ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Վ. Պ. «Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս», ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը այսպիսի բովանդակությամբ նամակով դիմել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Խոջալուի դեպքերը շահարկելու եւ այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչության մասին դեսպանի նամակը մարտի 8-ին տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Հղում կատարելով «Ադրբեջանա-ամերիկյան դաշինք» կազմակերպության կողմից Նյու Յորք քաղաքի որոշ վայրերում փակցված «Խոջալուի ցեղասպանություն. Մարդկային ողբերգություն Ադրբեջանում. օգնիր ադրբեջանցիներին ու հայերինՙ հասնելու խաղաղության» խորագրով կոմերցիոն գովազդային վահանակներին` դեսպանն իր նամակում նշել է, որ «....քաղաքի, ուր գտնվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու ամենամեծ թվով անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, hասարակական կյանքում այս անթույլատրելի միջամտությունից զատ, խորապես մտահոգիչ են փաստերի աղավաղումն ու էթնիկ նախապաշարմունք պարունակող այսպես կոչված «հասարակությանը տեղեկացնելու» այս քարոզարշավը, որն իրականացնում է Ադրբեջանի կառավարությունն իր PR գործակալի միջոցով»: «Այս սարսափելի նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Ադրբեջանը, ծնում է քսենոֆոբիա եւ ատելություն ու վտանգում ազգերի ձգտումըՙ հաստատելու հարատեւ խաղաղություն` հիմնված ճշմարտության եւ արդարության վրա», նամակով շեշտել է դեսպան Նազարյանը: Ըստ նրա, Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992 թ. Խոջալուի դեպքերի իսկությունը, որոնք, համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների ու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների, ներառյալՙ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար»: Դեսպան Նազարյանի խոսքերով` «...դիմելով նման քայլերի` Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները, խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմականացնելու պատասխանատվությունից: Եվ եթե Ադրբեջանն իրապես ցանկանում է օգնել ադրբեջանցիներին ու հայերին հասնել խաղաղության եւ հակամարտության կարգավորման, «հասարակությանը տեղեկացնելու» այս անհիմն ու սադրիչ քարոզարշավի փոխարեն ջանքերն ու միջոցները պետք է ուղղի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններում կառուցողական մասնակցություն ունենալուն»: |