ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԵՐԸ. ՎԵՐԱԾՆՎՈՂ ՆԵՐԿԱ Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ Այսօր մեր կողքին ապրում են երկու հրաշալի հայուհիներՙ Անժելա եւ Անահիտ Աբգարյան քույրերը, ովքեր արդեն երեք տասնամյակ զբաղվում են ասեղնագործությամբ: Դա նրանց պարագայում պարզապես շնորհ չէ, այլՙ առաջին հերթին գիտական լուրջ աշխատանք: Անժելա եւ Անահիտ Աբգարյանները տարիներ ի վեր զբաղվել են հայկական ասեղնագործության տարբեր դարաշրջանների դպրոցների ուսումնասիրության եւ վերծանության գործովՙ ձեռնամուխ լինելով մոռացված դպրոցները վերականգնելու եւ վերծանելու նվիրական աշխատանքներին: Նրանք վերծանել ու վերակենդանացրել են հայկական ասեղնագործության բազմաթիվ հնագույն դպրոցներՙ Անի, Վան-Վասպուրական, Մուշ-Տարոն, Սյունիք-Արցախ, Ուրֆա, Այնթապ, Մարաշ, Սեբաստիա, Սվազ, Տիգրանակերտ, Ջուղա, Կ. Պոլիս... Սա արդյունքն է արդեն երեք տասնամյակ շարունակվող տքնաջան աշխատանքների եւ գիտական հետազոտությունների. ժողովրդական վարպետների համար որպես հիմք ծառայել են հայկական ասեղնագործության մասին գրավոր հիշատակությունները, միջնադարյան հայկական ձեռագրերը, մանրանկարչությունը, պատմա-հնագիտական պեղումների արդյունքում գտնված իրերը (որոնք մշտական ցուցադրության են ներկայացված տարբեր թանգարաններում), եկեղեցիների ու վանքերի զարդաքանդակները, դրանց դռների բարձրարվեստ փայտե փորագրությունները, խաչքարերը, թանգարաններում պահվող արժեքավոր նյութերը: Քույրերին հաջողվել ուսումնասիրություններ կատարել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում եւ միջնադարյան հայկական ձեռագրերի կազմաստառներից վերծանել հայկական ասեղնագործության հնագույն նմուշներ: Այդ մշակույթն այնքան բարձր տեղ է զբաղեցրել ազգային կյանքում, որ ասեղնագործության ավանդույթները զարգացել են բոլոր շերտերի շրջանումՙ շարքային մարդկանց կենցաղից մինչեւ արքայական ու եկեղեցական հանդերձանքներ: Եղած սկզբնաղբյուրների հիման վրա Աբգարյան քույրերին հաջողվել է բացահայտել նաեւ հայկական ասեղնագործության զարգացման այդ ընթացքըՙ իր բոլոր ճյուղավորումներով ու փոխկապակցվածությամբ: Աբգարյան քույրերի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հալեպում, Իրանում: Բազմաթիվ գործեր գտնվում են Հայաստանի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: Նոյեմբերի 26-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում բացվեց, ինչպես ծանուցել էր «Ազգ»ը նախապես, Անժելա եւ Անահիտ Աբգարյանների հերթականՙ «Հայկական ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացված էին մի քանի տասնյակի հասնող գործեր, որոնք հայկական ասեղնագործության տարբեր դարաշրջանները ներկայացնող դպրոցների վերծանումներ եւ ստեղծագործական աշխատանքներ ենՙ սեղանի ծածկոցներ, ասեղնագործ գորգեր, ժանյակներ, միջնադարյան ձեռագրերի կազմաստառներից վերծանված երկու հնագույն նմուշ, մանրանկարներից վերակենդանացած խորհրդապատկերներով աշխատանքներ...Նրանց հաջողվել է վերծանել նաեւ 19-րդ դարի հռչակավոր նկարիչ Հակոբ Հովնաթանյանի կտավներից մեկում պատկերված հայ կնոջ տարազի գլխազարդըՙ գերճշգրիտ կերպով հավատարիմ մնալով նկարչի պատկերած մանրամասներից յուրաքանչյուրին: Ցուցադրության ներկայացված բարձրարվեստ ու կատարելության աստիճանի հասցված աշխատանքներն, ասես, նմանվում են սրահով մեկ սփռվող միջնադարյան հայկական շարականների ու ազգային երգերի հնչյունների... « Ամուր եւ կենսունակ պահենք մշակութային ժառանգության շղթան » ...Անժելա եւ Անահիտ Աբգարյանների «Հայկական ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա» է ցուցահանդեսը տեսնելու էին եկել հայագիտության եւ մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող գիտնականներ, արվեստագետներ, արվեստասերներ: Դիտելով Աբգարյան քույրերի աշխատանքներըՙ ազգագրագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանն ասաց. - Շատ բարձր եմ գնահատում այն մեծ գործը, որ կյանքի են կոչում Անժելա եւ Անահիտ Աբգարյանները: Կարեւոր է այն փաստը, որ նրանք աշխատում են գիտական հենքի վրա: Մեր մշակույթի ավանդույթները պետք է պահպանել հոգածությամբ: - Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի հայ մշակույթի այս կարեւոր ոլորտներից մեկըՙասեղնագործությունը, նորից մտնի մեր ազգային կյանք,-դիմում եմ գիտնականին: - Առաջին հերթին պետք է հիշենք, որ նման ժառանգություն ունենք: Հարկավոր է դպրոցներում ուսուցանել մեր մշակույթի ավանդույթները եւ կատարել այնպիսի աշխատանք, ինչ շարունակում են իրականացնել Աբգարյան քույրերը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության տարիներին որբանոցներում հայ երեխաներին հենց ասեղնագործություն էին ուսուցանում, փորձում էին փրկել այդ արժեքները (*): Նույնիսկ մի հուզիչ պատմություն կա դրա վերաբերյալ. ԱՄՆ-ից Սարդարապատի թանգարան էր եկել մեր հայրենակիցներից մեկըՙ բերելով կտորի վրա արված մի փոքրիկ ասեղնագործ աշխատանք: Իր պատմությունից պարզվեց, որ Դեր-Զորի ճանապարհին տատը կտրել էր շրջազգեստից մի մասնիկ եւ դրա վրա ասեղնագործություն սովորեցրել իր երեխաներին: Այդ թանկ մասունքը նրանք պահել էին երկար տարիներ եւ ի պահ տվեցին թանգարանին: Ասեղնագործությունը մնայուն արժեք է, որը միշտ պետք է փոխանցել մատաղ սերունդներին: Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության եւ Մայր ցուցակի բաժնի վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը , ում աջակցությամբ Անժելա եւ Անահիտ Աբգարյանները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել միջնադարյան ձեռագրերի կազմաստառները, այսպես բնութագրեց ցուցահանդեսը. - Նրանց արվեստը գալիս է մեր հնագույն ակունքներից...Անահիտ եւ Անժելա Աբգարյանները մեր ազգային արվեստի վերածունդն են ապահովում: Շնորհակալ ենք Աբգարյան քույրերինՙ մեզ այս հաճույքը պարգեւելու համար: - Աբգարյաններին ճանաչում եմ վաղուց: Նրանց ստեղծած այս գանձերով մենք կարող ենք հպարտորեն ներկայանալ աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում եւ մշակութային կենտրոններում: Դրանք պետք է մեր այցեքարտը լինեն միջազգային հարթակում,- ասում է իր ստեղծագործական կյանքը ազգային երգի պահպանմանն ու տարածմանը նվիրած, «Շողակն» անսամբլի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնի հուշամատյանում կարդում եմ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի ՙ Աբգարյան քույրերին ուղղված գրառումը. «...Կեցցե՛ք: Ձեռքներդ դալար: Եվ թող վերականգնվի ձեր ձեռարվեստի կենտրոնը, քանի որ սերնդեսերունդ փոխանցելով հայկական ասեղնագործության ազգային ավադույթներըՙ ամուր եւ կենսունակ կմնա մշակութային ժառանգության շղթան»: Նշենք, որ տարիներ առաջ Անժելա եւ Անահիտ Աբգարյանները հիմնել էին «Ձեռարվեստի կենտրոն», որը գործել է 7 տարի: Սակայն, մշտական տարածք չունենալու պատճառով, դադարեցվել է գործունեությունը: Այժմ նրանց նպատակներից մեկը «Աբգարյան ձեռարվեստի կենտրոնի» վերաբացումն է. նրանց համոզմամբՙ դա նպաստելու է մեր ազգային-մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանըՙ հայ մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելուն, ինչպես նաեւ հայկական ասեղնագործության, ավանդույթները նոր սերնդին փոխանցելու գործին: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, զարգացումը եւ տարածումը այսօր մեր կարեւոր խնդիրներից է: Եվ այս դիտարկումը կիսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վարչության ղեկավար Նաիրա Կիլիչյանն ՙ ասելով. - Որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտը համակարգող մասնագետՙ ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Մեր մշակութային քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն ազգային արժեքների հանրահռչակումն է, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան: Շատ ենք կարեւորում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր արժեքները հաջորդ սերնդին փոխանցելուն: Շատ գեղեցիկ ծրագիր ունեն Անժելա եւ Անահիտ Աբգարյանները, որի իրականացմանը պետք է փորձենք հասնել փոքրիկ քայլերով: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը , խոսելով ժողովրդական վարպետներիՙ տարիների կատարած աշխատանքի եւ ներկայցված գործերի մասին, ասաց. - Հայկական ասեղնագործության ե՛ւ ավանդույթների պահպանումը, ե՛ւ ինքնահորինումը ծնունդ են տվել այսպիսի փառահեղ գործերի: Ես շատ երկրներում եմ եղել, բայց երբեք չեմ տեսել այսպիսի աշխատանքներ: Մենք դրանք պետք է ներկայացնենք աշխարհին: Լուսանկարներըՙ Գագիկ Պողոսյանի *) Ստիպված ենք շատ պրոզայիկ բան ասել այս մասին. միսիոներուհիները հայ որբուհիների աշխատանքները ուղարկում էին Մ. Նահանգներ վաճառքիՙ նպաստելու համար «սովյալ հայերին» ի նպաստ հանգանականություն կազմակերպելու գործին: ԽՄԲ. |