RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1476, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅԻ, ԻՐԱՔԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԿԱՋԱԿՑԻ՞ ԻՍՐԱՅԵԼԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թե՞ կմիանա Իսրայել-ԱՄՆ դաշինքին

Մարտի 22-ին վարչապետ Բենիամին Նաթանյահուն, տեղի տալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորներին, հեռաձայնել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ ներողություն խնդրի «Մավի Մարմարա» նավի տախտակամածում սպանված 9 թուրքի համար:

Որքան էլ այդ «ներողությունը» 3 տարի ուշացած լինի, այդուամենայնիվ անսպասելի էր: Մանավանդ որ թուրքական մամուլը Նաթանյահու-Էրդողան հեռախոսազրույցը ներկայացնում էր «Իսրայելը ներողություն խնդրեց» ձեւակերպմամբ, թուրքական կառավարությունը դա դիտում էր որպես «Իսրայելի նկատմամբ դիվանագիտական հաղթանակ, որի արդյունքում իսրայելական կողմը բավարարել է Թուրքիայի բոլոր պահանջները», իսկ վարչապետ Էրդողանն էլ, ինչպես odatv.com-ն էր նշել, առանձին ելույթներում ասում էր. «Իսրայելին ծնկի ենք բերել թուրք ազգի առջեւ, ապահովել ենք ապրանքների ազատ մուտքը Գազայի հատված»:

Մարտի 23-ինՙ հեռախոսազրույցի հաջորդ օրը, Էրդողանը, պատասխանելով դրա առնչությամբ թուրքական հանրային հեռուստատեսության հարցերին, մոտավորապես նույն խոսքերն էր ասել. «Մեր եղբայրներից 9-ին նահատակեցին: Սակայն դա չենք հանդուրժել, ոչ էլ թույլ ենք տվել, որ հարձակումը կոծկվի: Պահանջել ենք ներողություն եւ փոխհատուցում: Պահանջել ենք, որ վերանայվի Պաղեստինի շրջափակումը: Եվ ոչ մի հետքայլ չենք կատարել, քանի դեռ չեն բավարարել մեր արդարացի պահանջները: Երեկ Իսրայելի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում ներողության խնդրանքով մեզ դիմեց, եւ մենք էլ թուրք ժողովրդի անունից ընդունեցինք ներողությունը: Փոխհատուցման մեր պահանջն ընդունվել է, եւ խոստացան մեզ վերացնել շրջափակումը (Պաղեստինի): Ալլահի օգնությամբ արդարությունը վերականգնվեց»:

Չնայած Էրդողանի հավաստիացումներին, Պաղեստինի շրջափակումը շարունակում է մնալ ուժի մեջ: Հետեւաբար ընդամենը ցանկատեսություն են ապրանքների մուտքը Գազա ապահովելու մասին Էրդողանի խոսքերը: Գուցե այս խոսքերին ոմանք կհավատան Թուրքիայում, բայց ոչ Պաղեստինում ու Գազայում, ոչ էլ պաղեստինցիներն ու «Համասը»:

Իսրայելը չի կատարել նաեւ Թուրքիայի այսպես կոչված արդարացի պահանջները: Ինչ վերաբերում է ներողությանը, ապա դա էլ բանավոր է: Ոչ թե Իսրայելն է պաշտոնապես խնդրել Թուրքիայից, այլՙ Նաթանյահուն թուրք ժողովրդից: Ընդ որում ոչ թե «Մավի Մարմարա» նավի տախտակամածում 9 թուրքի սպանությանը հանգեցրած իսրայելական հատուկ ջոկատի օպերատիվ գործողության, այլՙ գործողության ընթացքում հատուկջոկատայինների թույլ տված սխալների համար:

Դրանում համոզվելու համար վերհիշենք Թուրքիայի դեռեւս 2010-ին ներկայացված պահանջներն ու դրանք համեմատենք Էրդողանի հետ հեռախոսազրույցի առնչությամբ վարչապետ Նաթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության ձեւակերպումների հետ:

«Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ Էրդողանի կառավարության ներկայացրած պահանջներին համապատասխան ենթադրվում էր.

1. Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից,

2. սպանվածների ընտանիքներին հատկացնելու համար փոխհատուցում վճարի Թուրքիային,

3. վերացնի Գազայի շրջափակումը:

Թուրքական պահանջներին ի պատասխան, Իսրայելը, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ցավ է հայտնել ոչ միտումնավոր հարձակման հետեւանքով առաջացած մարդկային կորուստների համար, միաժամանակ հետաքննության ընթացքում պարզել է, որ իրականացված հատուկ գործողությունն ունեցել է մի շարք սխալներ, որոնց պատճառած զոհերի համար Նաթանյահուն ներողություն է խնդրել թուրք ժողովրդից:

Այլ կերպ, Իսրայելը նույնիսկ չի զղջում «Մավի Մարմարայի» վրա ձեռնարկված հարձակման համար, իսկ վարչապետ Նաթանյահուն ընդամենը բանավոր ներողություն է խնդրում, որ հատուկջոկատայինները մի շարք թերացումներով են իրականացրել այդ գործողությունը: Ակնհայտ է, որ Էրդողանի պահաջներից ոչ մեկը չի կատարվել: Թերեւս այդ առումով հատկանշական են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ եւ նախկին դեսպան Օսման Քորութուրքի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին մարտի 25-ին հասցեագրած հարցումները:

Բանավոր անբովանդակ այդ ներողությամբ վարչապետ Նաթանյահուն, պարզապես վերականգնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, ընդլայնել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայելու Իսրայելի հնարավորությունները: Ի դեպ այդ հանգամանքը մարտի 23-ին հաղորդագրությամբ նշել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, չի թաքցնում նաեւ իսրայելական կողմը:

Կնշանակի, ընդունելով վարչապետ Նաթանյահուի բանավոր ներողությունը, վարչապետ Էրդողանը, Իսրայելին ընդառաջելիս, միաժամանակ ընդառաջել է թուրք-իսրայելական հարաբերություններով շահագրգիռ Մ. Նահանգներին: Հավանաբար ամերիկացիներն էլ փոխարենը թուրքերին կնվիրեն խոստացած երկու ռազմանավը, իսկ ավելի քան 4 ամիս Սպիտակ տանը Օբամայի հետ հանդիպման սպասող Էրդողանը վերջապես կստանա ցանկալի հրավերը Վաշինգտոնից:

Խնդիրը, սակայն, սոսկ երկու ռազմանավը չէ, ոչ Թուրքիայի վարչապետի Վաշինգտոն այցելելու խնդրանքի բավարարումը, ոչ էլ մարտի 1-ին Վիեննայում սիոնիզմը ֆաշիզմի հետ նույնացնելու Էրդողանի հայտարարությունը, որի պատճառով նվիրատվությունից զատ կասեցվել էր նաեւ վերջինի հրավերը, այլՙ տարածաշրջանի մարտահրավերներին դիմակայելու Իսրայելի հնարավորությունների ընդլայնումը:

Բացառված չէ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ներողության դիմաց, որքան էլ դա լինի բանավոր ու անբովանդակ, Թուրքիան ստանձնի Սիրիայի, Իրաքի եւ Իրանի դեմ ռազմական գործողություններում Իսրայելին աջակցելու, տարածաշրջանում համատեղ գործելու նկատառումով Իսրայել-ԱՄՆ դաշինքին միանալու պարտավորություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ