ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՉԵԽԱԿԱՆ «ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հաջող փորձաշրջան անցնելով Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե քաղաքի «Դինամոյում», մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ: 26-ամյա Մկոյանն ընդամենը մի քանի օր էր մարզվել չեխական թիմի կազմումՙ մասնակցելով ավստրիական «Ռապիդի» հետ հանդիպմանը, որում «Դինամոն» պարտվել էր 0-1 հաշվով: Չնայած կարճ ժամանակաշրջանին, թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ստուկուպը գոհ է մնացել հայ ֆուտբոլիստի գործողություններից: Ըստ մարզչի, Մկոյանն ունակ է ուժեղացնելու թիմի պաշտպանությունը: Ներկայումս «Դինամոն» Չեխիայի առաջնությունում ընթանում է նախավերջինՙ 15-րդ տեղում եւ պայքարում է ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար: Ինչ վերաբերում է Հրայր Մկոյանին, ապա վերջին մեկ տարում նրան չէր հաջողվում ամրապնդվել արտերկրի որեւէ ակումբում: Անցած տարվա սկզբին նա 6 ամսով պայմանագիր էր կնքել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն թիմը դուրս մնաց ՌԴ պրեմիեր լիգայից ու Մկոյանը վերադարձավ Հայաստանՙ ընդգրկվելով «Շիրակի» կազմում, որտեղ էլ սկսել էր ֆուտբոլիստի կարիերան: Հունվարին նա փորձաշրջան անցավ Լվովի «Կարպատներում», սակայն ֆինանսական հարցի շուրջը համաձայնության չեկավ ակումբի ղեկավարության հետ: Հուսանք, որ Չեխիայի «Դինամոյում» Մկոյանն իր հաստատուն տեղը կունենա հիմնական կազմում: |