RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020



ԱԶԳԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-01-23 21:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 929, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՐԱՎԻ՛, ԱՆՍՊԱՌ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Էմմա Պետրոսյանի 85-ամյա հոբելյանը

2019 թ.-ի դեկտեմբերի 29-ին նշեց իր 85-ամյա հոբելյանը նշանավոր ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոսյանը :

Ի՞նչն է առաջին հերթին հիացնում Էմմա Պետրոսյանի հետ շփվող մարդկանց: Արտակարգ եռանդը, հետազոտական գործունեության ակտիվությունը, ազգագրության եւ էթնոպարագիտության հետ առնչվող տարբեր միջոցառումների կազմակերպման եւ դրանցում անմիջական մասնակցության պատրաստակամությունը, նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, անվերջ որոնման եւ հայտնաբերման հակումը, այսինքն այն ամենը, ինչն այնքան անհրաժեշտ է գիտությանը իրականորեն նվիրված մասնագետի համար:

Էմմա Պետրոսյանը ծնվել եւ մեծացել է ավիացիայի պահակային գնդապետ Խաչատուր Պետրոսյանցի ընտանիքում: Բոլորը հավանաբար գիտեն, թե դա ինչ է նշանակում: Քաղաքի, բնակարանների, դպրոցների եւ ընկերների մշտական փոփոխություն, եւ այս առումով` ամեն անգամ նոր միջավայրին հարմարվելու անհրաժեշտություն: Միգուցե դրա համար Էմմա Խաչատուրովնան զարմանալիորեն մարդամոտ, դժվարություններին դիմադրող, վիրավորանքները ներող եւ միշտ նոր շփումների ձգտող անձնավորություն է:

Կյանքը սկսեց կայունանալ դպրոցն ավարտելուց հետո, երբ Էմմա Պետրոսյանը ընդունվեց Թբիլիսիի պետական համալսարանՙ բանասիրության ֆակուլտետ, իսկ այնուհետեւՙ երկրորդ տարվանից, տեղափոխվեց Երեւանի պետական համալսարանի նույն ֆակուլտետը: Ավարտելով այն 1957-ին` ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Արվեստի պատմության եւ տեսության բաժնի (1958 թվականիցՙ Արվեստի ինստիտուտ) ասպիրանտուրան: Նրա գիտական ղեկավարն էր հայ ականավոր ազգագրագետ եւ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանը: Ասպիրանտուրան ավարտելուց հետո, 1960 թվականից առ այսօր, Էմմա Պետրոսյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Նա այդ բնագավառում Սրբուհի Լիսիցյանի լավագույն եւ արժանի աշակերտների ու իրավահաջորդների թվին է պատկանում:

Ազգագրագետի առաջնային խնդիրն է դաշտային աշխատանքը եւ գիտական արշավները: Անհնար է թվարկել այն բոլոր գիտական արշավները, որոնց Էմմա Խաչատուրովնան մասնակցել եւ անձամբ կազմակերպել է: Նա այցելել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը, ինչպես նաեւ Արցախի, Վրաստանի, Նախիջեւանի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք շրջանները եւ գյուղերը: Իմֆորմանտների (ժողովրդական արվեստի նմուշներըՙ նկարագրող եւ ցուցադրող գյուղական բնակչության ներկայացուցիչներ) նկատմամբ ճիշտ մոտեցում գտնելու ունակություն մեթոդաբանորեն հստակ մշակված եւ վարպետորեն կառուցված (եւ սա դյուրին գործ չէ), հսկայական նյութի արձանագրում - սա ընդամենը աշխատանքի առաջին փուլն է: Իսկական ազգագրագետի աշխատանքի երկրորդ, շատ կարեւոր փուլն էՙ գրասենյակային պայմաններում «հատիկը որոմից» տարանջատելու եւ ճշգրիտ, գիտականորեն հիմնավորված եզրակացությունների հանգելու ունակությունը ՙ սա իրական, լայն էրուդիցիա ունեցող իրական գիտնականի հատկանիշն է, ինչպիսին է Էմմա Պետրոսյանը:

Նրա բազմամյա հետազոտության առարկա հանդիսացող ոլորտներից մեկը հայկական ժողովրդական թատրոնն է: Բազում տարիների ընթացքում նա արձանագրել (եւ դրանով իսկ պահպանել է սերունդների համար) եւ վերլուծել է ժողովրդական թատրոնի այն տեսակներն ու տարրերը, որոնք վաղուց մոռացվել են ժողովրդի կողմից: Համեմատական վերլուծության մեթոդաբանության կիրառումը մեզ թույլ է տալիս բացահայտել հայ ժողովրդական ծեսերի, խաղերի, պարերի տիպաբանական նմանությունն ու տարբերությունը այլ ժողովուրդների բանահյուսության նույն ասպարեզների հետ, ինչը թույլ է տալիս մեզ զուգահեռներ անցկացնել, օրինակ, մի շարք հայկական եւ հին հունական պարերի միջեւ:

Էմմա Պետրոսյանը առավել քան 150 հոդվածների հեղինակ էՙ նվիրված հայ միջնադարյան մանրանկարչությանը, առասպելաբանությանը, ժողովրդական թատրոնին, ժողովրդական, ժողովրդաբեմական պարերին, բալետին:

Նա մի շարք ծավալուն մենագրությունների հեղինակ է: «Հին Հայաստանի աստվածներն ու ծեսերը» («Боги и ритуалы Древней Армении», Ереван, 2004 г.) ուսումնասիրության մեջ բազմատեսանկյուն վերլուծության միջոցով, վերակառուցվում են հին հայկական քաղաքակրթության ծիսական-առասպելաբանական եւ թատերական-հանդիսական համակարգերը:

«Հայկական տոները եվրոպական մշակույթի համատեքստում» («Праздники армян в контексте европейской культуры», Ереван, 2012), մենագրության մեջ հետազոտվում են 19-րդ դարի վերջի - 21-րդ դարասկզբի հայերի ավանդական ծեսերը :

Մի փոքր հանգամանորեն կցանկանայինք անդրադառնալ նրա «Թատրոնը միջնադարյան հայկական մանրանկարներում» (Театр в средневековых армянских миниатюрах, Ереван, 2014) մենագրությանը:

Միջնադարյան մանրանկարչությունը անսպառ հետազոտության աղբյուր է: Հայ միջնադարյան արվեստի վերաբերյալ ուսումնասիրությունները ոչ այնքան հաճախ են հայտնվում գրախանութների եւ գրադարանների սրահներում, չնայած այն բանին, որ այսօր մշակույթի այս շերտը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր մասնագիտությունների ընթերցողների համար: Հետեւաբար, Էմմա Պետրոսյանի «Թատրոնը միջնադարյան հայկական մանրանկարներում» ուսումնասիրությունը, անշուշտ, արժանի է ուշադրության:

Միջնադարյան մանրանկարչությունը, որպես հետազոտության առարկա Է.Պետրոսյանի ուշադրությունը գրավեց գրեթե գիտական գործունեության սկզբից: «Թատրոնը միջնադարյան հայկական մանրանկարներումը» բազմակողմանի ուսումնասիրություն է, հիմնված հումանիտար տարբեր` այն էՙ թատերագիտության (ներառյալ պարագիտությունը), ազգագրության, լեզվաբանության, համեմատական արվեստագիտության ոլորտներում ընդունված նյութի ըմբռնման եւ մեկնաբանման մեթոդների վրա: Հետազոտության առարկան 12-17-րդ դարերի հայկական ձեռագրերում տեղ գտած մանրանկարչական պատկերներն են, որոնցում, հեղինակի տեսանկյունից, արտացոլվում են թատերական սյուժեներ: Ինչպես նշում է Է. Պետրոսյանը, «Աշխատության մեջ փորձ կատարվեց ոչ միայն արտաբերել թատերայնության տարրերը մանրանկարներում, այլ նաեւ, հնարավորինս չափ դիտարկել որոշ կերպարների ծագման աղբյուրները եւ ներկայացումների ենթադրելի ժանրը: Այդ նպատակով ներգրավվում են միջնադարյան գրողների վկայությունները, հայերի հավատալիքների վերաբերյալ տվյալները, զուգահեռներ են անցկացվում եվրոպական ժողովուրդների թատերական երեւույթների եւ կերպարվեստի հետ, թատերական որոշ տերմինների լեզվաբանական վերլուծությունը: Այս ամենը, որոշ չափով, մեզ թույլ է տալիս բացահայտել ոչ միայն այդ ժամանակաշրջանի, այլեւ ավելի վաղ շրջանի թատերականացված գործողությունների պատկերը»:

Ուսումնասիրության առավելությունները ներառում են հայ եւ արեւմտաեվրոպական մշակույթի համեմատական վերլուծության մեթոդաբանական հնարքների կիրառումը: Դժբախտաբար, հայագիտության ասպարեզում մշակույթի տարբեր ոլորտների աշխատություններում համեմատական վերլուծության սկզբունքը այնքան էլ տարածված չէ, ինչը հանգեցնում է տարբեր ուսումնասիրությունների որոշ սահմանափակությանըՙ բացառապես հայկական երաժշտության, պարի, թատրոնի, կերպարվեստի առանձնահատկությունների վրա կենտրոնացման հետեւանքով:

Ուսումնասիրությունը համալրում են մեծ թվով նկարազարդումներ (սեւ-սպիտակ եւ գունավոր), ինչը հնարավորություն է տալիս ավելի պարզ, օգտագործելով կոնկրետ օրինակներ, հաստատել ուսումնասիրության մեջ ներկայացված փաստարկները:

Է.Պետրոսյանի «Թատրոնը միջնադարյան հայկական մանրանկարներում» գրքում, իհարկե, պետք է գրավի ոչ միայն «միջնադարյան մշակույթի մասնագետների, թատերագետների, արվեստի պատմաբանների եւ ուսանողների» ուշադրությունը, ինչպես նշվում է ծանոթագրության մեջ: Վերջերս միջնադարյան մանրանկարչությունն ու արվեստը դարձել են դրամատիկ թատրոնի եւ կինոյի ռեժիսորների, ինչպես նաեւ բալետմայստերների մեծ ուշադրության առարկա: Քրիստոնեության խորհրդանշանները, եկեղեցու ներքին կառուցվածքը, մանրանկարչությունը եւ խաչքարերը ավելի ու ավելի շատ տեղ են գրավում ինչպես ներկայացումներում, այնպես էլ գեղարվեստական կինոնկարներում:

Գիտնականը բազում անգամ հանդես է եկել զեկուցումներով աշխարհի տարբեր երկրներումՙ միջազգային գիտաժողովներում, սիմպոզիումներում, կոնգրեսներում:

Պահպանում է խնամքով իր գիտական ղեկավար Սրբուհի Լիսիցյանի արխիվը, իրականացրել է նրա «Հին հայկական պարերը» խորագրով հետազոտության հետմահու ժողովումը, խմբագրումը եւ հրատարակումը:

Էմմա Խաչատուրովնան նախապատրաստել է ազգագրագետների եւ էթնոպարագետների նոր սերունդ: Եվ այս ոլորտում կարելի է զարմանալ միայն նրա պատրաստակամության վրա` ոչ միայն գիտելիքներ փոխանցել ուսանողներին, ասպիրանտներին, այլեւ գտնել նրանց անհրաժեշտ գրականությունը, արխիվային փաստաթղթերը եւ նույնիսկ տրամադրել «սեփական գաղափարները»: Էմմա Պետրոսյանի գիտական կենսագրությունը ներառում է նաեւ խմբագրական աշխատանք, ատենախոսությունների ընդդիմախոսություն, ակտիվ մասնակցություն հայ ժողովրդական պարային ֆոլկլորի պահպանման գործին, ժողովրդական պարային համույթների ստեղծում, գիտաժողովների կազմակերպում, բանահյուսության ուսումնասիրման մեթոդաբանության մշակում:

Եվ այսօր, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոսյանը շարունակում է իր գիտահետազոտական պրպտումները:

Հիրավի, անսպառ են մարդու հնարավորությունները: Պետք է ընդամենը կամենալ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ