ՈՉԽԱՐՆԵՐԻ ՈՉ ՌԵՎԱԶԱՅԻՆ ԹՆՋՈՒԿԸ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Երեւան Հայաստանյան որոշ արոտավայրերի եւ իրանական մանր եղջյուրավոր անասնատեսակների մի մասի համատեղման հայ պաշտոնյաների եւ իրանցի գործարարների միջեւ վերջին շրջանում ծավալված գործընթացներն անգամ ներքաղաքական զարգացումների ֆոնին հաճախ քննարկվող հարցերից են. ինչո՞ւ ծագեց հանրային առումով գրեթե անհեթեթ այս խնդիրը: Տողերիս հեղինակի կարծիքովՙ պատասխանը տեղավորվում է մերոնց անկարողությունից ու անզորությունից մինչեւ անփութության ու անհոգության սահմաններում: Չկարողանալով հիմնականում երբեմնի քոչվոր կենցաղ ունեցողներին հատուկ այս ոլորտում հայաստանյան հանրությանն անհրաժեշտ արդյունք ստեղծել, հայ պաշտոնյաների մերօրյա ներկայացուցիչներն առաջնորդվել են այլոց օգնության ձեռք մեկնելու վեհ զգացումներով, բոլորովին հաշվի չառնելով, որ այդ այլք հիմնականում նրանք են, որոնց արյունակիցներն իրենցն են համարում ոչ միայն մինչեւ իրանական սահման ձգվող արցախյան տարածքները, այլեւ բուն Հայաստանի զգալի մասը, եթե չասենք ողջ Հայաստանի Հանրապետությունը: Ինչո՞ւ ենք այսչափ կտրուկ եւ, թող ներվի ոմանց պարագայում, ասենք, կարճատես ու անհեռատես: Բացեք որեւէ պաշտոնական տեղեկագիրք, եւ պարզ կդառնա, որ, ասենք, հարեւան երկրի պարագայում 80 մլն բնակչության հաշվով 80 մլն մանր եղջյուրավոր է պահվում, երբ ՀՀ-ում թվերը համապատասխանաբար մոտ 3 մլն եւ 0,5 մլն են: Մենք նույնպես հաճույքով ոչխարի մսի խորոված ու խաշլամա կվայելենք, եթե դրա հնարավորությունը մեր պարենային խնդիրը լուծելու կոչված պետական այրերն ապահովեն: Ցավոք, նրանք դա չեն անում, թեեւ կոչված են, մեր մարդկանց վճարած հարկերից զգալի աշխատավարձեր են ստանում, լուսավոր ու տաքուկ աշխատասենյակներ ունեն, քարտուղարուհիներ ու օգնականներ, արտասահմանյան շքեղ ավտոմեքենաներից են օգտվում, գրանտներ են վայելում, արտերկրներից հարյուրմիլիոնավոր դրամների աջակցություններ են ստանում, իրենք են հաճախակի արտասահմանյան մասնագիտական եւ այլեւայլ ուղեւորությունների մեկնում: Կարծես ՀՀ համեստ բյուջեից մեր պարենային հարցի լուծման հնարավոր առավելագույն պայմաններն ստեղծված են, հարկավոր է արդյունք երաշխավորել, հայրենական արտադրության մթերքներով շուկան ապահովել, այդկերպ ապացուցել, որ հայ հանրության սպասելիքներն իրականացվում են, մարդիկ թող արտագաղթելու մասին չմտածեն, այլ մեկնածներին հետ կանչեն... փոխարենը հրավերք է նախաձեռնվում, անվարան կարելի է պնդել, հարեւան երկրի հիմնականում ազերիներով բնակեցված հատվածի հետ: Ի՞նչ հիմնավորումով ու փաստարկումով. միայն այն, որ վարձակալած 1 հա-ի հաշվով 25 դոլար են խոստանում, դա ոչ միայն արոտավայրերին հասցված վնասը չի հատուցի, այլեւ պարտադրված կլինենք օր ու գիշեր տեսադաշտում պահել եկվորներին, քանզի նրանց ցեղակիցներից բանական ոչինչ չենք տեսնում ու լսում: Գուցե տարօրինակ մտորումներից ձերբազատվենք եւ փորձենք հարցին տնտեսվարական առումով նայել: Թեեւ նշեցինք ոչխարի մսից խորովածի ու խաշլամայի հաճույքը վայելելու մասին, այսուհանդերձ հարկ է նկատել, որ հայաստանցիներս մանր եղջյուրավորի մսատեսակների օգտագործման հարցում այլ նախապատվություններ գրեթե չունենք, եթե առանձին բացառությունները նկատի չառնենք: Այստեղ առանձնանում է այս մսատեսակի վերջին տարիների գինը, որը անհասանելի է առնվազն 2,5 մլն հայաստանցիներին, մեր բնակչության բացարձակ մեծամասնությանը: Թերեւս վիճակն այլ լիներ, եթե ոլորտի պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նվազագույնը լուծեր իր կողմից իր իսկ առջեւ դրված խնդիրը, որն էՙ 2004 թ. ՀՀ կառավարության հաստատած գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունում 2010 թ. համար ամրագրած 1,1 մլն մանր եղջյուրավոր ունենալը, երբ 2013-ի հունվարի 1-ի դրությամբ այս թվի կեսն էլ չկա, այնինչ գլխաքանակն արդեն 1,3 մլն պետք է լիներ, քանզի վերջնաժամկետ 2015-ի համար նշված է 1,5 մլն գլուխ մանր եղջյուրավոր: Եվ ոչ մեկի պետքն էլ չէ, ոչ մեկից այս ձախողման համար պատասխան չի պահանջվում: Կամ բարի եղեք հայտարարել, որ նախկին նախարարներն անիրագործելի կանխատեսումներ են արել, աշխատակազմին այս թվերն են պարտադրել, կամ ցույց տվեք վերջին տարիների ձեր հետեւողական աշխատանքի դրական արդյունքները: Անասնապահության որոշ թվերում անգամ 2003 թ.-ի ցուցանիշներն են նվազել, որը ոչ մի հիմնավոր բացատրություն չունի: Այլ երկրներում նման գործընթացը ներկայացվում է գերարտադրությունը կանխելու հիմնավորումով, որպիսի վիճակ ՀՀ-ում գոյություն չունի. Հայաստանը զգալի ծավալներով միս-մսամթերք ներմուծող երկիր է, երբ նրա 340 000 գյուղացիական տնտեսություններն անգործության են մատնված, զգալի մասն էլ նպաստառուի կարգավիճակում է: ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության խնդիրներն ահագնանում են, իսկ բարեփոխելու եւ բարելավելու կոչված բարձրագույն պաշտոնյաները դրանք չտեսնելու են տալիս. սա է մերօրյա իրողությունը, որը շարունակական բնույթ է ստանում: Եվՙ մինչեւ ե՞րբ եւ մինչեւ ո՞ւր հարցը հնչում է ինքնաբերաբար: |