100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ» Հ. Ծ. Միջազգային ճանաչման արժանացած գործարար, արդյունաբերական ծրագրերի առաջնակարգ կապալառու Անրի Սարգսյանը 100 հազար դոլարի պատկառելի նվիրատվություն է կատարել Կանադայում գործող «Զորյան ինստիտուտին», որի առաքելությունն է միջազգային հանրությանը ծանոթացնել մարդու իրավունքներին, ցեղասպանությունների կանխարգելմանը եւ ճանաչմանը առնչվող հարցերին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը: Բեյրութաբնակ բարեգործ Սարգսյանը, որ աֆրիկյան եւ Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարբեր նահանգներում բազմաթիվ գրասենյակների սեփականատերն է, արդեն երկար ժամանակ մոտիկից հետեւել եւ պաշտպանել է «Զորյան ինստիտուտի» գործունեությունը: «Հաստատությունը արժանի է մեր համեստ նվիրատվությանը», գրել է նա ի պատասխան ինստիտուտի շնորհակալական նամակին: Ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի խոսքերովՙ արդեն 30 տարի գոյություն ունի «Զորյան» հաստատությունը, եւ Սարգսյանների նման մարդկանց խրախուսական արարքների շնորհիվ է, որ իրենք կարողանում են առաջ տանել իրենց առաքելությունը: |