ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովում Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում: ՀԱՕԿ-ի փոխնախագահներ են ընտրվել ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Գագիկ Ծառուկյանը 2004-ի Աթենքի օլիմպիադայից հետո էր ստանձնել ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնըՙ փոխարինելով Իշխան Զաքարյանին: Նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի մարզիկները Պեկինի եւ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում 9 մեդալ են նվաճել: Հաշվետու ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանն անձնական միջոցներից ընդհանուր առմամբ 1 մլրդ 234 մլն 260 հազար դրամ է ներդրել հայկական սպորտում, աչքի ընկած մարզիկներին պարգեւատրել է բնակարաններով, ավտոմեքենաներով եւ թանկարժեք այլ նվերներով: |