ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ԴՌՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՆԵԼԼԻ ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Ռումինիայի հայկական համայնքը հարյուրավոր տարիների հարուստ պատմություն ունի: Դարեր շարունակ հայերն այստեղ ապրել եւ ծավալել են մշակութային խոշոր գործունեություն: Դրա մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ Ռումինիայի ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական եկեղեցիներն ու վանքերը: Հեռանալով պատմական հայրենիքից` հայերն իրենց հետ Ռումինիա են բերել հայ արվեստի բազմաթիվ նմուշներ` նկարազարդ ձեռագրեր, արծաթե իրեր, սրբապատկերներ, գորգեր, եկեղեցական հանդերձանքի նմուշներ: Հաստատվելով օտար հողի վրա` տեղում հիմնել են արվեստանոցներՙ պահպանելով դարերից եկող ավանդույթները, ինչպես նաեւ փոխառել նոր միջավայրի մշակութային առանձնահատկությունները: Հայ արվեստի գանձերն այնքան շատ են եղել Ռումինիայում, որ 1930 թվականին նշանավոր հայագետ Հակոբ Սիրունին Բուխարեստում կազմակերպել է Հայ արվեստին նվիրված մեծ ցուցահանդես, որին ներկա է եղել անգամ Ռումինիայի թագավորը: Այս հարցում Սիրունուն մեծ օգնություն է ցուցաբերել ռումինացի խոշոր գիտնական Նիկոլայ Յորգան, որը նաեւ զբաղվել է Ռումինիայի հայկական համայնքի պատմության ուսումնասիրությամբ: 20-րդ դարում քաղաքական ցնցումների պատճառով մեծ թվով հայեր հեռացան երկրից: Այժմ Ռումինիան ունի փոքրաթիվ հայկական համայնք, որը մեծ մասամբ հայախոս չէ: Նման իրավիճակում չափազանց կարեւոր է ուսումասիրել ու փրկել այն, ինչ դարեր շարունակ ստեղծել են հայերն այդ հողի վրա: Այս ամենը քաջ գիտակցելով` Տաթեւ եպս. Հակոբյանը, ստանձնելով Ռումինահայոց թեմի առաջնորդությունը, նվիրվել է այս տարածաշրջանում հայկական դարավոր ժառանգության պահպանման ազգանվեր գործին: Իր հոգածության տակ առնելով Ռումինիայի զանազան հայկական եկեղեցիներում պահվող եկեղեցական եւ աշխարհիկ արվեստի գործերի ողջ հավաքածուն` նա ձեռնամուխ է եղել դրանց ուսումնասիրության եւ պահպանման գործի կազմակերպմանը: Նմուշների մի մասը այս նպատակով Բուխարեստի հայկական եկեղեցու թանգարան է բերվել: Այժմ թանգարանում պահվում են մեծ թվով արծաթե իրեր, եկեղեցական հագուստներ, գորգեր, ձեռագրեր, գեղանկարչական աշխատանքներ, փայտարվեստի նմուշներ, որոնք մասնագիտական լուրջ հետազոտության կարիք ունեն: Այդ պատճառով Տաթեւ եպս. Հակոբյանը եւ ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը համաձայնության են եկել կազմակերպելու Ռումինիայի հայկական եկեղեցու գանձերի ուսումնասիրությունը: Այս հայրենանվեր գործին սիրով եւ մեծ պատրաստակամությամբ օժանդակեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար պարոն Արսեն Քարամյանըՙ հոգալով Ռումինիա մեկնող առաջին մասնագետների ճանապարհածախսը: Համագործակցության սկիզբը դրվեց 2012 թվականի աշնանը. Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի երիտասարդ դասախոսներ Նելլի Սմբատյանը եւ Մարիամ Վարդանյանը մեկնեցին Բուխարեստ` տեղի հայկական Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու Տուտյան թանգարանում աշխատելու համար: Նելլի Սմբատյանը զբաղվում է հայկական եկեղեցական հագուստի, իսկ Մարիամ Վարդանյանըՙ հայկական արծաթագործության ուսումնասիրությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսվում է հրատարակել կատալոգ, որտեղ կներկայացվեն Բուխարեստում պահվող գանձերը: Հուսով ենք, որ այս այցելությունները կշարունակվեն, եւ պարբերաբար Բուխարեստ կմեկնեն տարբեր ոլորտների մասնագետներՙ ուսումնասիրելու հայկական գեղարվեստական հսկայական ժառանգությունը: |