ՄԻՊ-Ը ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հ. Հ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեությունում բազմաթիվ թերություններ է արձանագրել: ՄԻՊ-ում մտահոգիչ են համարում փաստը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: «Առավել մտահոգիչ է, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը օգտագործել է պաշտոնական դիրքն, ու իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միեւնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ: ՊԵԿ-ը չի կարողացել հստակ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ: Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ նախորդ տարի գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը: Այս եւ մի շարք այլ թերացումներին զուգահեռ ՄԻՊ-ը արձանագրում է նաեւ դրական առաջընթաց: Մասնավորապես հարկային օրենսդրության փոփոխություններով պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հարկային հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը եւ վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաեւ բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը: Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներՙ հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով: |