ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՔՅԱՄԱԼՅԱ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ես համակ ուշադրությամբ կարդացի Բահրամ Բաթիեւի հոդվածը քո մասին (http://www.vesti.az/news/150561): Եվ այդպես էլ չհասկացա` ի՞նչն է ստիպել, որ 1991-ի աշնանը դու կամավորագրվես Ադրբեջանում ստեղծվող «ինքնապաշտպանության» ուժերին: Ձեւակերպումը, որ «քո անունից» արել է լրագրողը, համոզիչ չէ: Քանի որ ոչ թե «Հայաստանն էր ուզում Ադրբեջանից մասնատել Լեռնային Ղարաբաղը», այլ Ադրբեջանն էր ձգտում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանել: Հիշիր, խոսքը 1991-ի աշնան մասին է: Դու, ուրեմն, կամավորագրվել ես մի «բանակի», որի բուն նպատակը հայերի բռնատեղահանությունն էր կամ նրանց ֆիզիկական ոչնչացումը: Ընդ որում, դու ասում ես, որ կամավորագրվելու ցանկություն ունեցել ես դեռեւս 1988-ին: Այսինքն, այն պահին, երբ ԼՂ հայ բնակչությունը բարձրաձայնել է իր ոտնահարված իրավունքների մասին, դու, լինելով Բաքվի դպրոցներից մեկի աշակերտուհի, արդեն մտածել ես, որ հարկ է ստեղծել «կամավորական բանակ», զենք վերցնել, գնալ եւ հայերին «մի լավ դաս տալ»: Ուրախ եմ, որ եղել ես ռազմաճակատում: Սկզբում` Յաղուբ Ռզաեւի ջոկատում խոհարար, հետո քեզ զենք են վստահել: Մասնակցել ես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրոհին: Այն էլ` երկու անգամ` եւ 1992-ին, եւ 93-ին: Հատկապես ուրախ եմ, որ երկու անգամ էլ քեզ բախտ է վիճակվել մարտադաշտից դուրս բերել ադրբեջանցի զոհվածների դիակները: Իսկ ի՞նչ էիր կարծում, Քյամալյա, ԼՂ-ում քեզ պիտի ծաղիկներո՞վ դիմավորեին: Ոչ, թեեւ դու կին ես, բայց` «պատերազմում` ինչպես պատերազմում»: Եթե դու զենքով էիր եկել Լեռնային Ղարաբաղի դեմ, քնքշության չպիտի սպասեիր: Եվ արժանին էլ ստացել ես: Ինձ պարզապես զարմացնում է քո «ռազմաճակատային հուշը», որ թվագրել ես 1994-ի «աշնան մարտական գործողություններով»: Երբ ստում են ադրբեջանցի տղամարդիկ, նրանց դեռ հասկանալ կարելի է, քանի որ չեն ուզում կուլ տված լինել պարտության իրական դառնությունը, գերադասում են ինքնաբավարարվել «հերոսությունների մասին քաղցր հուշերով»: Բայց չէ՞ որ 1994-ի աշնանը ոչ քո նշած, ոչ այլ ուղղությամբ մարտական գործողություններ չէին կարող ընթանալ: Քանի որ նույն տարվա մայիսին արդեն կնքված էր զինադադարի համաձայնագիրը: Դու ասում ես, որ «Ղարաբաղյան առաջին պատերազմում» Ադրբեջանը պարտվել է, որովհետեւ «հայերը գաղտնի պատրաստվում էին, իսկ այդ նույն ժամանակ Ադրբեջանում խոսում էին ժողովուրդների բարեկամությունից»: Երեւի Սումգայիթի դեպքերը նկատի ունես, չէ՞, Քյամալյա: Կամ` Բաքվի: Կամ` թե ինչպես 1987-ի աշնանը Շամքորի շրջկոմի առաջին քարտուղար Մահոմեդ Ասադովը բուլդոզերներով ավերում էր Չարդախլու հայկական գյուղը: Ես «ժողովուրդների բարեկամության» ավելի ցայտուն դրսեւորումներ Ադրբեջանում չեմ հիշում: Իսկ ես տարիքով քեզնից ավագ եմ: Քո մասին նյութը հրապարակվել է մարտի 8-ին: Ու թեեւ դու զենքով ես եկել իմ երեխաների դեմ, եւ որքան էլ ուշացած, ուզում եմ շնորհավորել քեզ տոնի` կանանց միջազգային օրվա առթիվ: Նյութից այդպես էլ չհասկացա` ընտանիք կազմելու, երեխա ծնելու երջանկություն քեզ տրվե՞լ է, թե՞ զինվորականի համազգեստն է եղել կյանքիդ իմաստը: Խորհուրդ եմ տալիս անկեղծորեն նայել քո անցած ճանապարհին: Այնժամ դու կհասկանաս, որ անիմաստ ես ապրել: Բայց ոչինչ, ամեն ինչ դեռ առջեւում է: Քեզ ամենաբարին եմ մաղթում: Գլխավորը` որ ունենաս հետաքրքրություններդ եւ ցանկություններդ Բաքվում բավարարելու հնարավորություն: |