ՈՒՐԲԱՆԻՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿԻ ՀՄԱՅՔԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հինգ տարի առաջ լույս տեսած Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը վերջերս վերահրատարակվել է առանձին գրքով, ինչը ողջունելի է: 40 էջից բաղկացած այս ստեղծագործությունն արժանի է ամենալայն ճանաչման եւ թարգմանությունների ամենատարբեր լեզուներովՙ իր բերած թեմատիկ նորության եւ հայաշխարհի մի նոր երեսը ներկայացնելու առումովՙ մի կողմ թողնելով զուտ գրական արժանիքները... Ցավոք, մեր իրականության մեջ շատ չեն այսպես կոչված ուրբանիստական (այլեւս չասածՙ մայրաքաղաքային) գրականության նմուշները, որոնցում գլխավոր դերը վերապահված լինի մտավորականին, գիտնականին, ինտելեկտուալին... Ժամանակին Լեոն բարձր է գնահատել Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վեպըՙ որպես հայ գրականության մեջ մտավորականին առանցքային դեր տված առաջին ստեղծագործության... Անցյալի մեր մտավորականների, գիտնականների, արվեստագետների դիմասրահում բազում են հարուստ, իմաստալից, գունագեղ կյանքի ուղի անցածներըՙ միանգամայն արժանի մշտապես արդիական եւ ուսանելի գրական-գեղարվեստական վերամարմնավորման, սակայն չգիտես ինչու անցյալի մասին գրող մեր հեղինակներից քչերին են հուզում նման կերպարները: Այս առումով առանձնանում է Ասլիբեկյանի «Պրոֆեսորը», որի գլխավոր հերոսի նախատիպը Երեւանի պետական համալսարանի եւ բժշկական ինստիտուտի հիմնադիր անդամ, բժշկապետ, բժշկագիտության դոկտոր, գրող Վահան Արծրունին (1857-1947) է: (Հետաքրքրական է, որ վերոհիշյալ «Արսեն Դիմաքսյանի» գլխավոր հերոսի նախատիպը նույնպես Արծրունի տոհմի ակնառու ներկայացուցիչ էրՙ խմբագիր, հրապարակախոս Գրիգոր Արծրունին...): Վիպակի սահմանափակ էջերը խտացնում են մեր անցյալի ամենից վճռորոշ եւ յուրօրինակՙ 1920-30-ականների խորհրդահայ իրականությունը, ուշագրավ մի ժամանակաշրջան, որ պատշաճ գեղարվեստական արտացոլում չի գտել մեր գրականության մեջ եւ արվեստում (այն առավել կամ պակաս չափով առկա է Աղասի Այվազյանի գրվածքներում): Եվրոպաներից հերթով մտավորականներ ու մշակույթի գործիչներ էին վերադառնում արեւելյան գյուղաքաղաքՙ հիմնելու եւ զարգացնելու գիտություն, օպերա, բալետ, կինոարվեստ... Եվ այս աննախադեպ երեւույթը «Պրոֆեսոր»-ում տրվում է ոչ թե պարզ կենսապատումի եղանակով, այլ գտնված է անցյալի մասին պատմելու ոչ ստանդարտ հնարՙ առաջին դեմքով, այն էլՙ հորինովի կերպարի, տվյալ դեպքումՙ պատմական անհատի տնային աշխատողի (այնուհետեւՙ օգնական բուժքրոջ, հետագայումՙ արհեստավարժ բժշկուհու) օրագրության միջոցով: Սակայն հեղինակը չի բավարարվել սոսկ մտացածին հերոսուհու միջոցով պատմական անցյալի ու իրական կերպարի վերհանմամբ, այլեւ դրա հետ գիրկընդխառն պատկերել է նաեւ այդ հերոսուհու հոգեկան զարգացումը: Մարմնեղ, կոպիտ դիմագծերով, խռիվ մազերով այդ գեղջկուհինՙ Լուիզան, տեղափոխվելով Երեւանՙ հայտնվում է ոչ ավելի, ոչ պակաս, իր բնակարանը փոքրիկ Փարիզի վերածած պրոֆեսոր բժշկապետի տանը, որտեղ տիրում են ոչ միայն բոլորովին այլ կարգի կահույք ու ճաշատեսակներ, այլեւ միանգամայն այլ արժեհամակարգ ու հարաբերություններ, որտեղ տանտերը սպասուհու հետ խոսում է «դուք»-ով, որը ոչ միայն չի պատժում նրանՙ վերջինիս ջարդած թանկագին ծաղկամանի համար, այլեւ հիանալ է տալիս ապակու փշուրների լույսի խաղով... Նոր միջավայրը, բնականաբար, պիտի ազդեր բժշկապետի կողմից Աստղիկ վերանվանված Լուիզայի վրա, որը խոստովանում է, որ «Ինձ երբեք ոչինչ չի հուզում», մինչդեռ նրան շուտով սկսում է հուզել ամեն ինչ, եւ առաջին հերթինՙ իր պրոֆեսորի մարդկային նկարագիրը, որի ազդեցությամբ ինքը նույնպես հղկվում էՙ ֆիզիկապես եւ հոգեպես, փոխվում են արժեքները, կենցաղայինից վերաճում է հոգեւորի եւ մտավորի... Վիպակը սկսում է զարգանալ Պիգմալիոնի եւ Գալատեայի պատմության հայեցակարգով, սակայն այստեղ կարծես թե հակառակն է. մեր ընկալմամբՙ Գալատեան է անդարձ սիրահարվում իրեն «կերտողին», թեեւ այս կարծիքը կարող է վիճարկվել: Առհասարակ, Անուշ Ասլիբեկյանի պատումը միագիծ չէ: Վիպակի ավարտը նույնպես տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ. հերոսուհին մեկնում է ռազմաճակատ, ինչպես ինքն է գրումՙ «այնտեղ անմահանալու համար, որ կարողանամ գոնե ա՛յն աշխարհում նրան արժանի դառնալ»: Սակայն իմացյալ մահվան գաղափարին ընդառաջ գնալը չէ հերոսուհու գերնպատակը. մեջբերված նախադասությունից անմիջապես հետո նա հայտնում է հակոտնյա մի միտք. «Ես մեկնում եմՙ որեւէ մեկին կյանք պարգեւելու...»: Ոչ թե փրկելու, այլ նոր կյանքի սկիզբ դնելու, այն, ինչը բացառված էր իր պաշտելի պրոֆեսորի պարագայում... «Պրոֆեսորը» հարգանքի տուրք է ժամանակին «անշուք ու մռայլ» քաղաքում ապրած եւ նրանց շնորհիվ Երեւանն ու նրա հասարակությունն այսօրվա վիճակին հասցրած անձնվեր մարդկանց, որոնք ապրել են բացառապես հանուն գաղափարի, տոկացել են դժվարին ժամանակների դեմ, իրենց շուրջ սփռել են միմիայն բարիք եւ վեհություն: Ընտրված կերպարը բացառիկ է հայ իրականության համար: Անցյալի մեծություններին փոքր-ինչ ճանաչող ընթերցողի մտքի ծայրով չի անցնի կասկածել, որ պրոֆեսորի կերպարը միակողմանի է, չափից ավելի «օսլայված» (ճիշտ նրա ձեռնոցների եւ չորս բարձերի պես): Նախ, քանի որ հերոսուհու ընկալումներում է նա այդպես կատարյալ, եւ հետո, ընդունենք թե ոչ, մեր ազգի մեջ նույնպես եղել են կատարյալին ձգտող, գործում եւ կենցաղում գաղափարապաշտ անձինք, որոնց թերությունների մասին խոսելը գեղարվեստական գործում անգամ նույնքան ավելորդ կլինի, որքան նրանց մասին գրվող մասնագիտական գրականության մեջ: Իսկապես, հպարտանալիք է, որ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի առաջին տասնամյակներին հայաշխարհն ունեցել է Սորբոնում ուսանած, սակայն հայրենիք վերադարձած, Էմիլ Զոլայի հետ նամակագրած, բնագրով Նիցշե կարդացող մի մտավորական, որն արյունոտ 1937-ին ստիպված է լինում գործընկերոջ հետ զրուցել դասական լատիներեն... Ի դեպ, հայտնի է, որ 1937-ի տեռորից բժշկապետ Վահան Արծրունին խուսափել է Անաստաս Միկոյանի միջնորդության շնորհիվՙ ժամանակին վերջինիս բուժօգնություն ցուցաբերած լինելով: Վիպակում պրոֆեսորը նույնպես ստալինյան զտումների զոհ չի դառնում, այլ բնական մահով վախճանվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Այստեղ հեղինակը գեղարվեստական նկատառումներից ելնելովՙ թույլ է տվել ժամանակագրության խախտում եւ փոխել է բժշկապետի մահվան թվականը, ինչը, սակայն, տվյալ պարագայում բնավ էական չէ: Ավելի կարեւոր էր պրոֆեսորի մահից հետո հանգուցալուծել վերջինիս կողմից հերոսուհու անվանափոխությանՙ վիպակի սկզբում «նետված» ինտրիգըՙ հյուսելով որոշ հարցականներ պարզաբանող սիրո մի գեղեցիկ պատմություն ու հասցնել անսպասելի մի ավարտի: Այստեղ դարձյալ երեւում է Ասլիբեկյանիՙ գրական տարբեր հնարքների տիրապետելու վարպետությունը, երբ օրագրություն է մուտք գործում ուրիշի ուղղակի խոսքը, տվյալ դեպքումՙ պրոֆեսորի գործընկեր, հայ գիտության եւս մեկ երախտավոր Համբարձում Քեչեկի վերհուշը... Անցյալըՙ քաղաքային եւ քաղաքական կյանքի իր մթնոլորտով, կենցաղով, ամենատարբեր մանրամասներով, ուրախություններով ու տագնապներով, լավագույնս վերարտադրված է վիպակում: Հեղինակի կողմից չապրված ժամանակաշրջանի ու միջավայրի հարազատ պատկերմամբ խոր համոզչականության հասնելն այս ստեղծագործության եւս մեկ արժանիքն է: Նշենք, որ վիպակում պատկերված որոշ իրողություններ Ասլիբեկյանը տեղեկացել է իր երջանկահիշատակ սկեսուրիցՙ բժշկապետ Արծրունու քրոջ թոռնուհի Նարիս Արծրունուց, որին պրոֆեսորը որդեգրել էր: Պակաս կարեւոր դեր չի խաղացել նաեւ այն հանգամանքը, որ հեղինակն ընտանեկան պարագաների բերումով բնակվում է իր հերոսի նախատիպի ապրած նույն միջավայրում (հիշեցնենք, որ արձակագրուհին բժշկապետի ծոռանՙ երգիչ-երգահան Վահան Արծրունու կյանքի ընկերուհին է): Անցյալի միջավայրի նման շարունակականության առկայությունը նույնպես հազվագյուտ է հայաստանյան իրականության համար: Մի տեսարանում բժշկապետը հիպնոսացնում է իր բնակարան ներխուժած խուզարկուին (չգիտենք, եթե այս դրվագը եւս պատմական հենք ունի): Ճիշտ այդպես էլ «Պրոֆեսորը» վիպակը հիպնոսեցնում է ընթերցողինՙ ստիպելով նրան կարդալ մեկ շնչով եւ ափսոսալ նրա անսպասելի, գրեթե նովելատիպ ավարտից: Ազգի երախտավորիՙ բարձր առաքինությամբ օժտված հմայիչ կերպարի, թռիչքներ ապրող հոգու եւ մարդկային անսովոր հարաբերությունների նմանօրինակ գեղարվեստականացմանն առնչվելուց հետո անհնար է, որ ընթերցողներիս «բերանում» այն չթողնի իր յուրահատուկ «համը»... Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը, այս ինտելեկտուալ, ինչպես նշվեց, ուրբանիստական գրականության նմուշը, աշխարհին պարզված մեր այցեքարտերից մեկը կարող է լինել: Անձամբ ես ցանկանում եմ, որ հայ գրականությունն ու հայ անհատն աշխարհին ներկայանան առաջին հերթին նմա՛ն կարգի դրսեւորումներով... |