ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿՎՐԵ՞Պ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Կուսակրոնությունը ժամանակավրե՞պ հասկացություն է, կորցրե՞լ է իր նշանակությունը: Այս հարցը վերջերս առաջնահերթ քննարկման նյութ է դարձել հատկապես Հռոմի կաթոլիկ եկեղեցու շուրջ ծավալված սկանդալների պատճառով: Այդ քննարկումները մղում են մեզ մտածելու, որ ինչ-որ դավադրական արշավանք է առաջ տարվում քայքայելու կամ թուլացնելու համար կաթոլիկ եկեղեցին, որը ինչպես հայտնի է ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական ուժ է միաժամանակ: Մինչ այդ եկեղեցու դերը որպես քաղաքական ուժի գնալով թուլանում է արեւմտյան աշխարհում, մահմեդականները կրոնը դարձնում են տարերային քաղաքական ուժ: Կաթոլիկ եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն իրական են, բայց աղճատումներ կան նաեւ այլ դավանանքներում: Ինչո՞ւ ուրեմն հենց կաթոլիկ եկեղեցու շուրջ են ծավալվում ամենաթեժ քննարկումները զանգվածային լրատվամիջոցներում: Հարցի պատասխանները կարող են Պանդորայի տուփը բացել եւ խճճել մարդկանց դրա պարունակության մեջ: Դա, անշուշտ, չի նշանակում, որ պետք է ներենք այդ եկեղեցուն ծառայող առանձին անդամների անբարո արարքներն ու դրանք թաքցնելու եկեղեցական հաստատությունների ջանքերը: Տեղեկությունների արագ փոխանակման մեր դարաշրջանում այդ սկանդալները ջրի երես են հանել 900-ամյա մի ավանդույթ, որը ոչ միայն կաթոլիկ եկեղեցուն է պատկանում, այլեւ բնորոշ է նաեւ հայկական եկեղեցուն: Եթե հավատը աստվածային ծագում ունի, սեքսն էլ աստվածային ծագում ունի: Երկուսն էլ շնորհված են Աստծո կողմից կամ բնության կողմից, ըստ հավատացյալի նախասիրությունների: Այնպես որ որտե՞ղ պետք է փնտրել անհամատեղելիությունը այդ երկուսի, որոնցից մեկի վրա եկեղեցին տաբու է դրելՙ հակադրելով մյուսին: Զիգմունդ Ֆրեյդի տեսության համաձայն սեռական եռանդը ոչ միայն ծննդաբերության, այլեւ մարդկային բոլոր տեսակի ստեղծագործությունների հիմնական շարժիչ ուժն է: Այնպես որ որեւէ կրոն, որ դեմ է գնում մարդու բնությանը, անուղղակիորեն հակադրվում է նաեւ Նրաՙ Աստծու ստեղծագործական ընդունակություններին: Տվյալ պարագայում, երբ անհատը քահանա է, որին անբնական սահմանափակումների են ենթարկում, բնականաբար նա պետք է անբնականորեն գործի, ինչքան էլ խելացի կամ բանական լինի այդ անձը: «Նյու Յորք Թայմսի» այս տարվա փետրվարի 25-ի համարի «Տեսակետներ» էջում տպագրված Ֆրենկ Բրունիի հոդվածը բացահայտորեն քննադատում էր կուսակրոնությունը: Ահա թե ինչ էր գրել նա. «Կուսակրոնության երդումը, որ եկեղեցին պահանջում է իր ծառայողներից, շատ հաճախ դաժան եւ քայքայիչ բան է: Այն հակադրվում է մարդկային բնությանը եւ չափից ավելին է պահանջում մարդ էակից»: Այնուհետեւ նա բացատրելով հետեւանքները, շարունակել էր. «Կուսակրոնությունը վատ գաղափար է ցավալի հետեւանքներով: Դա ոչ միայն քահանայությունը նվազ գրավիչ է դարձնում, նպաստելով քահանաների թվի պակասին, այլեւ ազդում նրանց վրա, ովքեր ձեռնադրվում են եւ այդ կյանքը վարում: Դա ծուղակ է, որը որոշ մարդկանց կեղծ ապաստան է խոստանում սեռական ցանկություններից, որոնք կարող են անհանգստացնել նրանց: Որոշ մասնագետներ դրանով են բացատրում քահանաների շրջանում միասեռականների անհամեմատ մեծ տոկոսի գոյությունը»: Հազվադեպ է, որ մենք մեզ հարց ենք տալիս, թե ինչու մարդկային սեռական բնազդը պետք է ունենա կրոնական պայմանավորող գործոններ: Գիտության եւ կրթության զարգացումով արեւմտյան երկրներում կրոնի դերը առավել պաշտպանողական է դարձել, եւ մարդկային սեռական բնազդը հասկացվում է որպես բնական երեւույթՙ ձերբազատված խորհրդավորությունից եւ կրոնական պարամետրերից: Դա էլ այն գործոններից մեկն է, որ թուլացնում է կայացած որեւէ կրոնի, այդ թվում նաեւ Հռոմեական կաթոլիկ կրոնի հետքերը: Այդուհանդերձ, ինչքան էլ գիտությունը առաջադիմի, հավատը միշտ գոյություն ունենալու է եւ կազմակերպված, կայացած կրոններն էլ կապիտալի են վերածելու այն, եւ առավելագույն օգուտը քաղելու դրանից: Միշտ էլ գտնվելու են մարդիկ, որոնք օրինակ են բերելու Ալբերտ էյնշտեյնին, պատմության մեծագույն հանճարներից մեկին, որ հաստատում էր Արարչի գոյությունը: Հայոց եկեղեցին միշտ չէ, որ ընդունել է կուսակրոնությունը: Սկզբնական ժամանակատվածները եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները եւ կաթողիկոսները բոլորն էլ ամուսնացած են եղել: Նրանք կալվածներ են ունեցել եւ հետագայում իրենց հարստությունը կտակել են իրենց զավակներին: Բայց հետզհետե կուսակրոնությունը դարձել է զոհաբերության մի ձեւ, որով հոգեւորականները ապացուցել են իրենց բարեպաշտությունը, չնայած կրոնական ոչ մի կանոն դա չի պահանջել: Ինչպես շատ առաքինություններ, այն ընդունվել է որպես զրկանքի գերագույն արտահայտություն, որը հետագայում վերածվել է կեղծ բարեպաշտության կամ ճնշման ընդդեմ մարդկային բնության: Ֆրանսիական մի ասացվածք կա, որ հնչում է մոտավորապես այսպես. «Ճնշիր (կամ հետապնդիր) բնականը եւ նա կվերադառնա սրընթաց վազքով»: Միջնադարում կուսակրոն քահանաները սովորաբար ապրում էին վանքերում, մենաստաններում, որտեղ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կապը կամ շփումը նվազագույնի էր հասցված եւ դրանով ձեռնպահությունը առավել տանելի էր համարվում: Այդ օրերին վանքերը ամայացած վայրերում էին կառուցված, դրա համար էլ հնում վանքերն անապատի հոմանիշ էին դարձել: Մեկուսացման միջոցով իրենց հեռու պահելով սեռական ցանկություններից, վանքաբնակ քահանաները գնալով ձեռք բերեցին այլ սովորություններ: Միասեռականները առանձին հարաբերություններ մշակեցին, մանկապիղծները սկսեցին տանջել իրենց ստորադասներին, իսկ ուրիշներ իրենց վրդովմունքն արտահայտեցին վսեմ ստեղծագործություններ արարելու միջոցով: Գրիգոր Նարեկացու հայրը ամուսնացած քահանա էր, բայց իր երկու որդիներին մենաստան էր ուղարկել կուսակրոն քահանաներ դառնալու: Գրիգոր Նարեկացին բարեպաշտ հոգեւորական էր եւ հանճարեղ միտք: Նա ստեղծեց բազմաթիվ շարականներ, իսկ նրա «Մատեան Ողբերգութեան» պոեմը հայկական պոեզիայի ամենամաքուր արտահայտությունն է: Այդուհանդերձ սրբապղծություն չպետք է համարել դրանում սեռական թաքուն մտքեր որոնելու որոշ մասնագետների գայթակղությունը: Հեթանոսական ժամանակներում հայերն առավել այլասերված էին եւ ավելի մեծ տեղ էին հատկացնում սեռական հարաբերություններին: Քրիստոնեության ընդունումով այդ հարաբերությունները համարվեցին ամոթի խարան: «Ամեն ինչ, որ ուզում էիր իմանալ սեքսի մասին, բայց վախենում էիր հարցնել» վերնագրով իր գովաբանված գրքում ամերիկացի բժիշկ դոկտ. Դեյվիդ Ռուբենը հետաքրքրական մի դրվագ է նշում, որ հեթանոսական Հայաստանում գործադրվել է: Առանց աղբյուրներ նշելու նա գրում է, որ հեթանոսական ժամանակների հայկական մայրիշխանական հասարակությունում ընդունված էր, որ կանայք ուխտավորներին տաճար առաջնորդեն, այնտեղ սրբավայրի համար գումար հայթայթելու նպատակով ժամանակավորապես պոռնկությամբ զբաղվեն եւ ապա վերադառնան իրենց ընտանիքներին վայելելու համար հարազատների հարգանքն ու պատիվը իրենց կատարած ծառայության համար: Գուցե զայրացնող է այս պատմությունը, բայց այնուամենայնիվ ցույց է տալիս սեռական հարաբերությունների էվոլյուցիան հայկական հասարակությունում: Թվում է թե հասկացությունները մեկ ծայրահեղություինց մյուսին են անցել, սեռական ձեռնպահությունը դարձնելով հոգեւորականի կյանքի մի մասնիկը: Կուսակրոնությանը վերջ տալու հարցը շատ անգամ է բարձրաձայնվել, բայց Հայոց եկեղեցին միշտ էլ այնքան տարաբնույթ դժվարություններ է ունեցել հաղթահարելու, որ այդ հարցը ոչ մի անգամ էլ լրջորեն չի առաջադրել կամ քննարկվել: Այսօր, է՛լ ավելի է դժվարացել այդ հարցը առաջ քաշել, որովհետեւ եկեղեցին բաժանված է: Եթե Էջմիածինը առաջ քաշի նման հարց, Անթիլիասը անմիջապես մեղադրելու է Մայր աթոռին Հայ եկեղեցու «սրբազան ավանդույթը» խախտելու մեջ: Անցյալ շաբաթ, նախքան նրա դեմ անհիմն պնդումների հայտնվելը, Մեծ Բրիտանիայի կաթոլիկական եկեղեցու ավագ հոգեւորականՙ կարդինալ Քիթ Օ՛Բրայենը հայտարարեց, որ կաթոլիկ քահանաներին պետք է թույլատրվի ամուսնանալ եւ երեխաներ ունենալ. նա ավելացրեց, որ կուսակրոնության պահանջը «աստվածային բնույթ չունի» եւ պետք է վերանայվի («Հիսուս այդպիսի բան չի ասել»): Ներկա ժամանակներում, երբ հոգեւորականնեըր ապրում են եւ եկեղեցուն ծառայում «անապատից» հեռու, քաղաքային հասարակություններում, կուսակրոնությունը դարձել է անտեղի, ժամանակավրեպ: Քիչ թվով հոգեւորականներ ի վիճակի են պահել կուսակրոնության իրենց երդումը: Շատերը ծաղրի են վերածել այն, մինչ ծխականները հանդուրժում են այդ բոլորը եւ աչք փակում: Հայ հոգեւորականներից ոչ բոլորն են կուսակրոնության երդում տալիս: Ամուսնացած եւ կուսակրոն (աբեղա, վարդապետ, եպիսկոպոս եւ ավելի բարձրաստիճան հոգեւարական) քահանաներ հավասարապես ծառայում են եկեղեցուն, բայց ունեն առաջ գնալու տարբեր հնարավորություններ: Ամուսնացածները չեն կարող եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների կամ կաթողիկոսների շարքերը լրացնել: Հայոց եկեղեցվո պատմության եւ կանոնների անկրկնելի հեղինակություն հանդիսացող Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը գրում է, որ այդ խստագույն սահմանափակումը օրենքի ուժ է ստացել, սակայն կանոնական ոչ մի հիմնավորում չունի: Նա չի պնդում, որ կուսակրոնությունը պետք է վերանա, բայց հորդորում է, որ կրթված, ամուսնացած քահանաները պետք է օգտվեն կուսակրոններին տրված միեւնույն հնարավորություններից: Սա իր հերթին, անշուշտ, նշանակում է կուսակրոնության վերացում: Նա շարունակում է ասելով, որ ամուսնացած հոգեւորականներին նման հնարավորություն տալով մենք կազատենք նրանց թերագնահատված զգալուց եւ դա իր բարենպաստ ազդեցությունը կթողնի ազգի վրա: Նա եզրակացնում է իր խոսքն այդ թեմայի շուրջ գրելով, որ հին կանոններին վերադարձը գուցե արմատախիլ կանի չարիքը: Պարզվում է, որ հին կանոններն առավել արդիական էին եւ դրանց վերադառնալն այսօր եկեղեցուն կազատեր ժամանակավրեպ լինելուց: Հայոց եկեղեցին անտարակույս կարիք ունի բարեփոխումների, որպեսզի կարողանա դիմակայել արդի աշխարհի մարտահրավերներին եւ քայլ պահել հասարակության նոր պահանջների հետ: Կուսակրոնությունը խոչընդոտ է հանդիսանում այդ բարեփոխումների ճանապարհին: Ժամանակը եկել է առաջ շարժվելու եւ զերծ մնալու կաթոլիկ եկեղեցին ցնցող սպառնալիքներից: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ. |