«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը Երեւանում մայիսի 6-10 խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացներ կանցկացնի: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կհաղորդի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին եւ ռեժիսորներին հետաքրքրական սցենարներ ստեղծելու եւ համաշխարհային կինոշուկայում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով: Սցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա),Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) եւ INTERNEWS (Հայաստան) կողմից: Սեմինարը բաղկացած է լինելու դասախոսություններից, օրինակների ուսումնասիրություններից, խմբային աշխատանքից եւ անհատական հանդիպումներից: Աշխատաժողովի առաջնային նպատակն է ներգրավել սկսնակ սցենարիստների: Դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մարտի 22-ից մինչեւ ապրիլի 1-ը: |