RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-12 22:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2253, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՆԻՆՈ ԿԱՏԱՄԱՁԵ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ ՀԵՆՑ ԳՈՒՅՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս Յանս երաժշտական սրահում տեղի ունեցավ վրաց հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեի համերգը, ինչպես նաեւ «Green» ալբոմի շնորհանդեսը: Համերգի ընթացքում մեծամասամբ հնչեցին հենց այդ ձայնասկավառակի երգերը` Uncle Klaus, Until, Vahagn, Gammai, English, If I Could, Les Oiseaux, Hello John, Dream: Ի դեպ, երգերից մեկը նվիրված է ջազմեն Վահագն Հայրապետյանին եւ այն հենց այդպես էլ կոչվում է` Վահագն:

Արդեն չորրորդ անգամ է, որ Նինո Կատամաձեն համերգային ծրագրով է հանդես գալիս Հայաստանում:

Համերգը, որը տեղի ունեցավ օրերս, հիանալի անցավ եւ Նինո Կատամաձեն` «Insight» խմբի հետ, ամեն ինչ անում էր անմոռանալի շոու-ծրագիր մատուցելու համար: Հանդիսատեսը զգաց տարվա չորս եղանակները, որը Նինոն մատուցում էր մեծ վարպետությամբ: Ամբողջ էներգետիկ ուժը, որը Ն. Կատամաձեն փոխանցում էր հանդիսականին, ցավոք, իր տվածի տասը տոկոսը հազիվ էր հետ ստանում: Սրահում գտնվող հանդիսատեսի մեծամասնությունը կարծես թե եկել էր ուղղակի «հաց ուտելու» եւ ոչ թե բարձրաճաշակ երաժշտություն վայելելու: Ավելի ճիշտ եկել էին, որ հետո մտերիմներին ասենՙ «գիտեք, մենք Նինո Կատամաձեի համերգին ենք ներկա գտնվել»:

Սակայն սա միանշանակ չենք կարող ասել, քանի որ դահլիճում կային նաեւ մարդիկ, որոնք ուղղակի վայելում էին մատուցվող երաժշտության ամեն մի նոտան: Ցավով պետք է փաստեմ, որ նման երաժշտությունը սիրողն ու գնահատողն այժմ ֆինանսական հնարավորություն չունի նման համերգների ներկա գտնվելու, քանի որ տոմսերն այդքան էլ մատչելի չեն: Անտեսելով այդ ամենը, նշենք, որ համերգի ընթացքում հնչեցին նաեւ իմպրովիզացիաներ: Նինո Կատամաձեն դահլիճում նկատելով շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանին, հրավիրեց բեմ եւ միասին մի քանի ստեղծագործություն կատարեցին, որից հետո երաժիշտներին միացան ջազմեն Վազգեն Ասատրյանը եւ «Դորիանս» խմբի դաշնակահար Արման Փահլեւանյանը:

Երգչուհին հանդիպեց նաեւ լրագրողների հետ: Ներկայացնելով իր հայաստանյան տպավորությունները, նա ասաց. «Երեւանն ինձ համար առաջին հերթին իմ ընկերներն են, քանի որ հիմնականում չեմ հասցնում շրջել քաղաքով, սակայն միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան»:

Վրաց երգչուհին շուրջ 10 ֆիլմի սաունդթրեքներ է կատարել: Նինո Կատամաձեն ոչ միայն իր ձայնով է առանձնանում, այլ նաեւ ձայնասկավառակների խորագրերով` White-2006 (սպիտակ), Black-2006 (սեւ), Blue-2008 (կապույտ), Red-2010 (կարմիր), Green-2011 (կանաչ): Ինչպես երգչուհին ասաց, երբ վերջանան գույները, ապա իր ձայնասկավառակները կսկսի անվանել` կրակ, քամի եւ այլն: Թե ինչով է բացատրվում դա, երգչուհին ասաց. «Երաժշտությունը ես պատկերացնում եմ հենց գույների միջոցով: Ինձ ասոցացնում եմ սպիտակ գույնի հետ, իսկ բնության երեւույթներից` ուշ աշնան քամու»:

Վրաց երգչուհու համար շատ կարեւոր է լինել լավ երաժիշտների շրջապատում, ինչպես նաեւ տեխնիկական հնարավորություններով հարուստ սրահներում: Անդրադառնալով ակումբային համերգներին, Ն. Կատամաձեն ասաց. «Ակումբային տարբերակով համերգների էներգետիկան այլ է: Այդտեղ հանդիսատեսի հետ շփումն ավելի մտերմիկ է ստացվում: Օրինակ, հայաստանյան համերգի ժամանակ վազվզում էի, շփվում հանդիսատեսի հետ: Նման հնարավորություն միայն ակումբներն են տալիս»:

Արդյոք ինչը կստիպեր երգչուհուն թողնել ամեն ինչ եւ տեղափոխվել Երեւան հարցին ի պատասխան Ն. Կատամաձեն ասաց. «Ամուսնությունը հայի հետ, սակայն արդեն ուշ է, որովհետեւ ես արդեն ամուսնացել եմ (ծիծաղում է)»:

Երգչուհու կյանքը փոխել է իր փոքրիկ տղան` դարձնելով լիարժեք. «Մայրանալը հրաշալի զգացողություն է եւ փոխել է իմ կյանքը: Երբ 5 օրից ավել տղայիցս հեռու եմ լինում, լացում եմ եւ բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ կապ հաստատել»,- եւ ավելացրեց. « Տղաս այլ մարդ է, խոսում է այլ բառերով, ներսում նա երաժիշտ է: Երեխան լավագույն բանն է, որ կարող է լինել մարդու կյանքում»:

Երգչուհին ընդգծում է. «Միշտ շնորհակալ պետք է լինել, որ բեմի վրա ես եւ հնարավորություն ունես զբաղվել սիրած գործով»:

Ն. Կատամաձեն «Insight» խմբի հետ աշխատում է 1999 թ.-ից, եւ ինչպես ասաց, խմբի անդամներն արդեն շատ լավ են ճանաչում իրար, եւ չեն կասկածում միմյանց հավատարմության վրա:

Նշենք, որ ջազային հանրահայտ երգչուհին ծնվել է 1972 թվականին` Վրաստանի Քոբուլեթի քաղաքում, եւ բեմում է չորս տարեկանից ի վեր:1990 թվականին ընդունվել է Բաթումի երաժշտական ինստիտուտ, իսկ 1994 թվականին երգչուհին հիմնել է հատուկ հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված են հաշմանդամ եւ սոցիալապես անապահով արտիստների աջակցությանը:

Կատամաձեն խմբի հետ համատեղ թողարկել է շուրջ 7 ձայնասկավառակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ