ԴԱՆԻՈՒՀԻ ՀԱՅԱՍԵՐ ԳՐՈՂԸՙ ԻՏԱԼԵՐԵՆ Ա. Բ. Իտալական «Պաոլինե» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել դանիուհի գրող Ինգա Նալբանդյանի (1879-1929) «Գիշերվա մեջ» վեպը, հրատարակված 1917-ին: Այն վեպի ֆրանսերեն 1918 թ. հրատարակությունից իտալերենի է վերածել լրագրող, թարգմանչուհի Լետիցիա Լեոնարդին , որը վերջին տարիներս ակտիվորեն զբաղվում է հայ մշակույթի քարոզչությամբ: Գրքի առաջաբանը գրել է իտալական կինոյի երբեմնի աստղ Լաուրա Էֆրիկյանը , վերջաբանըՙ լրագրող Դանիելա Չեկկինին : «Գիշերվա մեջ. պատկերներ հայոց նահատակությունից» գրքի հեղինակ Ինգա Նալբանդյանը (ծնյալ Ինգա Հենրիետ Լյուսինդա Քոլլին), եղել է դանիացի մեծանուն հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ազգականուհին: Շվեյցարիայում ծանոթացել է Լոզանի հայկական վարժարանի տնօրեն, «Գիտություն» գիտական պարբերականի խմբագիր, քիմիկոս Մարտիրոս Նալբանդյանի հետ եւ ամուսնանալովՙ այդուհետ գրվել է նրա ազգանվամբ: Նիլս Էլինգեր ծածկանվամբ հրատարակել է «Կոհակերգ» («Թեւավոր երգեր») բանաստեղծությունների ժողովածուն (1905), որի հինգերորդ մասումՙ «Հայկական բանաստեղծություններ», ընդգրկված են ամուսնու օժանդակությամբ հայ բանաստեղծներից (Պատկանյան, Պեշիկթաշլյան եւ այլք) կատարված թարգմանությունները: Նալբանդյանն իր պատմվածքների ժողովածուներում («Մեծ վիշտը», «Զոհերը», «Եղբորդ արյունն է աղաղակում», «Բաց տարածություն») պատկերել է հայերի կրած տառապանքներն Առաջին աշխարհամարտի տարիներին, հաճախ ներկայացրել իր իսկ ականատեսի պատմությունները: Ինգա Նալբանդյանը 1919-ին անգլիական մամուլում հանդես է եկել բաց նամակովՙ ուղղված աշխարհի կանանցՙ կոչ անելով աջակցել Հայկական հարցի դրական լուծմանը: Կապերի մեջ է եղել հայ ժողովրդի շվեդ բարեկամ Նաթանայել Բեսքովի հետ (վերջինիսՙ Նալբանդյանին գրած երկու նամակը թարգմանաբար հրատարակել ենք 1999-ի «Հայկազեան հայագիտական հանդէսում»): Որդինՙ Սվեն Նալբանդյանը, եղել է Դանիայի տնտեսական նախարարության խորհրդական: Նալբանդյանի գործերից որոշ նմուշներ թարգմանաբար լույս են տեսել նաեւ հայերեն: Իտալական հեղինակավոր «Իլ մեսաջեռո» եւ «Իլ տեմպո» պարբերականների աշխատակից Լետիցիա Լեոնարդին բնակվում է Պիոմբինոյում (Լիվոռնո): Հռոմի հայ համայնքի «Աղթամար» իտալերեն կայքէջում եւ այլուր հաճախ հանդես է գալիս հայոց պատմության ու մշակույթի վերաբերյալ հոդվածներով եւ հանրային բանախոսություններով: Մինչ այս նրա իտալերեն թարգմանությամբ լույս է տեսել Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպը (2015): Իսկ 2018-ին հրատարակվել է Լետիցիա Լեոնարդիի եւ Գեւորգ Օրֆալյանի «Նռան թթու հատիկները» գիրքը մի սփյուռքահայի ճակատագրի մասին: |