RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ

Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1800, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ԵՎ ՋԵՔ ՔԵՐՈՒԱՔ

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մինչ Վիլյամ Սարոյանը ամերիկյան գրականության 1930-40-ականների սերնդի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր, հաջորդՙ բիթ սերնդի ամենակարեւոր դեմքերից մեկը գրող եւ բանաստեղծ Ջեք Քերուաքն էր (1922-1969): Նրան հաճախ անվանում էին «բիթնիկների արքա»: Սերն ազատության հանդեպ ու կյանքի իմաստի փնտրտուքները նրան այս ու այն կողմ էին նետում, մղում թափառական կյանքի, ամեն տեսակի կրքերի. վայելքների ու խթանիչների փորձարկման, կրոնափիլիսոփայական աշխարհաճանաչողության:

Սարոյանի գործերն էական ազդեցություն են ունեցել Քերուաքի վրա: Իր իսկՙ Քերուաքի վկայությամբ, իր առաջին պատմվածքները («Ունդերվուդից վեր» ժողովածու) գրված են «Սարոյան-Հեմինգուեյ-Վուլֆի ոճով»: Իր ինքնակենսագրականում Քերուաքը նշում էր. «18 տարեկանում ես կարդացի Հեմինգուեյ ու Սարոյան եւ սկսեցի գրել նման ոճով փոքրիկ, կարճ պատմվածքներ»: Քերուաքի կենսագիր Նիկոսիան զուգահեռներ է տանում նաեւ նրա առաջինՙ «Քաղաքիկը եւ քաղաքը» վեպի (1950) ու Սարոյանի «Մարդկային կատակերգության» միջեւ: Քերուաքը գիտեր, որ «Մարդկային կատակերգության» Իթաքա (Քալիֆորնիա) քաղաքը նույն Ֆրեզնոն էՙ Սարոյանի հայրենի քաղաքը, ու հենց ինքը դարձավ իրական աշխարհագրական տեղանունները շղարշելու այս սովորույթի շարունակողը: Վեպի հերոսներից Ալեքսանդրը անչափ սիրում է Ֆրեզնոն, քանի որ կարդացել էր «Վիլյամ Սարոյանի պատմվածքները հայ մանուկների մասին»: Մեկ այլՙ «Եվ գետաձիերը եփվեցին իրենց ավազաններում» գրքում հերոսը մի ամբողջական սարոյանական «մեջբերում» է անում. «Ամեն բան իր ժամանակն ունի,- ասացի ես,- նույնիսկ սպանությունը: Սարոյան»:

Վիլյամ Սարոյանի հանդեպ համակրանքը Քերուաքին փոխանցվել էր իր ընկեր Սեմիիցՙ Սեբաստիան Սամփասից (նա 21 տարեկանում զոհվեց պատերազմում): Ահա մի գրող, որը քնքուշ հումորով էր գրում փոքր քաղաքների մարդկանց մասին, մի գրող, որն առօրյա կյանքի ամենապարզունակ գործողությունները քննության արժանի էր գտնում եւ որն ամենից հաճախ իր դատողությունները շաղախում էր համակրանքով: Մինչդեռ Քերուաքի հայրըՙ ծանր կյանք տեսած Լեոն, Սարոյանին ապուշ էր համարումՙ գտնելով, որ Սարոյանը գաղափար չունի կյանքի ողբերգության մասին: Սակայն պատերազմի ու չքավորության տարիներին նոր-նոր կյանք մտնող սերունդը թերեւս այլ բան էր փնտրում...

Դ. Ս. Քալոնի «Բիթնիկների հոգեւոր երեւակայությունը» գրքում նշվում են Սարոյան-Քերուաք այլ առնչություններ. հենց Սարոյանն իրար կապեց ԱՄՆ արեւելյան եւ արեւմտյան ափերի անցուդարձը, Սան Ֆրանցիսկոն դարձրեց իր գրական տարածքը, գրեց արձակՙ ջազային երգի ռիթմով (Քերուաքի «բիբոփ արձակի» նախօրինակը): «Քերուաքը հետեւում էր Չարլի Փարքերին ու նաեւ հետեւում էր Թոմաս Վուլֆին ու Սարոյանին, եւ Պրուստին ու Սելինին»,- եզրահանգել է Ալեն Գինզբերգը:

Ինչպես Սարոյանը եւ Վուլֆըՙ Քերուաքը վկայակոչում էր ամերիկյան լանդշաֆտների վեհությունը եւ իր ճանապարհորդությունն Ամերիկայում դիտարկում էր որպես հոգեւոր բացահայտման այլաբանություն: Քննադատներն առնչություններ են տեսել նույնիսկ Սարոյանի հայկականության ու բիթնիկների բուդդայականության միջեւ (Ջ. Լաֆլին):

«Պարի ռեւյուին» տված մի հարցազրույցում Քերուաքն առանձնացրել է Սարոյանի համակրելի, մարդասիրական հումորը, ինչպես նաեւ նրա «կոկիկ հայկական բանաստեղծականությունը»:

Ջոն Հաթչիսոնը գրում է. «Հիշում եմ 1950-ականների սկզբին տեղի ունեցած դեպքը, երբ իբր թե ամաչկոտ Ջեք Քերուաքը տեսավ Սարոյանին եւ բացականչեց. «Ուրեմն դու այն մարդն ես, որը գրել է «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»: Ես երբեք չեմ մոռանում այդ պատմությունը»: Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումն անխուսափելի էր: Բոլոր բաղադրիչները, որոնք բիթնիկները կներառեն իրենց կանոնում, արդեն սաղմնային նախադեպ ունեին Սարոյանի գործերումՙ Ռեքսրոթի եւ Ֆերլինգեթիի կողմից Սան Ֆրանցիսկոյի մշակութային բարեկրթության եւ բոհեմական հնարավորությունների ճանաչումը, Քերուաքի ներքին մենախոսությունները, կատաղի էներգիան եւ աննպատակ, կառուցվածքից զուրկ պատմությունները եւ բիթնիկ բանաստեղծների հակումը դեպի Ասիայի անթեղված իմաստությունը, նրա փիլիսոփայական ճանաչման, երկրագնդի հանդեպ հարգանքի եւ ոճի պարզության միախառնվող ներարկումները: Կալիֆոռնիաբնակ ներգաղթյալի հրաշալի փորձառությունը, որի մասին պատմում էր Սարոյանը, առանձնանում էր իր գրական նախորդների ծանր, սպառնալից պատմություններից»: Անհատական փորձառությունների համար բաց, հյուրընկալ նոր հողի գաղափարին Սարոյանը նոր մեկնաբանություն տվեց, ըստ որիՙ հորիզոնից այն կողմ գոյություն ունի ցնցող, լուսավոր մի տեղ: Մեծ ու դրամատիկ հեռանկարների այս տարածաշրջանը Սարոյանը կտակեց իր հաջորդներին, որոնք էլ «այդ ժամանակվանից ուղեւորվեցին դեպի արեւմուտք»,- նշում է Հաթչիսոնը:

Ուստի, զարմանալի չէ, որ Սարոյանի անունը հայտնվում է Քերուաքի ամենահայտնի գրքումՙ «Ճանապարհին» վեպում.

«Նա ինձ բերեց աղմկոտ Ֆրեզնո եւ իջեցրեց քաղաքի հարավային կողմում: Ես մտա երկաթուղուն կից մթերայինըՙ արագ կոլա ըմպելու, ու ահա ապրանքային կարմիր վագոնների կողքով մի մելամաղձոտ հայ երիտասարդ անցավ, հենց այդ պահին լոկոմոտիվը շաչեց, եւ ես ինքս ինձ ասացիՙ այո-այո, սա Սարոյանի քաղաքն է»:

Քերուաքն էլ Սարոյանի նման իր գրություններում օգտագործում էր ինքնակենսագրական տարրեր, վերապատմում մանկական հիշողությունները եւ անդրադառնում աշխարհում իր տեղը գտնելու անվերջ փնտրտուքներին:

Երկու այլ նմանություն է նշում Փոլ Մերիոնը. Սարոյանը գրում էր իր քաղաքի ու ամերիկահայ գաղութի կյանքից, Քերուաքի գրքերն էլՙ Լոուելի ու ֆրանս-կանադական եւ հունական համայնքների կյանքից, պարզապես այդ թեմայի վերանայումն էին: Ինչպես նաեւ Սարոյանից էր Քերուաքին փոխանցվել գրելու վերաբերյալ նոթեր, կանոններ ստեղծելու սերը:

Քերուաքի կենսագիրները նշում են, որ մինչեւ վեց տարեկանը անգլերենին չտիրապետող Քերուաքի համար Սարոյանի օրինակը ոգեւորիչ է եղել, քանի որ նա կենդանի ապացույց էր, թե ինչպես մեկը, որ չի եղել «ամերիկացի» եւ մեծացել էՙ խոսելով այլ լեզվով, կարող է հաջողակ գրող լինել:

Հետաքրքրական են Սարոյանի որդուՙ բանաստեղծ Արամ Սարոյանի հուշերը Քերուաքի հետ իր միակ հանդիպման մասին. Արամը գիտեր, որ Քերուաքը սիրում է իր հոր գործերը ու խուսափում էր նրան հանդիպել որպես «Վիլյամ Սարոյանի դեսպան»: Այնուհանդերձ, Արամի համար պատահականորեն հանդիպումը կայացել է: Տարիներ անց Արամը վերհիշել է Քերուաքին որպես «ցլակերպ փլատակի»ՙ իր ռանչոյի մութ սենյակում: Քերուաքը եղել է վերջինը բիթ եռապետությունից (Գինզբերգից ու Բերոուզից հետո), որին Արամը հանդիպել է. «Եվ ես տեսա նրան միայն մի ցերեկ ու երեկո, բայց դա եղավ մի տարօրինակ ծես, անհեթեթ, բայց հարատեւ գրական մկրտություն»: Զրույցի ընթացքում Քերուաքը խնդրում է Արամին իր հետ տող առ տող արտասանել իր «Մեխիկո Սիթի բլյուզ» բանաստեղծությունը, որից հետո Քերուաքը պարգեւատրում է նրան մի համեստ գովեստով, որ տարիներ շարունակ ուղեկցում է Արամին եւ որին, իր խոսքերով, միշտ ջանացել է արժանի լինել. «Քո՛ հերթն է, Սարոյա՛ն»...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ