RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2432, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՆԱՄԱԿ-ՆԱՄԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ուրբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկներ էր ուղղել նախագահ Սարգսյանին, որտեղ, փաստորեն, համարելով, որ արտահերթ նախագահական ընտրությունների իր առաջարկը հազիվ թե հնարավոր դառնա, ակնարկել էր, թե Սերժ Սարգսյանի դե ֆակտո նախագահությունը կարող է ընդունել, եթե ընդունելի լինեն իր մյուս առաջարկները (ավելի շուտ այս մասին ասել էր առաջարկների ծրարը Ազատության հրապարակում ներկայացնելիս): Նա առաջարկում էր սահմանադրական փոփոխություններից եւ համամասնական կարգի անցնելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մի շարք ոլորտների ղեկավարների եւ 5 մարզպետի նշանակում` իր ներկայացրած կադրերով: Մինչ քաղաքական ուժերը, իրենց ուղղվածությանն ու շահին համապատասխան, քննարկում էին այս առաջարկները տրամագծորեն տարբեր տեսակետներից, մինչ մի շարք ՀՀԿ-ականներ անլուրջ էին համարում Հովհաննիսյանի առաջարկները եւ կարծիք հայտնում, որ նախագահ Սարգսյանը հազիվ թե պատասխանի այդ անլուրջ առաջարկներին ու փաստորեն հերթական անգամ սխալվում էին, Սերժ Սարգսյանը երեկ պատասխանեց Ր. Հովհաննիսյանին: Տողատակերը նկատելու համար նախագահի պատասխան նամակը ներկայացնենք ամբողջությամբ. «Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզՙ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատելՙ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»:

Եթե նկատեցիք` Րաֆֆու առաջարկների մի մասը կարող է եւ քննարկելի դառնալ նախագահի համար, «վերահսկողական գործառույթների ստանձնման» մասով, օրինակ, բացի դրանիցՙ այլ առաջարկ կաՙ «պատկերացումների ընդհանրությունների վրա հիմնվելով աշխատել», իսկ որ ավելի կարեւոր է` նամակի տոնը թույլ է տալիս հուսալ, որ Րաֆֆին միգուցե կդադարեցնի հացադուլը, քանի որ, իսկապես, չէինք ուզենա նրա առողջությունը վտանգված տեսնել: Իսկ նախագահի ասած` թուղթուգրիչով աշխատելու հիմք ընդունելով Րաֆֆու` «այս պահին թեկուզեւ հում շարադրանքը» ձեւակերպումը ցույց է տալիս, որ, բանակցելու կամ երկխոսելու դռները բաց են, ու սա լավ է:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի քաղաքացիական ֆորումում նշեց, թե նամակին պատասխանելու է այսօր, կրկին նամակով, իսկ չորեքշաբթի էլ ասուլիս կտա:

Հիմա այս էպիստոլյար ժանրի մեջ տուրեւառը կարո՞ղ է նպաստել, որ ինչ-որ ընդհանուր պատկերացումներ, իրոք, ձեւավորվեն, ինչն իսկապես ավելի լավ է, քան առճակատումը եւ կարող է մեղմել մթնոլորտը, իրացնելով նաեւ Րաֆֆուն տրված քվեները : Սա պետք է երեւա արդեն Րաֆֆու պատասխանից, իսկ Հայաստանում առկա անցյալ փորձը ցույց է տվել` առճակատումը կամաց-կամաց բերում է ի վերջո ընտրողների քվեի փոշիացմանը եւ ոչնչի:

Սակայն այս բոլորն այնքան էլ անամպ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Երկխոսություն լինի, թե ոչ, պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե ոչ, դրանք կարող են առարկայական լինել մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները: Քանի որ նախագահի եւ նրա գլխավորած ուժի հետ երկխոսելու կամ մրցակցելու այլ հայտ ներկայացնող եւս կա, որի մասին ոչ նախագահը, ոչ Րաֆֆին որեւէ բան, ճիշտ է, չեն ասում, բայց դա տեղի է ունենալու շատ մոտիկ ժամանակի մեջ` ավագանու ընտրություններին, եւ այդ հայտը ներկայացնողը ԲՀԿ-ն է: Ինչու չէ` նաեւ ավագանու ընտրություններին մասնակից մյուս կուսակցությունները: Ու հնարավոր է` ավագանու ընտրություններից հետո քաղաքական քարտեզը վերստին փոփոխությունների ենթարկվի, ու դրանից հետո միայն կարելի կլինի խոսել առկա իրողությունների մասին:

Այն հանգամանքը, որ չնայած հետընտրական պահանջներին` Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակիցները մասնակցելու են քաղաքային ավագանու ընտրություններին, հենց նշանակում է մայիսի 5-ի ընտրությունների` քաղաքական մեծ նշանակության մասին: Թեեւ իշխող` ՀՀԿ կուսակցությունը համարում է, որ քաղաքային ավագանի եւ քաղաքապետ է ընտրվելու ընդամենը, սակայն բոլորին պարզ է, որ դա այդպես չէ, եւ Երեւանի ավագանու ընտրությունները նոր սրբագրումներ են անելու քաղաքական պատկերում: Եթե ԲՀԿ-ն հետ էր քաշվել նախագահական ընտրություններին ու ողջ ներուժը զսպել, այժմ ի գործ է դնելու` քանի որ խնդիր ունի ապացուցելու, թե իր վարկանիշը բոլորովին էլ չի ընկել նախագահական ընտրություններին չմասնակցելով եւ չի պատրաստվում իր ընտրազանգվածը զիջելու որեւէ մեկին: ԲՀԿ-ն, այդպիսով, խանգարելու է ե՛ւ րաֆֆիականներին, ե՛ւ մյուս ընդդիմադիրներին, ե՛ւ ՀՀԿ-ին` ընտրողին էլ շեղելով կենտրոնանալ եւ կրկնել խորհրդարանական ընտրությունների սխրանքը: Եվ մնում է հասկանալ, արդյոք ընտրություններից հետո այս անգամ Վարդան Օսկանյա՞նն է հացադուլ անելու:

Հիմա վերադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին: Միգուցե նախագահ Սարգսյանն, իսկապես, նրա առաջարկների վրա մտմտա. իսկապես այդքան երկար տարիներ պաշտոնավարող (նրանց մի մասն առնվազն) մարզպետներն ո՞ւմ են պետք, որոնց մի մասը տեղերում ստեղծել է Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտը»: Միգուցե նոր մարդկա՞նց հնարավորություն տրվի թարմ կառավարում իրականացնելու մարզերում` կասեցնելով արդեն մարդու գլխից բարձր դժգոհությունն ու արտագաղթը, ի վերջո մարզպետները հո այդ պաշտոններն իրենց հոր տնից չեն բերել: Միգուցե Րաֆֆին դառնա միջնորդ առավել լայն շերտերից` այլ կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կադրեր մատուցելով թարմացնելու երկրի կառավարման մասնագետների բանկը: Մաքսային եւ հարկային ծառայությունները ղեկավարներին, ի վերջո, կարելի էր փոխել, թեեւ այս դեպքում հավատացած ենք, որ առավելի ճիշտ է բյուջե լցնող այս գերատեսչությունների ղեկավարներին տնտեսական կուրս իրականացնող գործադիրի ղեկավարը (նախագահը) նշանակի: Իսկ վերահսկողությունն, այո, կարել է փոխանցել, ինչպես, ի դեպ, եւ կրթությունը, մշակույթը եւ այլն: Միգուցե` նաեւ դատախազությունը, որպես զսպող եւ հակակշռող օղակ: Սակայն ոչ երբեք երկրի ուժային կառույցները, անվտանգությունը եւ արտաքին գերատեսչութունը, որոնք սահմանադրությամբ եւ բուն իմաստով էլ երկրի, պետության եւ նրա նախագահի անձնագիրն են:

Եվ պետք չէ այս բոլորը դիտարկել ընդդիմությանը զիջելու համատեքստում` այլ միայն հասարկության լայն կոնսոլիդացիայի, ինչպես նաեւ` արդյունավետ կառավարման: Ի վերջո` ո՞վ է ասել, որ միայն ՀՀԿ-ականները պետք է կառավարեն, կամ նախագահը միայն ՀՀԿ-ականների նախագահն է (հենց նախագահ Սարգսյանը նշեց, որ ինքը ե՛ւ իրեն ընտրողների, ե՛ւ չընտրողների նախագահն է): Եվ պետք չէ այստեղ հիշել հայտնի քաղաքագիտական կանոնները, որոնք մեծ եւ տնտեսապես կայացած երկրների համար են, երբ մի իշխող ուժին եւ նրա իրականացրած քաղաքականությանը փոխարինում է մյուսը: Մեր դեպքում` էքստրեմալ կառավարում է պետք, որ կկասեցնի արտագաղթը, ռեսուրսների փոշիացումը կկանգնեցնի, երկիրը կփրկի կողոպտվելուց եւ դատարկվող կաթսա դառնալուց, ապահովելով նաեւ համերաշխության մթնոլորտ եւ գոնե մի փոքր արդարություն: Այլապես` մեր կյանքում առկա կեղծիքը, թատրոնը, հովանավորչությունը ելել ու խեղդում են մեզ, նրանք ամեն տեղ են, եւ չի կարելի այս ամենին նայել ու անվրդով դեմքով ժողովրդավարական ուղի բռնելու մասին խոսել: Ավելի շատ` մեր երկրում պարտոկրատիա է, որը հաղթահարելու առիթ կարող են դառնալ Րաֆֆու առաջարկները:

Մի հետաքրքրական ինտերմեդիա. Պարույր Հայրիկյանը, որի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, ու հնարավոր է, որ ընդունի արտերկրից բուժման հրավերները, ֆեյսբուքի իր էջում, մինչեւ նախագահ Սարգսյանի պատասխանը Րաֆֆուն, անդրադարձել էր վերջինիս առաջարկներին` Ր. Հովհաննիսյանի եւ Ս. Սարգսյանի երկխոսությունն ամեն ինչից վեր դասելու կեցվածքը բնականոն համարելով, քանի որ հայ ժողովրդին սպառնացող մարտահրավերներն, իր խոսքով, աննախադեպ են: Եվ իր կողմից հայտարարում է, որ պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ինչպես ասում են` Պարույրը կտրեց Րաֆֆուն ու Սերժին:

Ի՞նչ է դուրս գալիս: Փաստորեն Րաֆֆին նախագահի առաջարկած երրորդ տարբերակն ընտրեց` ներգրավվել իշխանության մեջ եւ համատեղ ջանքերով լուծել խնդիրները, ինչպես էլ ձեւակերպի իր առաջարկները Ր. Հովհաննիսյանը, սա փաստ է: Ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա` եթե դա օգնելու է երկրին ու առկա մթնոլորտի հաղթահարմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ