RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



ՆԵՐՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2606, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ» ՊԵՏՔ Է ՔԱՆԴՎԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարդու իրավունքների եւ արդարության պաշտպան, բազմաթիվ գրքերի եւ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն Երեւանում էր` մասնակցելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակից առաջ» խորագրով գիտաժողովին: «Ազգ»-ի հետ հանդիպումն էլ գիտաժողովի շրջանակներում էր: Խոսելով այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու ընդունման եւ թուրքական իշխանության վերաբերմունքի մասինՙ թուրք ցեղասպանագետը փաստեց, որ երկրում որեւէ փոփոխություն չկա, եւ ցեղասպանության հարցը շարունակում է մնալ խնդրահարույց:

«Շատ քիչ համարձակ հրատարակիչների ջանքերով Թուրքիայում այսօր հրատարակվում են գրքեր Հայոց ցեղասպանության մասին, սակայն դա բավարար չէ: Թուրքիայում շարունակվում է իրավաբանական պատերազմը: Սակայն այս պայքարի մեջ պետք չէ ընկճվել, քանի որ մենք հիմքեր ունենք միջազգային եւ ազգային իրավաբանական տեսակետից: Թուրքիան 1940-ին ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին ընդունողներից է: Միգուցե կոնվենցիան ընդունելու ժամանակ Թուրքիայում ոչ ոք չէ՞ր հիշում Հայոց ցեղասպանության մասին, եւ, համաձայն ազգային մի շարք օրենքների, Թուրքիայում ցեղասպանությունը համարվում է հանցագործություն, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի ազգային ապահովության քաղաքականության կարեւոր մասնիկն է եւ ժխտողականության քաղաքականության աշխատանքները կոորդինացնում է ստեղծված բարձրաստիճան կոմիտեն: Այդ կոմիտեն ստեղծվել է 2001-ին, այսօր պասիվ վիճակում է, բայց գոյություն ունի: Թուրքիայում մի ամբողջ ինստիտուտ կա, որ մերժում է ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիայում համարվում է դավաճանություն ազգի եւ պետության նկատմամբ: Պատկերացրեքՙ որեւէ համալսարանի պրոֆեսոր կամ դասախոս հանդգնի այս պայմաններում աշխատել կամ կարծիք հայտնել: Դա գրեթե անհնար է, միայն համարձակներն են հանդգնում արտահայտվել: Սա խանգարում է խոսքի ազատությանը: Ես կարծում եմ, որ պայքարի առաջին արդյունքն այս կոմիտեի վերացումն է», ասում է Զարաքոլուն` նշելով, որ Ստամբուլի համալսարաններից մեկը մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 22 աշխատանք է հրատարակել, եւ դրանցից միայն երկուսը ժխտողական չէին: «Սա ընդամենը մեկ համալսարանի վիճակագրությունն է, իսկ Թուրքիայում նման հեղինակավոր համալսարանները շատ են»:

Զարաքոլուն շեշտում է, որ թուրքական համալսարանները չեն մասնագիտանում Հայոց ցեղասպանության հարցով: «Այդ երկարամյա ժխտման հետեւանքով այսօր թուրքական համալսարաններում ունենք մի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մերժումը վերածվեց ընդհանրապես «ցեղասպանություն» գաղափարը կամ հանցանքը մերժելուն: Թուրքական համալսարաններում ցեղապանությունների ուսումնասիրման որեւէ կառույց չկա: Թուրքական համալսարաններում հայկական լեզվի եւ մշակույթի հետ կապված լուրջ աշխատանքներ չեն տարվում: 1980-ի հեղաշրջումից հետո Հայոց ցեղասպանության ուրացումը վերածվեց հայության ուրացման, եւ պատմության ցավալի էջերը ջնջվեցին: Այս ֆոնին, մենք, որպես թուրք մտավորականներ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին լուրջ պարտավորություններ ունենք քանդելու այդ «լռության պատը»»:

Զարաքոլուն շեշտում է, որ հակառակ թուրքական կողմի ժխտողական քաղաքականությանը, հատկապես տարիքով թուրքերը տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին` լսել են, կարդացել, իսկ երիտասարդությունն այս հարցից շատ է ազդվում, նեղվում: «Կարծում եմ` քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների ուսին շատ մեծ բեռ է ընկած, նրանք լուրջ գործ ունեն կատարելու այս ուղղությամբ: Ես նաեւ կարող եմ փաստել, որ մտավորական խավի մեջ արթնացում կա, գաղափարների ու մտքի հասունացում, եւ դա շատ կարեւոր է, քանի որ մտավորական խավը պետք է հասարակության մեջ դիրքորոշումներ մտցնի ու կարծիքներ փոխի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ