ՕՍԿԱՐԱԿԻՐ ԹԵՐԵՆՍ ՋՈՐՋԸ ԵՎ «ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երեկ հյուրընկալել էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ եւ ռեժիսոր Թերենս Ջորջին ու ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանին: Նրանք Հայաստանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում: «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, դրա ճանաչմանը, կորցրած տարածքների եւ վնասների հատուցմանը, նշեց. «Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ոչ թե ճանաչում պետք է պահանջենք, այլ փորձենք ստանալ արդարություն: Ժամանակն է դառնալ պահանջատեր»,- եւ ավելացրեց, որ մեծամաշտաբ միջոցառումների միջոցով պետք է աշխարհի ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ցեղասպանության ճանաչմանը: Ըստ նրա, աշխարհին մեր պատգամը փոխանցելու համար նախ պետք է պայքարել եւ պահանջել արդարություն, իսկ դա իրականացնելու լավագույն նախապայմանը մեկ ընդհանուր գաղափար ունենալն է: Հարութ Սասունյանն ընդգծում է, որ թուրքական կառավարությունը լրջորեն հետեւում է Հայաստանի կատարած յուրաքանչյուր քայլին: Նրա կարծիքով, անհրաժեշտ է ընդօրինակել հրեաներին` սերնդեսերունդ փոխանցել ազգային պահանջատիրության գաղափարը: Հայաստան այցն Թերենս Ջորջի համար մեծ նշանակություն ունի. «Երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորվում են հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով»,- նշեց իռլանդացի Թերենս Ջորջը, որի նախնիները եւս ապրել են ցեղասպանություն: Օսկարակիր սցենարիստը կոչ արեց երիտասարդներինՙ ասելով. «Պետք է յուրաքանչյուրդ ներկայացնեք սեփական պատմությունը` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապեսՙ համացանցն ու արվեստը»: Հանդիպման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրերին պարգեւատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող շքամեդալով, հյուրերը շրջեցին համալսարանում, եղան բուհի թանգարանում: |