RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2020-01-23 21:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2429, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԱՐՈ ԷՄԻՐԶԵ. ՀԱՄԼԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԼԻՎՈՒԴ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայազգի գերմանական դերասան Սարո Էմիրզեն ծնվել է 1977-ին, Մայնի Ֆրանկֆուրտում: 1999-2003 թթ. դերասանություն է ուսանել Լայպցիգի «Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի» երաժշտության եւ թատրոնի ակադեմիայում, իսկ 2001-2003 թթ.ՙ Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում: 2002-ին, դեռեւս ուսանող, նա բեմ է բարձրացել Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնում` «Դիսկո» ներկայացման գլխավոր դերում:

2003-ին Սարո Էմիրզեն դարձել է Դրեզդենի «Երիտասարդ սերունդ» թատրոնի մշտական անդամՙ հանդես գալով բազմաթիվ բեմադրություններում: 2008-ին տեղափոխվել է Ցիթաուՙ աշխատելով «Գերհարթ Հաուփթման», իսկ 2009-2012 թթ.ՙ Փլաուեն քաղաքի «Փլաուեն-Ցվիկաու» թատրոններում: Այնտեղ նա գլխավոր դերերով աչքի է ընկել Գեորգ Բյուխների «Դանտոնի մահը» եւ Բերթոլդ Բրեխթի «Երեք գրոշանոց օպերա» թատերախաղերի բեմադրություններում:

2012 թվականից Սարո Էմիրզեն ապրում է Բեռլինում: 2014-ից պարբերաբար աշխատում է «Շեքսպիր եւ գործընկեր» թատերախմբում եւ «Նոր Գլոբուս» թատրոնում, որոնցում հանդես է եկել այնպիսի նշանավոր թատերգությունների գլխավոր դերերում, ինչպիսիք են Շեքսպիրի «Համլետը», «Արքա Լիրը», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակները»: 2017 թվականին նա աչքի է ընկել «Հնդկաստան» պիեսի բեմադրության մեջ միանգամից մի քանի դերերով եւ որպես փոփ երգիչ, այնուհետեւ հանդես է եկել Մոլիերի եւ Սկապենի կրկնակի դերակատարմամբ Մոլիերի «Սկապենի արարքներ»-ում:

Բացի թատրոնից, Սարո Էմիրզեին պարբերաբար տեսնում են կինոյի եւ հեռատեսիլի էկրանին: Նա մարմնավորել է տարաբնույթ հերոսների «ՍՈԿՈ», «Wilsberg» եւ այլ հեռուստատեսային ֆիլմաշարերում, հատկապես «Սեւ անտառ հանցանքի վայրը» գերմանական ամենահաջող դետեկտիվ հեռուստաշարքում...

- Սարո, դու նկարահանվել ես կինոյի եւ հեռատեսիլի ավելի քան 26 ֆիլմում: Նախընտրում ես բե՞մը, թե՞ էկրանը:

- Ես ուսանել եմ դերասանական մի դպրոցում, որը կենտրոնացած էր թատրոնի վրա: Դրանից հետո ավելի քան 15 տարի աշխատել եմ Գերմանիայի զանազան թատրոններում: Այդ ընթացքում հազվադեպ եմ նկարահանվել: Այնպես որ, իհարկե, թատրոնում ավելի շատ եմ ես ինձ զգում ինչպես տանը: Բեմ բարձրանալիս ավելի լավ պատկերացում ունեմ իմ թողած ազդեցության եւ ընկալման մասին: Բեմում նաեւ ինձ ավելի ապահով եմ զգում:

Թատրոնում ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ անմիջապես ստանում ես հանդիսասրահի արձագանքը: Կինոյում երբեմն պետք է սպասես ավելի քան մեկ տարի, մինչեւ հանդիսատեսը կարողանա դատել արդյունքի մասին:

Ի մեծ տարբերություն բեմի, կինոյում նկարահանվելուց հետո այլեւս չես կարող որեւէ բան փոխել քո դերակատարման մեջ: Թատրոնում միշտ հնարավորություն ունես ներկայացումից ներկայացում անընդհատ կատարելագործել խաղարկությունդ, ինչն ինձ իսկապես շատ է դուր գալիս: Որպես կինոդերասանՙ դու վերահսկողություն չունես արդյունքի վրա: Թե ինչ է դուրս թողնվելու ֆիլմից, վերջում հանդիսատեսն ինչ կստանա իմ խաղիցՙ իմ ձեռքին չէ: Սա մի բան է, որին ես դեռ պետք է վարժվեմ:

Կինոյում գործընկերների հետ աշխատանքը նույնպես տարբեր է: Նկարահանվելիս սովորաբար շատ ժամանակ ես ծախսում ողջ անձնակազմի հետ, նրանց հետ ավելի ես մտերմանում, կարճ ժամանակահատվածում դառնում ես գրեթե ընտանիքի պես: Բայց նկարահանումների ավարտից հետո համարյա այլեւս չես հանդիպում նրանց: Թատրոնում այդպես չէ, ինչն ինձ ավելի է դուր գալիս:

Բայց, այնուամենայնիվ, եթե իմ որոշելով լինի, ես նախընտրում եմ աշխատանքը կինոյում: Դեռ մանկուց ես կախվածություն եմ ունեցել կինոնկարներից, ավելինՙ մտասեւեռում ֆիլմերի հանդեպ: Դրա համար ես ամբողջովին պարտական եմ հորս: Նա ոչ միայն խանդավառ կերպով երաժշտություն էր գրում, այլեւ կրքոտ կինոսիրող էր: Ես վաղ հասակից սկսեցի ֆիլմեր դիտել: Հանգստյան օրերին հայրս բերում էր երեք-չորս կինոնկար, որոնք մենք աննկատ կերպով կլանում էինք միասին: Դա, անշուշտ, մեծ ազդեցություն ունեցավ կինոյի եւ դերասանական արվեստի հանդեպ իմ հետաքրքրության վրա...

- Ասում են, որ յուրաքանչյուր դերասան երազում է Համլետ խաղալ: Հինգ տարի առաջ առաջին անգամ դու բեմ բարձրացար այդ դերով: Ի՞նչ կասես քո այդ փորձառության մասին:

- Համլետ խաղալը հիանալի պարգեւ է: Դերն այնքան շատ կողմեր ունի, այնքան շատ բան կա խաղալուՙ ողբերգություն, կատակերգություն, երկուսն էլՙ միաժամանակ ու դեռ շատ ավելին: Յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ես ավելի քան երեք ժամ բեմում էի լինում, այնպես որ այդ բոլորն ինձնից շատ էներգիա էր սպառում: Դա հիանալի փորձառություն էր ու նաեւՙ շատ դժվարին:

Դեռ 2003-ին ես արդեն մասնակցել էի «Համլետին»ՙ կատարելով առաջին դերս, որն այդ ժամանակ Լաերտն էր: Ի դեպ, հենց առաջնախաղի օրը հայրս հեռացավ կյանքից: Այնպես որ, այս թատերգությունն ինձ համար առանձնահատուկ է:

- Արեւմտյան ֆիլմերում այլ ազգության պատկանող դերասանները սովորաբար խաղում են հիմնականում էթնիկ դերեր: Ենթադրում եմ, որ սա քեզ չի վերաբերում, քանի որ քո արտաքինը քեզ թույլ կտա խաղալ ցանկացած դեր, ճի՞շտ եմ:

- Այո, ճիշտ ես: Դեռ մանկուց ունեցել եմ բավական բաց գույնի մաշկ, շեկ մազեր: Սա ինձ թույլ տվեց գերմանական հեռատեսիլով խաղալ նաեւ գերմանացի, ֆրանսիացի եւ այլ ազգությունների կերպարներ: Բայց նաեւ պատահել է, որ ինձ հրավիրել են փորձելու հայի դեր, սակայն չեն ընտրել, քանի որ տիպաժս ակնհայտորեն այնքան էլ հայկական չէ, ինչն ինձ, իհարկե, իրապես վրդովեցնում է:

- Դու թուրքահայ ընտանիքից ես: Միշտ հետաքրքրական է իմանալ ընտանեկան պատմությունը, արմատները...

- Նախահայրերս Բրգնիկ գյուղից են ու Էգինից (Ակն): Պապս, ինչպես նաեւ ծնողներս, ծնվել ու մեծացել են Ստամբուլում: 1970-ականներին ծնողներս արտագաղթել են Գերմանիա: Մայրս հաճախել էր Ստամբուլի ավստրիական դպրոցը, ուստիեւ խոսում էր գերմաներեն: Հայրս շատ լայնախոհ էր ու չցանկացավ այլեւս ապրել Թուրքիայում ու այնտեղ մեծացնել իր զավակներին:

- Գերմանիայում երկու ֆիլմ է նկարահանվել այնտեղի թուրքահայ ընտանիքների մասինՙ Նուրան Կալիսի «Մայրս, եղբայրս եւ ես» եւ Սամիրա Ռադսիի «Անտունի. արտասահմանյան տունը»: Քո ընտանիքի փորձառությունը նմա՞ն էր այս կինոնկարներում պատկերվածին:

- Ես ճանաչում եմ այդ ռեժիսորներին ու մասնակցել եմ այդ ֆիլմերի դերակատարների ընտրությանը: Ցավոք, ոչ մեկում էլ չընդգրկվեցի, քանի որ, ինչպես նշեցի, տեսքս այնքան էլ հայկական չէ: Շատ վրդովված էի այդ առիթով: Բայց դա վաղուց էր: Այնպես որ, ես դեռ չեմ դիտել այդ ֆիլմերը, բայց առիթի դեպքում անպայման կդիտեմ:

- Քո ազգանունը զուգորդվում է երեւանցի ջրացատկող Սիրվարդ Էմիրզյանի անվան հետ, որը 1980-ի օլիմպիադայում ԽՍՀՄ թիմի ամենաերիտասարդ մարզիկն էր, նաեւ գերմանաբնակ երաժիշտ Արեն Էմիրզեի անվան հետ, որը երաժշտություն է գրում արեւմտահայ բանաստեղծության հիման վրա: Ազգակցական կապ ունե՞ս նրանց հետ:

- Արենն իմ ավագ եղբայրն է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ու միշտ ներկա ենք մեկս մյուսի կյանքում: Ներկայումս նա աշխատում է մի քանի ալբոմի վրա, ներառյալ գերմանա-հայկական նախագծի: Արենը ձայնագրելու է մի գերմաներեն-հայերեն երգ` գերմանացի ամենահայտնի երգիչ-երգահաններից մեկի հետ:

- Ունե՞ս սիրած հայ արվեստագետներ:

- Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին, եւ ոչ միայն նրա ազգանվան պատճառով: Նա մի զարմանալի գրող է, որը 1960-ականներին անակնկալ կերպով ներկա է եղել հորսՙ Գարեգինի համերգին, երբ նա իր խմբի հետ ելույթ էր ունենում Ստամբուլում... սա մի խենթ պատմություն է, բայց իրական: Այնպես որՙ Սարոյան, եւ անշուշտՙ Կոմիտաս, որի երաժշտությունը երբ լսում եմ հայկական եկեղեցում, միշտ փշաքաղվում եմ, ու արցունքները հոսում են աչքերիցս...

- 2014-ին Քյոլնի Հայ մշակութային միությունում դու հատվածներ ես կարդացել ռումինահայ հեղինակ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպից: Որքանո՞վ ես ներգրավված Գերմանիայի հայ համայնքի կյանքին:

- Ֆրանկֆուրտում, որտեղ ծնվել ու մեծացել եմ, կա հայկական մշակութային միություն: Ծնողներս հաճախ մեզ հետ տանում էին այնտեղ, նաեւ պարբերաբար գնում էինք հայկական եկեղեցական տոներին, քանի որ հայրս ակտիվ մասնակցում էր դրանց կազմակերպմանը: Նա երգում էր եկեղեցական երգչախմբում եւ հաճախ ելույթներ էր ունենում համայնքային միջոցառումների ժամանակ:

Այժմ ես ապրում եմ Բեռլինում ու, ցավոք, կապ չունեմ այնտեղի հայերի հետ: Բայց միշտ շատ ուրախ եմ լինում, երբ պատահաբար հանդիպում եմ մեկին, որի հետ կարող եմ հայերեն խոսել:

- Երբեւէ եղե՞լ ես Հայաստանում:

- Մի անգամ, 2004-ին, եղբորս հետ: Հայաստանը ինձ թվաց շատ խաղաղ մի երկիր, որտեղ Եվրոպայի բոլոր գեղեցիկ վայրերը կարծես միավորված են մի փոքր վայրում: Ես շատ սիրեցի Դիլիջանը, որը շատ հանդարտ է ու զգացականՙ իր մեծ գեղարվեստական շնչով: Գեղեցիկ բնություն, որն, անշուշտ, այն տեղն է, որտեղ ես կգրեմ իմ ինքնակենսագրությունը, երբ կլինեմ 64 տարեկանՙ մեջբերումներ կատարելով «Բիթլզից»ՙ իմ սիրած խմբերից մեկից: Ես Երեւանում ինձ զգում էի հանգիստ ու ապահով. անկասկած, դա այն վայրն է, որտեղ ես առանց անհանգստանալու թույլ կտամ իմ ապագա երեխաներին մենակ դուրս գնալ: Բայց մինչ այդ պիտի բախտս բերի ու ես գտնեմ իմ կյանքի կնոջը, եթե իմ դերասանական կարիերան թույլ տա... Մայրս միշտ հույս ունի եւ ուզում է, որ կյանքիս ընկերուհին հայ լինի, ինչը բավականին դժվար է Գերմանիայում, որտեղ հայ համայնքը շատ փոքր է... ուստի միգուցե ես նրան կգտնեմ այս հարցազրույցի՞ միջոցով (ծիծաղում է): Հե՛յ, հայուհիներ, եթե հետաքրքրված եք, խնդրում եմՙ նախ կապվել մորս հետ... նրա հաստատումից հետո ես պատրաստ կլինեմ քայլեր ձեռնարկել...

- Իսկ ո՞րն էր անցած տարվա քո ամենանշանակալից նախագիծը:

- Ես երկրորդական դեր ստացա հոլիվուդյան մի ֆիլմում, լեհական հրեայի դեր: Հանուն այդ դերիՙ ես քաշիցս 30 ֆունտ կորցրի: Նկարահանումները տեղի ունեցան 2019-ի փետրվար-հունիս ամիսներին, Բուդապեշտում եւ Նյու Յորքում: Ռեժիսորը Բարի Լեւինսոնն է, որն արժանացել է «Օսքարի» «Անձրեւի մարդը» ֆիլմի համար: Մեր կինոնկարն էկրան կբարձրանա այս տարի, վերնագիրն էՙ «Հարի Հաֆթ»...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ