RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 19:46:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՐՏԻ ԵՎ ՀՈԳՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կան անուններ, որոնք իրենց ոլորտներում համընդհանուր ճանաչման ու սիրո են արժանացել: Դրանցից էր լուսանկարիչ, վավերագիր Գերման Ավագյանը , որի անսպասելի մահվան գույժը ցավ պատճառեց, կարելի է ասել, ողջ լրագրողական հանրույթին, եւ ոչ միայն: Փետրվարի 16-ին 58 տարեկան հասակում հանկարծամահ եղավ նաՙ կիսատ թողնելով բազմաթիվ ծրագրեր:

Անկախ Հայաստանի առաջին իսկ օրերից Գերման Ավագյանը եղել է այն վավերգրողների շարքում, որոնց արածն արդեն ի պահ է տրված ապագային, եւ որոնց աշխատանքները մեր մոտիկ անցյալի պատմությունն են: Նրա հայացքը տարբերվում էր շատ-շատերից` աննշանի մեջ հաճախ կարող էր նկատել նշանավորն ու առանձնահատուկը, մարդկային խորն ապրումներն ու տառապանքը: Նրա ֆոտոխցիկը գտնում էր կյանքի հակասությունները, ստվերի մեջ լույսը, լուսավորի մեջ` ամենավառ երանգը: Նա հաճախ էր հայտնվում սահման պահող զինվորի կողքին, վեր հանում սոցիալական խնդիրներ, մարդկանց օգնելու իր կերպը գտնում: Ով մի անգամ դիտել է նրա նկարաշարերը` պատկերացում է կազմել բոլորից տարբերվող Գերման Ավագյանի մասին: Այս օրերին սոցիալական ցանցերը հեղեղվել էին նրա վաղ հեռանալու առիթով ասվող ափսոսանքի խոսքերով, նրա մասին հիշողություններով ու հրապարակումներով:

Նա նորարար էր ոչ մայն կադրում, այլեւ գաղափարների ու նախաձեռնությունների առումով. երբ երիտաարդ լուսանկարիչներին տարավ Շուշի, որոնք իրենց լուսանկարներում արտացոլեցին ազատագրված քաղաքի երկու ամբողջական օրվա կյանքը, կամ երբ երկրաշարժից երեսուն տարի հետո լուսանկարիչներին տարավ Գյումրի եւ ֆոտոշարքերի միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրեց Գյումրիի խնդիրների վրա: Նրա ֆոտոխցիկը վեր է հանել պատերազմական ժամանակը, հետպատերազմյան հակասությունները, հանքարդյունաբերության, սոցիալական խնդիրները` իր լուսանկարների գտնված կերպարներում ու պատկերներում: Նա իր տեսախցիկով փրկել է ժամանակի այն հատվածները, որտեղ ինքն է եղել, ու փոխանցել մարդկանց` հիմա արդեն որպես ժամանակից դուրս մի ժառանգություն:

Նրա շարքը`զոհված ազատամարտիկների մահից հետո ծնված նրանց զավակների մասին, խորունկ ուղերձներ ունի իր մեջ սերունդներին. «Մահից հետո ծնվածները», իրենց չտեսած հայրերի լուսանկարները ձեռքներին, ցնցող են: Պիտի սիրտ ու խորք ունենաս` այդպիսի եւ բազում նման շարքեր ստեղծելու համար, այն սիրտը, որ չդիմացավ...

Դիմանկարներ, դիմանկարներ` պատերազմին հաշմանդամ դարձած երեխաներ, անհետ կորած ամուսիններին սպասող կանայք, մայրեր` սրտառուչ պատմություններ լուսանկարներում, ամեն լուսանկարը մի կյանքի պատմություն: Վավերագրողը դա անցկացնում էր իր սրտի միջով, հիշում-մտապահում լուսանկարների հերոսներին, երբեմն նորից փնտրում-գտնում նրանց ու վերստին լուսանկարում: Նրա նկարներում միաժամանակ աչքի է զարնում մարդն իր ողջ ներքին տարուբերումներով, ընդ որում` նկարում պատկերվածն ու նկարող մարդը միաժամանակ տեսանելի են այդ լուսանկարներում, տպավորություն է, թե մի սիրող, տառապող խորունկ հոգի հարց է տվել ու լուսանկարով պատասխան ստացել: Գերման Ավագյանի լուսանկարները սրտի ու հոգու լուսանկարներ են` զգացմունքով, ներքին պատումով, տվյալ պահի, ժամանակի ու պատմության վավերագրմամբ: Դրանք, ի դեպ, միշտ էլ բարձր գնահատականի են արժանացել` նախ նրա արվեստը գնահատողների կողմից, ապա եւ` միջազգային եւ տեղական բազմաթիվ մրցանակներով:

Ափսոս Գերմանը, նրա տեսողական պոեզիան դեռ նոր դրսեւորումներ էր ունենալու, շատ ծրագրեր կիսատ թողեց: Միաժամանակ` մեծ ժառանգությունՙ որը բոլորինս է, երկրինը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ