ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԵՊԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ՍՊԱՍՄԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԵՋ» Աննա ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Մեծ է Զապել Եսայանի գրական ժառանգությունը. այն ունի տարբեր ժանրային դրսեւորումներ: Նրա անդրանիկ «Սպասման սրահին մեջ» վեպն արժանի սկիզբն է գրողի լայն կտավի գործերի. ֆրանսիական միջավայրից վերցված պատկերում խտացված է գրողի մեծ ցանկությունըՙ վեր հանելու հասարակության կողմից անտեսվածը, մարդկանց ուշադրությունը սեւեռելու առհասարակ դեպի մարդը, ով կարող է լինել ե՛ւ տեղացի, ե՛ւ օտարական, ինչպես նաեւ եւ՛ մտավորական, եւ՛ տարբեր դասակարգի պատկանող: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1903 թվականին «Ծաղիկ» շաբաթաթերթի 32-33-րդ, 34-35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ համարներում: 2017 թվականին վեպն առանձին գրքով հրատարակվեց «Արաս» հրատարակչության կողմից Գրիգոր Պըլտյանի «Առաջին վէպը» առաջաբանով: Հրատարակչության կողմից գրված բաժնում կարդում ենք.«Այս տպագրությամբ Եսայանի առաջին վէպը կ՚ունենայ իր անդանիկ հրատակութիւնը, որ կու գայ ամբողջացնելու արեւմտահայ գրագիտուհիին գրական ժառանգութեան սկզբնական շրջանին մասին գոյութիւն ունեցող ընկալումները»: Հայտնում ենք մեր մտահոգությունը այն հարցի վերաբերյալ, որ վեպիՙ 2017 թվականի առանձին գրքով հրատարակության «սպասման սրահին մեջ» է մնացել 1903 թվականին «Ծաղիկ» շաբաթաթերթի 43-րդ համարում տպագրված մեծարժեք հատվածը. այն տեղ չի գտել հրատարակության մեջ: Արդյունքում խախտվել է ստեղծագործության սյուժետային ամբողջականությունըՙ նվազեցնելով գրողի առաջին վեպի գեղարվեստական իրական արժեքը: Ընդգծենքՙ առանձին գրքով հրատարակությունը, հատկապես այն վեպի, որը շուրջ մեկ դար մնացել է մասնատվածՙ թերթի տարբեր համարներում, անչափ կարեւոր է, սակայն այն առավել արժեքավոր է իր ամբողջականության մեջ: Հ.Գ. «Սպասման սրահին մեջ» վեպին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: |