատ մեծ է, բայց նա էպիկ է, իմը չէ, իմը Իսահակյանն է...

***

Պարույր Սեւակը իրեն դեմ մատնագիր գրած իր ժամանակակից հայ պոետներից մեկին հենց այդ օրերին հանդիպում է գրողների միության առաջին քարտուղար Էդվարդ Թոփչյանի աշխատասենյակում:

Մատնիչը սպրդում է, սենյակում բոլոր ներկաները քարանում են, սարսափելով, թե հիմա ինչ կասի Սեւակը: Իսկ Սեւակը, մատը տնկելով դեպի զրպարտիչը, ասում է.

- Դու, - եւ մի փոքր դադարից հետո կրկին, - դու, դու, դու, տո մկան շեռ:

Զրպարտիչը վայրկենապես փախչում է սենյակից: Հավաքվածներից դիմում են Սեւակին.

- Պարույր Ռաֆայելովիչ, մի կծու բան ասեիր, մի լավ ցույց տայիր իր տեղը:

- Է՜, տղերք ջան, դուք չգիտեք, թե ինչ բան է մկան շեռը, որտեղ կպավ, այնտեղ կմընդռի, հավերժ է, էլ ինչ անես չես կարողանա ազատվել «մկան շեռից»:

***

Հրաչիկ Հովհաննիսյանը, նոր եկած ֆրոնտից, կրակոտ, երիտասարդ պոետ, սիրահարվում է Մոսկվայից Երեւան գործուղված մի հայուհի պրոֆեսորի վրա, որն այդ շրջանում պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Երեւանում:

Պրոֆեսորշայի ամուսինըՙ մի շատ հարգելի մարդ, նույնպես պրոֆեսոր, ճարահատյալ գնում է Վարպետի մոտ.

- Վարպետ ջան, էսպես, էսպես բաներ, ձեր ջահել բանաստեղծներից մեկը քանդում է ընտանիքս, խնդրում եմ, խելքի բերեք դրան:

Վարպետը կանչում է Հրաչիկին իր մոտ, մի կարճ զրույցից հետո հարցնում է.

- Դու գիտես հայկական ասացվածքըՙ «Աղքատի կինը սիրած չի ունենում»:

Այսինքն հարուստ կին, լավ խնամված, պահված, իսկ դու ֆրոնտից նոր եկած, կարոտած, քունդ կորցրած: Հետո տեսնելով, որ Հրաչիկը դեռ զինվորական շալվարով է, ոտքերին էլ սապոգներ:

- Թող մարդիկ հանգիստ ապրեն, սիրուն չէ, ուրիշի ընտանիքի գործերին մի խառնվիր: Կազմի սիրով քո ընտանիքը:

Հրաչիկը ինչ-որ խոստումներ է տալիս.

-Դե լավ, լավ, գիտեմ վիճակդ, իզուր չէ ժողովրդական խոսքըՙ «Հարուստի շունն է կատաղած լինում, աղքատի էն անտերը»:

***

Սիլվա Կապուտիկյանը հյուր է գալիս Վարպետինՙ ականջներին կախված նոր, շատ գեղեցիկ օղերով:

Վարպետի տանը առաջինը նրան հանդիպում է Դերենիկ Դեմիրճյանը:

Սուր հայացքը գցելով բանաստեղծուհունՙ նա ասում է.

- Սիլվա, իսկ դու չե՞ս վախենում, որ ավազակները կարող են հարձակվել քո վրա, եւ պոկեն այդ թանկ օղերը, ականջիդ բլթակից էլ արյուն կհորդա:

Սիլվան վերհիշում է. «Դեռ չէի սթափվել Դերենիկի երեւակայած սարսռիչ պատկերներից, երբ սենյակ մտավ Վարպետը: Ողջունեց ջերմ, ապա հայացքը տանելով դեպի իմ նոր օղերը, ասաց ժպտադեմ.

- Սիլվա ջա՛ն, ինչքա՜ն են քեզ սազում այս գեղեցիկ օղերը, նրանք ասես ավելի են զարդարում քո պարանոցը...

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ