«ԵՍ ԿԼԱՐԱ ՎԻԿՆ ԵՄ, ՇՈՒՄԱՆԻ ԿԻՆԸ» Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) «Գերմանիան այս տարի նշում է մեծ կոմպոզիտոր եւ երաժշտական քննադատ Ռոբերտ Շումանի կնոջՙ նույնքան տաղանդավոր դաշնակահարուհի եւ կայացած կոմպոզիտոր Կլարա Վիկի ծննդյան 200-ամյակը: Հյուրախաղերով Եվրոպայում շրջագայելիս Կլարան Շումանի դաշնամուրային ստեղծագործություններն է կատարել եւ արժանացել Պագանինիի, Շոպենի եւ Բրամսի հիացական գնահատանքներին: Այժմ նրա արտասովոր երաժշտական հորինումներն առավել մեծ ուշադրության են արժանանում», գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը Ֆրանկֆուրտից, որտեղ ներկա է գտնվել «Նյու Յորք Թայմսի» կողմից «առաջնակարգ դաշնակահարուհի, որն ունի կատարողական կրակոտ եւ հզոր տեխնիկա» բնութագրմանն արժանացած հայազգի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի «Դաշնամուրային թատրոն» անունը կրող արվեստի նորաձեւ մենակատարողական համերգին, որի ընթացքում դրամատիկական կյանքի եւ անմնացորդ սիրո բռնկուն իրադարձություններ են ներկայացվել բեմի վրա դաշնամուրային երաժշտության նվագակցության ներքո: Վայսբախը շարունակում է. «Նրբագեղ բլուզով եւ երկար շրջազգեստով, սեւ մազերը դեպի ետ սանրվածՙ ընդգծելու համար իր օվալային դեմքի նուրբ գծերը, Լուսինեն ողջունեց հանդիսատեսին «Ես Կլարա Վիկն եմ, 18 տարեկան» խոսքերով եւ անմիջապես սահեց դեպի դաշնամուրը նվագելու իր ապագա ամուսնուՙ Շումանի ստեղծագործություններից մեկը: Նա ցնցող տպավորություն թողեց գերմանացիների վրաՙ համոզիչ կերպով կատարելով դերը դեռատի Կլարա Վիկի, որ նպատակասլաց համառությամբ պայքարել էր` իրականացնելու համար իր երազանքները: Գերված երիտասարդ Ռոբերտ Շումանի հարուստ ֆանտազիաներով եւ երաժշտական իմպրովիզիացիաներով, Կլարան հակառակ իր հոր կամքին երազում էր դառնալ Ռոբերտի կինը: Դրամատիզմով ու չարաճճի հումորով հագեցած մենախոսությունների եւ դաշնամուրային հոգեհույզ կատարումների միջոցով Լուսինեն հմայեց հանդիսատեսին: Նա վարպետորեն եւ ազդեցիկ արտահայտչամիջոցներով ներկայացրեց Շումանի «Abegg» թեմայով վարիացիաները, «Կառնավալը», սիմֆոնիկ էտյուդներն ու ֆանտազիաները: Դա պարզապես իսկական արժանի մեծարում էր անվանի դաշնակահարուհի Կլարա Վիկի, որն իր ժամանակի շատ կոմպոզիտորների էր ներշնչել ու ոգեւորել: Լուսինեն, ինչպես Կլարան, սերում է երաժշտական ընտանիքից: Դաշնամուր սկսել է նվագել վաղ հասակից իր մորՙ Իրինա Հովհաննիսյանի եւ հորՙ Վլադիմիր Խաչատրյանի հսկողության ներքո: Լուսինեի եղբայրըՙ Սերգեյը, համաշխարհային ճանաչման արժանացած ջութակահար է, որի հետ հաճախ է նա ելույթ ունենում: Միասին նրանք Բրամսի (2013-ին) եւ հայ կոմպոզիտորների (2015-ին, «Իմ Հայաստան» խորագրով) ստեղծագործությունները ներառող մի քանի CD-ներ են թողարկել: Եթե Լուսինեն այս երաժշտա-թատերական համերգի մտահղացողը, կազմակերպողը, «դերակատարն ու դաշնակահարուհին էր, ապա Սերգեյը բեմի լուսավորությունն էր ապահովում: Իսկ ծնողները դահլիճում վայելում էին իրենց դստեր անզուգական կատարումները բեմի վրա: Ի դեպ, Լուսինեն նույն ձեւաչափով ներկայացրել է նաեւ Շիլլերին եւ Շոպենին: Նաեւ 2015-ին` հայկական թեմայով «Հայրենաբաղձություն» երկը: Խաչատրյանների ընտանիքը ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում: Նկար 1. Լուսինե Խաչատրյան |