ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ` ԻՆՏԵՐՆԵՏԸ ՍՊԱՆԵՑ ԿԵՆԴԱՆԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մ. Խ. Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր, երեկ գրեց եւ ուղարկեց Սերժ Սարգսյանի հերթական նամակի հերթական պատասխանը: Դրական գնահատելով նախագահի կողմից ուղղակի գրությամբ պատասխանելը իր համալիր առաջարկին եւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելով որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ` Րաֆֆին այդուհանդերձ առաջխաղացում է համարում, որ նախագահը պատրաստ է բանակցությունների հիմք ընդունել իր ներկայացրած փաստաթուղթը. «Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում... Եթե ինչ-որ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին», գրում է Հովհաննիսյանը` միաժամանակ տեղեկացնելով նախագահին, թե իր առողջությամբ մտահոգվելու հարկ չկա, ինքը միանգամայն առողջ է. «Կազդուրման կարիք չունեմ, եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական նոր Հայաստանի»: Ազատության հրապարակում երեկ ասուլիսած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որոշ հստակություն մտցրեց Ր. Հովհաննիսյանի առաջարկների առումով` թե երկխոսության ընթացքում փոխզիջում հնարավոր է, որոշ հարցեր կարող են ավելանալ, որոշները` նվազել, քննարկման թեմայի հումքի հղկումը, փոխզիջումը բանական են: Մանավանդ` Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն իր ներսում ճշտել է այն նշաձողը, որից այն կողմ երկխոսության ընթացքում չեն գնալու: Իսկ թե ինչու վարչապետի հրաժարական չեն պահանջում Րաֆֆի կողմնակիցները, այլՙ մարզպետների եւ նախարարների, Ռ. Հակոբյանը պատասխանեց` բաղդատելով, թե քաղաքական ուժեր կան, որ օրը 25 անգամ վարչապետի հրաժարական են պահանջում, բայց ոչ նախագահի, պետք չէ ֆիքսվել անձերի վրա, իրենցը համակարգային մոտեցում է, ու ամեն ինչ պարզ դեմագոգիայի վերածել պետք չէ: |